Ապրիլի 18, 2024

Թեհրանն ու Բրյուսելը՝ միաժամանակ Բաքվում ու Երևանում

By Նանե Պետրոսյան Հուլիսի 16, 2022

Իրանը Ադրբեջանի հետ համապարփակ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության որեւէ սահմանափակում չունի․Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Նա ընդգծել է Իրանի հաստատակամությունը՝ պայքարելու այն դերակատարների դեմ, որոնք փորձում են քանդել երկու երկրների հարաբերությունները։ «Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ տարրեր բաժանեն երկու երկրները»։ Իլհամ Ալիևն էլ նշել է, որ Արցախյան պատերազմից հետո լավ պայմաններ են ստեղծվել տրանզիտի, առևտրի և էներգետիկ բնագավառներում համագործակցության համար։ Ի՞նչ բաժանող տարրերի մասին է ակնարկում Ալի Շամխանին։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Իրանը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին, որ անհանգստացած է այդ երկրի տարածքում իսրայելական և ահաբեկչական տարրերի հնարավոր ներկայությամբ։ 

«Ակնհայտ է, որ փաստացի Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքն արտահայտող Քեյհան օրաթերթը շատ լուրջ և կոշտ հոդվածով էր հանդես եկել, միտված նրան, որ իսրայելական կողմը փորձում է Ադրբեջանը պլացդարմ դարձնել հակաիրանական գործողությունների համար։ Այս փորձը հաջողությամբ է պսակվել, և Ադրբեջանը թե իսրայելական, թե թուրքական կողմի և թե նաև մերձավորարևելքյան ծայրահեղական ահաբեկիչների համար դարձել է հակաիրանական գործողությունների պլացդարմ։ Ուստի՝ ակնհայտ է, որ իրանական կողմն իր մտահոգություններն ուղղակիորեն հայտնում է Բաքվին»։ 

Մինչ Ադրբեջան այցելությունը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով Ալի Շամխանին այցելել էր Երևան։ ԱԽ քարտուղարը ներկայացրել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Իրանագետի դիտարկմամբ՝ դա ուղերձ էր Բաքվի բռնապետին, որը տարածքային հավակնություններ ունի Հայաստանից։ 

«Մասնավորապես, խոսքը «Զանգեզուրյան միջանցքի» մասին է։ Իրանական կողմը Երևանում հստակորեն կրկին ընդգծեց իր համար կարմիր գիծ հանդիսացող այս հանգամանքը։ Մյուս կողմից՝ Բաքվում փաստացի զգուշացումը, որը հնչեց Իլհամ Ալիևի վարչախմբին, ցույց է տալիս՝ ինչ դիրքորոշում ունի Իրանը։ Իրանցիները բոլոր պարագաներում աշխատելու են թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ, քանի իրենց տարածաշրջանային գերտերություն են համարում»

 Միաժամանակ Բաքվում էր նաև Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նախօրեին նրան Երևանում ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ապա Կլաարը հանդիպել էր նաև վարչապետ Փաշինյանի հետ։ Տոյվո Կլաարը գրառում էր կատարել Թվիթերում․ արդյունավետ էր գնահատել Փաշինյանի հետ հանդիպումը և նշել, որ փոխվարչապետի հետ քննարկել են ապաշրջափակման և սահմանային հանձնաժողովների աշխատանքը։ Դարձյալ թվիթերյան գրառումով Կլաարն ամփոփել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը՝ նշելով, որ ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ որոշմանը, որով Թբիլիսիում հանդիպելու են երկու երկրների ԱԳ նախարարները։ Իլհամ Ալիևը՝ իբրև հանդիպման արդյունք, հույս էր հայտնել, որ հայկական կողմը ևս կձևավորի աշխատանքային խումբ՝ խաղաղության պայմանագիր պատրաստելու համար։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ չի բացառվում, որ այս հանդիպումը ևս սահմանափակվի միայն հայտարարություններով՝ առանց հետագա գործողությունների։ 

«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նման առաջարկություններ, պայմանավորվածություններ նախկինում արդեն եղել են։ Դեռևս նոյեմբերին, ապա Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլին, Շառլ Միշելի միջնորդությամբ նաև պայմանավորվածություններ եղան։ Այս հանդիպումն արդեն արտգործնախարարների մակարդակով հավանաբար նորից կվերահաստատի կողմերի պատրաստակամությունը խաղաղության պայմանագիր կնքելու և հարաբերությունները կարգավորելուվերաբերյալ, ինչն ամենևին չի նշանակում, որ դա անպայմանորեն բերելու է այդ պայմանագրի կնքմանը»։

 Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ Տոյվո Կլաարի «առաքելությունը» միտված է հայկական կողմից զիջումների հասնելուն և խաղաղության պայմանգրի կնքմանը։ Դա նրա ղեկավարած կառույցին հնարավորություն կտա Հարավային Կովկասում սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը։ Արցախի գոյությամբ այս պահին շահագրգռված է Ռուսաստանը, քանի որ դրանով է իմաստավորվում խաղաղապահ առաքելությունը Հարավային Կովկասում։ Հուլիսի 19-ին էլ Թեհրանում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպումը։ Ըստ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի՝ եթե Վաշինգտոնի, Մոսկվայի և Բրյուսելի շահերը աշխարհաքաղաքական առումով են Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա առանցքում, ապա Իրանի դեպքում դրանք ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տարածաշրջանային կենսական նշանակություն ունեն։ Փորձագետները փաստում են՝ միաբևեռ աշխարհ արդեն գոյություն չունի և տարածաշրջանային երկրները փորձելու են կարգավորել իրենց հարցերը համաշխարհային գերտերության հավակնություններ ունեցող Ռուսաստանի հետ։ Միաժամանակ, հավաքական Արևմուտքը փորձելու է ճշգրտել Իրանի մոտեցումները։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ