Ապրիլի 18, 2024

Ադրբեջանը հավակնում է տրանզիտային ճանապարհ դառնալուն

By Նանե Պետրոսյան Հուլիսի 19, 2022
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համաձայնագիր է ստորագրել ՝ մինչև 2027 թվականը բնական գազի ներմուծման ծավալները կրկնապատկելու մասին։ ԵՀ–ի նախագահը թվիթերում գրառում է արել․ «ԵՄ-ն անցնում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների։ Այսօր ես Ադրբեջանում եմ՝ նոր համաձայնություն ստորագրելու համար։ Մեր նպատակն է՝ մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիությանը մատակարարվող գազի ծավալները։ Ադրբեջանը լինելու է կարևոր գործընկեր՝ մեր մատակարարումների անվտանգության տեսանկյունից և կլիմայական չեզոքության մեր ճանապարհին»։ ԵՀ պաշտոնյաների գնահատմամբ՝ Ռուսաստանն էներգետիկ մատակարարումներն օգտագործում է որպես զենք, և Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառույցը մտադիր է նվազեցնել Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը։ Մոսկվան հերքում է, որ գազը որպես զենք է օգտագործում ԵՄ-ի դեմ, սակայն ռուսական մատակարարումները վերջին շաբաթների ընթացքում նվազել են ավելի քան 60 տոկոսով: Ադրբեջանը չունի գազի այնքան պաշար, որ կարողանա այլընտրանք դառնալ Եվրոպայի համար՝ փաստում են փորձագետները, արձանագրելով նաև, որ այդպիսով Ադրբեջանը անհաճո քայլ է անում Ռուսաստանի նկատմամբ։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան․ 
 
«Սա հակասում է Պուտինի և Ալիևի այս տարվա փետրվարին ստորագրված դաշնագրային հռչակագրի 25–րդ կետին, որտեղ նշված է, որ իրենց գործունեությունը չպետք է հակասի այլ պետությունների շահերին։ Տնտեսական գործունեության մասին է խոսքը։ Դրանից հետո, երբ Ալիևը հանդիպում ունեցավ ռուսական մի շարք լրատվամիջոցների հետ , այդ հարցը կրկին հնչեցվեց՝ արդյոք գազային գործարքների կգնան ԵՄ–ի հետ։ Նա շատ զգուշավոր էր խոսում՝ նշելով, որ դա պետք է արվի բացառապես ռուսական կողմի հետ համաձայնությամբ»։
 
 Թե ԵՀ–ի հետ համաձայնության գալով որքանով է Բաքուն հաշվի նստել Մոսկվայի ցանկությունների հետ, փորձագետը դժվարանում է պատասխանել, փոխարենը մեկ բան հստակ է․ անկախ կապույտ վառելիքի քանակից Ադրբեջանը փորձում է դառնալ տարնզիտային ճանապարհ հնարավոր մատակարար երկրների և Եվրոպայի միջև։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այդպիսով Ադրբեջանը միանում է Եվրոպայի քարոզչական պայքարին՝ ցույց տալով, որ ռուսական գազին այլընտրանք կա։ 
 
«ԵՄ–ի համար կարևոր քայլ է գազի մատակարարումը Ադրբեջանի կողմից 8–ից մինչև 20 մլրդ խմ հասցնելը։ Դա առավելագույն քանակությունն է, որն այս պահին տեսականորեն ԵՄ–ն կարող է ստանալ Ադրբեջանից , գործնականում սրան հասնելու համար պետք է գոյություն ունեցող գազամուղի արդիականացում իրականացնել»։ 
 
Մասնագետի խոսքով՝ Ռուսաստանի համար այս համաձայնագիրը մեծ վտանգներ չի պարունակում, Բրյուսել–Բաքու գազային համագործակցությունն իրապես վտանգավոր կդառնա, եթե Ադրբեջանը համաձայնության հասնի Թուրքմենստանի հետ գազատար կառուցելու և «Հարավային գազային միջանցքին» միանալու շուրջ ։ Ռուսաստանին լիարժեք այլընտրանք կարող է դառնալ Իրանը, որն այս պահին դեպի Եվրոպա գազամուղ չունի։ Ռուսաստանը մատակարարում է ԵՄ-ի բնական գազի 40 և նավթի 27 տոկոսը։ Դրա դիմաց ԵՄ-ն Ռուսաստանին վճարում է տարեկան 400 մլրդ եվրո։ Եվրոպան ադրբեջանական գազ է ստանում 2020-ի դեկտեմբերից՝ Տրանսադրիատիկ գազատարով (TAP), որը «Շահ-Դենիզ 2» հանքավայրից դեպի Եվրոպա գազ փոխադրող «Հարավային գազային միջանցքի» մաս է ։ Տրանսադրիատիկ գազատարի տարողունակությունը տարեկան 10 մլրդ խորանարդ մետր է՝ ծավալի կրկնապատկման հնարավորությամբ։ Չնայած TAP-ի միջոցով Եվրոպային մատակարարվող գազի ծավալները էական են, սակայն չեն կարող փոխարինել Ռուսաստանից ներկրվող 155 մլրդ խմ գազի ծավալները։ ԵՀ–ի հետ Ադրբեջանի կնքած գործարքը դեռևս իրական սպառնալիք չէ ռուսական գազին, ուստի կտրուկ գնահատականեր չեն լինի, սակայն ապագայում Ռուսաստանը հաշվի կառնի ադրբեջանի այս պահվածքը՝ կարծում է Տարոն Հովհաննիսյանը։ Չեմ կարծում, թե հայտարարությունների հռետորաբանության մակարդակով շատ կսրվի հարաբերությունները Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, բայց կարծում եմ Ռուսաստանում այս ամենը հաշվի առնում են և կառնեն, ապագայում դա կարող է ազդեցություն ունենալ միանշանակ Ադրբեջան–Ռուսաստան հարաբերությունների վրա։ Ուղղղակի այս պահին Ռ–ն չի ցանկանում և հնարավորություներն էլ այնպիսին չեն , որ շատ մեծ ռեսուրսներ կենտրոնացնի այս տարածաշրջանում։ Ինչպես բռնապետը դարձավ վստահելի գործընկեր՝ տարակուսում են եվրոպացի պաշտոնյաները՝ արձանագրելով, որ գազի որոնումները Եվրոպային տանում է մի դիկտատուրայից մյուսը՝ պուտինյան Ռուսաստանից ալիևյան Ադրբեջան։ ԵՄ–ն ժողովրդական արժեքներ կրող և դավանող կառույց է, սակայն երբ հերթը հասնում է տնտեսական գործարքներին, կառույցը աչք է փակում իր դավանած արժեքների վրա։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ