Ապրիլի 25, 2024

Ժողովրդագրությունը՝ անվտանգային գործոն

By Սրբուհի Վանյան Մայիսի 23, 2022

Արցախի առջև ծառացած մարտահրավերների շարքում hանրապետության ղեկավարը ժողովրդագրությունը համարում է  առաջնային՝ անվտանգայինից ու քաղաքականից հետո: Նա կարևոր ու  խորհրդանշական է համարում համաժողովի՝ հենց Արցախում անցկացման փաստը։ 

«Հազարամյակներով մեր ամենամեծ խնդիրը  ժողովրդագրությունն է եղել․ մի քանի հազարամյակի պատմություն ունեցող ժողովրդին հարիր չէ նման ժողովրդագրական ցուցանիշ ունենալ։ Իհարկե, դրա համար կան սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ։ Մեր սերնդի առաքելությունը կայանում է նրանում, որ ոչ միայն ապրենք այս հողում, այլև ստեղծենք բոլոր նախադրյալները, որ դրսի մեր հայրենակիցները ցանկանան գալ և ապրել այստեղ։ Դա պետք է անենք համատեղ ուժերով»։                                         

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել ֆորումի ընթացքում կազմակերպված թեմատիկ քննարկումները՝ նշելով, որ նման նախաձեռնություններն ավելի կենսունակ են դարձնում ապագայի հանդեպ արցախահայության ունեցած տեսլականն ու մոտեցումները: Հանրապետության ղեկավարն անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առկա խնդիրներին ու դրանց հաղթահարմանն ուղղված աշխատանքներին: Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներին և, հատկապես, բարերար Ռուբեն Վարդանյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և տարբեր ծրագրերով աջակցելու համար: Միջոցառման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Հայաստանի և հայկական աշխարհի ապագայի շուրջ քննարկումները հնարավոր չեն առանց Արցախի ապագայի շուրջ քննարկման: Համաժողովի փակման արարողությանը հնչած իր ելույթում նա ասել է, որ պարտությունը պատերազմում չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է, և պետք է հուսալքվել․ այսօր Արցախում ապրում են և պետք է կանգնել այստեղ ապրողների կողքին:  Արցախի խնդիրները հայության խնդիրն են և անտարբեր լինել չի կարելի։

«Այս էջը փակված չէ․ ապրելու ենք Արցախում, տներ ենք կառուցելու, արարելու ենք։ Այսօր էլ Արցախում ապրում են, մարդիկ իրենց ու իրենց զավակների ապագան տեսնում են այստեղ։ Դա կարևոր է ոչ միայն արցախցու, այլև մեր բոլորիս համար։ Դուք ուժ եք, ամբողջ հայ ազգի  և  «Ապագա հայկականը» հասկանալով պատասխանատվությունն ու պարտականությունը,  համատեղ ուժերով փորձելու է նպաստել ճգնաժամի հաղթահարմանը։  Արցախը մեր կարևոր սյունն է և ոչ թե նրա համար, որ այստեղ պատերազմ է եղել, այլ որ այստեղ պահպանվել են հոգին, ազգային արժեքները, և հաջողություններ ենք գրանցել»։

 Համաժողովի ընթացքում քննարկվեցին քայլեր, որոնք հնարավորություն կտան դադարեցնել Արցախից բնակչության հոսքը,  այն շրջել հակառակ ուղղությամբ՝ վերածելով  ներգաղթի,  խթանելով բնակչության աճը: Նման քննարկումների արդյունքում կազմակերպիչները հույս ունեն մշակել ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ գործողությունների ծրագիր, ապա ընդունված առաջարկները ներկայացնել պատկան մարմիններին, գործարար շրջանակներին, հայկական կազմակերպություններին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, համատեղ ջանքերով այն իրականություն դարձնելու համար։ Արցախը մենակ չէ, մենք բոլորս Արցախցիների կողքին ենք, և դրա վկայությունը նման նախաձեռնությունների՝ այստեղ անցկացումն է, և այն պլանները, որ կապում ենք Արցախի հետ, ասում է «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրեն Արման Ջիլավյանը։ Եվ պատահական չէ, որ «Ապագա հայկականը» արցախյան ֆորումը ժողովրդագրությունից է սկսում․ 

«Ժողովրդագրությունն անվտանգության հետ ուղիղ կապված հարց է, չի լինի շրջանցել։ Լուծումներ են պետք։ Հնարավոր է կազմակերպել օգտակար, կառուցողական պրոֆեսիոնալ քննարկումներ, լսել հանրության տարբեր շերտերին ընդհանուր հայտարարի բերել լավագույն գաղափարներն ու ծրագրերը»։

 Նաև ժողովրդագրության մեջ պարտությունն է  բերել  պարտության։ Բայց պարտությունից խոսելն այլևս անիմաստ է, պիտի գործել, որպեսզի այս կարևոր նախաձեռնությունն ընդամենը որպես հերթական միջոցառում չարձանագրենք։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը հույս ունի, որ գործնական քայլերը և դրանց արդյունքը չեն ուշանա։ 

«Պետք է հետամուտ լինենք այստեղ հնչած մտքերի, գաղափարների իրագործմանը։ Հուսով եմ՝ այս ամենը չի մնա որպես զուտ միջոցառում, այլ շարունակություն կունենա»։ 

Ժողովրդագրությունը համակարգված աշխատանք է պահանջում, այն միայն սոցիալական ոլորտի խնդիրը չէ՝ ասում է պատերազմից հետո Արցախում Սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մանե Թանդիլյանը։ 

«Կա մի բան, որը չենք արել, և որը պատճառ է դարձել ժողովրդագրության մեջ պարտության։  Համակարգային մոտեցում չի ցուցաբերվել։  Ժողովրդագրությունը միայն  սոցիալական ոլորտի խնդիրը չէ։  Բոլորը պետք է ներգրավված լինեն դրա մեջ։» 

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանն էլ այն կարծիքին է, որ անելիքներից խոսելու և գործելու ժամանակն է․ 

«Ստեղծվել է մասնագիտական խումբ, որը ուսումնասիրություններ,  նախնական աշխատանքներ է կատարում։ Նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են, և նախադրյալներ են ստեղծելու հետագա աշխատանքների համար»։

 «Ապագա հայկականը» Արցախյան ֆորումը ժողովրդագրության խթանմանն ուղղված գործընթացի սկիզբն է ընդամենը․ ամիսներ են պետք լինելու, որպեսզի այդ ամենն ընդհանուր հայտարարի բերվի և կոնկրետացվեն գաղափարները մեկ ընդհանուր ծրագրի մեջ։ Նախաձեռնողները խոստանում են հետամուտ լինել մեծ նպատակի իրագործման համար անհրաժեշտ բոլոր փոքր քայլերի իրագործմանը: 

Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 23 Մայիսի 2022 14:21
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ