Մարտի 29, 2024

Խաղաղության օրակարգը անվտանգությունը երաշխավորելու օրակարգ է

By Անի Աբաղյան Ապրիլի 29, 2022

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների պաշտոնատար անձինք: ՀՀ վարչապետը խորհրդակցության ընթացքում նշել է, որ խաղաղության օրակարգը պարտության օրակարգ չէ, այլ պատերազմի արհավիրքը հաղթահարելու և ապագան երաշխավորելու օրակարգ: Քննարկվել են նաև սոցիալ տնտեսական հարցեր:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը՝ իր խոսքում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կարևոր եմ համարում և բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարություն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգը: Եվ ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է»:  

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում, քաղաքական առումով, ձևավորված է միասնական մթնոլորտ։ Արցախահայությունը ողջունում և ընդունում է խաղաղության օրակարգը։ 

«Ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է, որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Դա մենք բոլորս հասկանում ենք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  սոցիալ-տնտեսական ոլորտում կատարվելիք աշխատանքներին՝ նշելով, որ դա նույնպես առանցքային դեր է կատարում, և իշխանությունները պետք է անեն հնարավորը, որ Արցախի և Հայաստանի բնակիչները ապագա տեսնեն այստեղ:

«Մեր համատեղ աշխատանքի հսկայական հատվածը վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին: Եվ սա առանցքային է, որովհետև  սկզբունքային է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում մարդիկ ապրեն, իրենց զգան անվտանգ և ապագա տեսնեն Արցախում ապրելով: Իհարկե, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, Հայաստանի Հանրապետության մասին է, և ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում: Սա շատ կարևոր է»: 

Խաղաղության գինը Արցախում լավ գիտեն, երևի ավելի լավ, քան աշխարհի որևէ այլ կետում:  Այսօր  ամենակարևորն անվտանգային բաղադրիչն է: Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում արդեն ռուս խաղաղապահների, իհարկե, անմիջապես միջնորդությամբ կարծես թե կայունացել է, և այսօր հիմք և հնարավորություն է տալիս արդեն քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը՝ ասել է Արայիկ Հարությունյանը։ 

«Իսկ, ամենակարևորը, սոցիալ-տնտեսականն է այս փուլում. եթե չլինի մարդ Արցախում, ապա անիմաստ են դառնում քաղաքական պայքարը և նաև անվտանգության մասին խոսելը»:

«ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից դառնում են կարևոր, և այն ծրագրերը, որոնց սկիզբ են դրվել պատերազմից հետո, շարունակվում են: Մեր գլխավոր նպատակը, գլխավոր խնդիրն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են»,- ասել է նախագահը: Հանդիպման մասին որոշ մանրամասներ է հայտնել  նաև պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է, որ, հաշվի առնելով Արցախում առկա բնակարանային հրատապ կարիքները, պայմանավորվածություն է  ձեռք բերվել այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունից լրացուցիչ 20 միլիարդ դրամ  հատկացնելու  Արցախի բնակարանաշինական ծրագրերին:

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ