Մարտի 28, 2024

ԱԺ արտահերթ նիստ՝ ԱՀ նախագահի նախաձեռնությամբ

By Սրբուհի Վանյան Մայիսի 20, 2022

Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ  Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Նիստի միակ հարցին՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին Ազգային ժողովը միաձայն է քվեարկել»։

Հիմնական զեկուցողն Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանն էր։ 

«ԱՀ կառավարությունը 2022 թվականին նպատակ է դրել վերանայելու պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը պետական բյուջե և հետագայում ըստ անհրաժեշտության այդ գումարների բաշխումը պետական բյուջեից։ ԱԺ քննարկմանն է ներկայացվել 16 օրենքներում փոփոխության նախագծեր։ Այդ կարգավորումները վերաբերում են 5 պետական կառավարման մարմինների։ Միաժամանակ սահմանվում է, որ այդ հաշիվներում առկա և հավաքագրվող դրամական միջոցները կուղղվեն պետական բյուջե՝ ապահովելով դրանց հետագա բաշխումն ըստ անհրաժեշտության և հիմնավորումների»։

 Փոփոխությունները նախատեսվում է կիրառման մեջ դնել հունիսի մեկից։ Վահրամ Բաղդասարյանի պարզաբանմամբ՝ այդ հաշիվների մնացորդի ընդհանուր գումարը կազմում է 273 մլն 474 հազ․ դրամ։   Հաստատված ընդհանուր պլանով այդ նախահաշիվների ընդհարական մուտքերը նախատեսված է 725 մլն 804 հազ․ դրամ։ Օրինագծերի փաթեթը  նման հրատապ ձևով ԱԺ նիստ բերելը Վահրամ Բաղդասարյանը հետևյալ կերպ է մեկնաբանել․ 

«Հունիսի 1-ից  նախատեսվում է այս օրենքների փոփոխությունները գործողության մեջ դնել։ Հրատապությունը պայմանավորված է որոշ տեխնիկական հանգամանքներով։ Բացի այդ, յուրաքանչյուր տարի Արցախի ու ՀՀ միջև միջպետական վարկի վերաբերյալ պայմանագիր է կնքվում։ Այս տարի, քննարկումների արդյունքում մենք նաև ամրագրել ենք այդ դրույթը, որ ընդհանուր բյուջետային մուտքերի ու ելքերի պարզեցված հաշվառման նպատակով անհրաժեշտ է հրաժարվել արտաբուջետային հաշիվների  գաղափարից»։ 

 Օրինագծերի փաթեթը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում, ստացել դրական եզրակացություն։ Օրինափաթեթն ընդունվել է միաձայն։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ