Ապրիլի 16, 2024

Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունն իր վարկանիշի անկումը կասեցնելու նպատակ ունի․ փորձագետ

By Աննա Նազարյան Հուլիսի 30, 2022

Հարեւանների դեմ պատերազմող, ծավալվելու մոլուցքով տարված Թուրքիան այս անգամ որոշել է պաշտոնական բողոքի նամակ հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին ու ԵՄ ղեկավարությանը՝ ընդդեմ Հունաստանի ։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն բողոքում է, թե Հունաստանում թուրքական փոքրամասնության դեմ գործողություններ են իրականացվում, մասնավորապես՝ փակվում են թուրքական դպրոցներ, ինչը Լոզանի պայմանագրի խախտում է։ Հունաստանի վարչապետը շտապել է արձագանքել մեղադրանքներին՝ դրանք անհիմն որակելով ու պարզաբանելով, որ փակվում են նվազագույն թվով աշակերտներ ունեցող դպրոցները։ Նշել է, որ շուրջ 3 տասնյակ հունական դպրոց է փակվել, դրա կողքին՝ ընդամենը 3-4 թուրքական, ինչը նշանակում է, որ անհիմն է Աթենքի դեմ հնչեցված մեղադրանքը։ Դա Հունաստանի դեմ Թուրքիայի ներկայացրած միակ մեղադրանքը չէ ։ Անկարայում դժգոհ են նաև Միջերկրական ծովում գտնվող հունական կղզիների ռազմականացումից, ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունից։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համոզված է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընթացք չի տա Անկարայի նամակին, հիշեցնում է, որ կառույցը մի քանի օր առաջ քննում էր թուրքական բանակի կողմից Իրաքյան Քուրդիստանի Դոհուկ քաղաքի հրթիռակոծությանը վերաբերող հարցը․ 

«Չեմ կարծում թե բողոքը կընդունեն, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվում է Իրաքյան Քուրդիստանում ռմբակոծության հարցը , ինչի հետեւանքով 9 մարդ զոհվեց։ Թուրքերը «Քրդական աշխատավորական կուսակցությանն» են մեղադրում, քրդերը՝ թուրքերին»։

 Թուրքիան անհաշտ է գրեթե բոլոր հարեւանների հետ․ ռմբակոծում է Իրաքի քրդաբնակ շրջանները, Հարավային Կովկասում Ադրբեջանի ձեռքերով ուզում է Հայաստանից տարածքներ պոկել, ներխուժում է Սիրիա ու դրան զուգահեռ խաղաղարար միջնորդի կեցվածքով կարգավորում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու հարցը, ձգտում է միջնորդության գրեթե բոլոր հակամարտություններում։ Թուրքագետը հորդորում է դիտարկել ոչ թե կոնկրետ քայլերն, այլ պատկերն ամբողջությամբ։ «Ուկրաինական հացահատիկը նավահանգիստներից դուրս բերելու հարցում Թուրքիան միջամտեց, քանի որ իրեն նույնպես պետք էր ցորեն, սակայն հիշեք նաև, որ ԱՄՆ-ն հրաժարվեց F-16 կործանիչներ մատակարարել Թուրքիային», - հիշեցնում է Չաքրյանը։ 

«Շուտով հնարավոր է վաղաժամկետ ընտրություններ լինեն։ Էրդողանին իր ընտրազանգվածը համարում է համաշխարհային առաջնորդ, բայց Թուրքիան ֆինանսական շատ ծանր դրության մեջ է, այդ երկրի պահուստային ֆոնդը կազմում է – 67 մլրդ դոլար, գանձարանում կոպեկ չկա, տնտեսությունը քայքայված է, արդյունաբերություն առանձնապես չունի»։

 Ըստ թուրքագետի՝ արտադրության համար Թուրքիան հումքը ներկրում է դրսից, սակայն ԱՄՀ եւ Եվրոպական բանկերը Անկարային վարկ չեն տրամադրում, ինչը նշանակում է, որ անգամ Բայրաքթարի մասեր հնարավոր չէ ներկրել՝ այն արտադրելու համար։ Այս պատկերը զգալի ազդել է Էրդողանի վարկանիշի վրա՝ 51%-ից իջեցնելով 30%–ի ։ Միաժամանակ բարձր է ընդդիմադիր թևի վարկանիշը ՝ 27-28%: Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունն իր վարկանիշի անկումը կասեցնելու նպատակ ունի՝ համոզված է Հակոբ Չաքրյանը։ 

«Թուրքիան ագրեսիվ գործողություններով ոչ մի տեղ չի հասնի։ Քանի ամիս է խոսում են Սիրիայում ռազմական գործողություններ ձեռնարկելու մասին՝ էսօր կմտնենք, վաղը կմտնենք, ասում են, երկու ամիս է, խոսում են։ Մտնելը կմտնի, դուրս գալն է խնդիր։ Գնում է Հյուսիսային Իրաքը ռմբակոծում է, Սիրիան ռմբակոծում է, քրդերի հենակետերը ռմբակոծում է, բայց արդյունքն ընդամենը զոհերն են»։

 Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը Թուրքիայի ագրեսիվ ու միաժամանակ խաղաղարար կեցվածքն այս պահին այդ երկրի ճիշտ դիրքավորմամբ է պայմանավորում, սակայն դա երկար չի կարող տեւել՝ ասում է․ Թուրքիան վատ հարաբերություններ ունի գրեթե բոլոր երկրների հետ։ 

«Չի բացառվում, որ Թուրքիան դառնա պատերազմող երկիր, բայց դա կլինի ռուս- ուկրաինական պատերազմի պես պատերազմ՝ մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից՝ այլ երկրներ։ Եթե թուրք-սիրիական պատերազմ, ապա մի կողմից Թուրքիան, մյուս կողմից՝ այլ երկրներ։ Այլ է Թեհրանի հարցում։ Իրանը Թուրքիայի համար բավականին վտանգավոր է, ու Անկարան Իրանի հարցում շատ զգուշավոր է, շատ ավելի զգուշավոր է՝ քանի աշխարհի որեւէ այլ պետություն։ Կարծում եմ Թուրքիան միշտ կխուսափի Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մտնել»։ 

Որքան էլ Անկարան Իրանից զգուշանա, չի դադարի Հայաստանի նկատմամբ հավակնությունների գաղափարից եւ ըստ փորձագետ Կարեն Հովհաննիսյանի՝ չի բացառվում, որ օրինակ 10 տարի հետո Հայաստանին մեղադրի իր տարածքների նկատմամբ ոտնձգությունների մեջ ու սկսի անվտանգության գոտի կառուցել, ինչպես դա արեց Սիրիայի դեպքում։ 

«Մենք բավականին վտանգավոր եզրագծում ենք հայտնվել՝ Թուրքիայի հետ հարաբերություններում եւ շատ զգուշ պետք է գործենք։ Եթե հարաբերություններ ենք հստակեցնում ու պարզում Թուրքիայի հետ, ապա չպետք է լինի երրորդ երկիր, որով պայմանավորված լինեն հարաբերությունները Թուրքիայի հետ»։

 Փորձագետը մտահոգիչ է համարում , որ Անկարան բարձր մակարդակով պարբերաբար կրկնում է, թե կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց միաժամանակ չի թաքցնում, որ հարցերը հստակեցնում և համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ