Ապրիլի 24, 2024

Արևմուտքը պատերազմում է սովի չմատնվելու համար

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 16, 2022

 Ցորենի համաշխարհային պաշարների 12 տոկոսն արտահանում է Ուկրաինան, նաև եգիպտացորենի 15 տոկոսն ու արևածաղկի ձեթի 50 տոկոսը։    2018 թ․ մինչև 2021 թ․ հոկտեմբերի 1-ը Ուկրաինան արտահանել է ավելի քան 180 մլն տոննա եգիպտացորեն, ցորեն և գարի։ Ուկրաինային է բաժին ընկնում նաև լոբազգիների  համաշխարհային շուկայի  պատկառելի մասը։  ՄԱԿ-ը ահազանգում է՝ Ուկրաինայում ճգնաժամը կարող է սովի մատնել 47 միլիոն մարդու։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի շատ երկրներում զանգվածային սովը և թերսնուցումը կարող է երկարաձգվել մի քանի տարի: Մինչ պատերազմը ուկրաինական նավահանգիստներով ամսական արտահանվել է 4,5 միլիոն տոննա գյուղմթերք։ Այժմ Ուկրաինան կորցրել է ծովային սահմանի գրեթե ամբողջ մասը։  Այժմ  մատակարարումները կարող են իրականացվել միայն   ցամաքային ուղիներով, ինչն այնքան էլ  արդյունավետ չէ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր  Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ սովն այլևս ոչ թե սպառնալիք, այլ իրականություն է աշխարհում, և սրա պատճառը միայն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները չեն։ 

«Պարենային ճգնաժամ իրականում կա աշխարհում, սովն արդեն վրա է հասել։ Սովը վրա է հասել հենց արևմուտքի պատճառով, որովհետև արևնուտքն ինքն իրեն ցանկապատել է արտաքին աշխարհից, զարգացող երկրներից։ Հազարավոր տոննաներով ոչնչացնում են սննունդը, բայց այդ սննդից ոչ մի մաս բաժին չի հասնում զարգացող երկրներին»։

 Գնիջեցման չհանգելու համար արևմտյան երկրները ոչնչացնում են իրենց պարենային պաշարները, բայց, ըստ երևույթին, կռիվ են տալիս ուկրաինական շտեմարանների համար՝ ասում է զրուցակիցս, նաև համոզմունք հայտնում՝ աշխարհին վրա հասած սովը կարելի է հաղթահարել կամ առնվազն կանխել միայն այն դեպքում, երբ արևմուտքը անկեղծ գտնվի։ Արևմուտքը պետք է   մարդկային շահերը բարձր գնահատի քաղաքական շահերից, այնինչ  իրավիճակն այդքան էլ այդպես չէ։ 

«Եթե արևմուտքը շատ անկեղծ է, պետք է փորձի խաղաղություն  բերել Ուկրաինային և փորձի օգտակար լինել Ուկրաինայի ժողովրդին բանակցություններով։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայի և մի շարք այլ պետությունների քաղաքական ռեժիմը արդարության քողի տակ անձնական կամ սուբյեկտիվ հարցեր է փորձում լուծել»։

 Այն երկրները, որոնք մտահոգ դեմքի արտահայտությամբ խոսում են Ուկրաինայի պատերազմի կամ հնարավոր սովի մասին լուռ էին, երբ Արցախի    պարենի շտեմարաններն անցան Ադրբեջանին՝ ասում է զրուցակիցս։ 

«Արևմտյան երկրների շահերը բոլորովին այլ են։ Երբ տեղի է ունենում ֆինանսական ճգնաժամ, փակվում են բորսաները, ընդհամենը 1-2 օր է անհրաժեշտ լինում, որպեսզի այդ վիթխարի մեխանիզմը նորից կարգի բերեն, ի՞նչ է, այդ երկրները չե՞ն կարող համաձայնության գալ կամ ուղղակի անկեղծ լինել իրենց խոսքում, որպեսզի կարողանան ապահովել խաղաղություն և բարեկեցություն մարդկանց համար»։

 Այն, որ սովը շրջում է  աշխարհում, վիճարկելի չէ՝ ասում է Թաթուլ Մանասերյանը։ Բայց թե ինչ մասշտաբների   կհասնի այն և երբ    կավարտվի,  ոչ ոք չի կարող ասել։ Տվյալների շտեմարանում սովի մասին տեղեկություններ գտնել չենք կարող, որովհետև դրանք  կամ չեն հրապարակվում, կամ էլ քողարկված են հրապարակվում՝ ասում է տնտեսագետը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ