Ապրիլի 19, 2024

«Ապառազմականացում» և «տարանջատում»․ նոր թեզեր՝ ԼՂ հակամարտության համար

By Ռադիոլուր Օգոստոսի 01, 2022

Իշխանություններն այս պահին մի փուլում են, երբ ակտիվորեն քննարկում են զարգացումների կոնկրետ տարբերակ և որոշում՝ ինչպես առաջ ընթանալ․ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցից է պարզ դառնում։ Պաշտոնյայի ասածը վերաբերում է նոր մոտեցումների՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններից։ Ի՞նչ է սա ենթադրում։ Ղարաբաղի հիմնախնդիրը Հայաստանի համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից՝ ասում է Գրիգորյանը։ Այսպիսի տարանջատումն այս փուլում վտանգավոր է համարում «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը շեշտադրումը ճիշտ է գտնում, թեև կարծում է՝ գործնականում բարդ է նման մոտեցումը կյանքի կոչել, քանի որ Ադրբեջանը որևէ կերպ տրամադրված չէ նման մեթոդաբանությանը։ 

«Համենայնդեպս Հայաստանի համար դա էական շեշտադրում է, և պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Ցույց տալ այդ կերպ նախ, որ Հայաստանն իսկապես գործնական է տրամադրված խաղաղության օրակարգն առաջ տանելու և մյուս կողմից նաև ցույց տալ էլի գործնական դաշտում, որ Ադրբեջանը խաղաղության մասին, եթե անգամ խոսում է, չունի գործնական տրամադրվածություն այդ առնչությամբ։ Նաև որպես նպատակ՝ տարանջատել հայ–ադրբեջանական խնդիրն Արցախի հակամարտությունից և այս կերպ գոնե կայուն մեխանիզմի դաշտ բերել հայ–ադրբեջանական հարաբերությունը, այդ կերպ հնարավոր է նվազեցնել նաև Ադրբեջանի շանտաժի քաղաքականության էֆեկտիվությունը և իմաստը»։

«Ռադիոլուր»–ի զրուցակիցներն ադրբեջանական շանտաժ են համարում հենց վերջին շրջանի տեղեկատվական գրոհը։ Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական պրոպագանդան օրը սկսում է ապատեղեկատվությամբ իբր հայկական կողմից դիրքերը գնդակոծելու մասին։ Հնարքն ադրբեջանցիներն օգտագործել են մինչպատերազմյան շրջանում և հատկապես կարևորագույն հանդիպումներից առաջ և հետո։ Հետպատերազմյան իրավիճակում նոր կորուստների սպառնալիք է տեսնում Տիգրան Աբրահամյանը, իսկ վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ գործիքը կարող է ուղղված լինել նաև այլ «խաղացողների» դեմ։  

«Ուկրաինայում մեծ խաղադրույքով պատերազմ սկսած Ռուսաստանը Կովկասում կայունության ռեժիմի հանդեպ դարձել է առավել զգայուն։ Այս իմաստով այդ գործիքն Ադրբեջանը կարող է աշխատեցնել նաև Ռուսաստանի դեմ՝ այս կերպ կամ Ռուսաստանի հետ ինչ–որ հարցեր պարզելու համար, իսկ այդպիսի հարցեր, իհարկե, շատ կան կապված ոչ միայն հայ–ադրբեջանական խնդրի և ոչ միայն Կովկասի հետ, այլ ընդհանրապես՝ մի շարք այլ ուղղությունների։ Կամ էլ Ռուսաստանի համար զգայուն կայունությունը շանտաժելու միջոցով փորձել Մոսկվային մղել Հայաստանի հանդեպ ավելի մեծ ճնշման, որպեսզի Մոսկվան իր ճնշմամբ Հայաստանին ուղղորդի դեպի ադրբեջանական քաղաքական օրակարգ։ Ես կարծում եմ՝ այս խնդիրներն է փորձում լուծել Ադրբեջանը՝ օգտագործելով այդ շանտաժի գործիքը»։

Այս պայմաններում պաշտոնական Երևանը փորձում է շրջանառության մեջ դնել մեկ այլ նոր մոտեցում։ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ «ԼՂ հիմնախնդրի դեմիլիտարիզացիան՝ ապառազմականացումը, կարևոր է գաղափար է»։ Ի՞նչ է պատկերացնում պաշտոնական Երևանը նման թեզերը շրջանառության մեջ դնելով։ Այսինքն՝ սա նշանակո՞ւմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման՝ Գրիգորյանն արձագանքում է՝ նման գաղափար նույնպես կա, «բայց այս պահին վաղ է որեւէ նման բանաձեւի մասին խոսելը»: Վերլուծաբանների մոտեցումներն այս հարցում տարբեր են։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար միանշանակ է․  

«Արցախի ՊԲ գոյությունն ինքնին ապահովում է Արցախում ապրող մեր հայրենակիցների գոյությունը՝ անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից և նրանց՝ Արցախի պաշտպանության հարցում ունեցած գործուն ներկայությունից, ես կարծում եմ, որ Արցախը պետք է ունենա ՊԲ, ունենա պաշտպանական հնարավորություններ և իր մասով մասնակից լինի Արցախի և Արցախի մեր հայրենակիցների պաշտպանության ապահովմանը»։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ տեսականորեն նման գաղափար կարելի է կիրառել, բայց որոշակի փուլից հետո․

«Եթե խոսք է գնում Արցախի հայկական ուժերի ապառազմականացման մասին, ապա այդ հարցը կարող է քննարկվել միայն, եթե Արցախի շուրջ տեղի ունենա նաև ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող և ընդհանրապես ադրբեջանական հարակից տարածքների դեռազմականացում։ Եթե Ադրբեջանը որոշակիորեն անվտանգ մի շարք չափումներով և մի շարք հաշվարկներով Արցախի համար անվտանգ հեռավորությամբ կապառազմականացնի իր տարածքները, այդ դեպքում գուցե արժե մտածել Արցախի զինված ուժերի ոստիկանության վերափոխման մասին։ Սա՝ ընդամենը որպես սցենար։ Այսինքն՝ այստեղ ամեն ինչը պետք է ուղիղ համեմատական լինի Ադրբեջանի վարքագծին։ Այսօր Ադրբեջանն իր վարքագծով հաստատում է, որ Արցախին պետք են ԶՈւ, որովհետև Ադրբեջանն իր վարքագծով սպառնալիք է Արցախի համար»։

Այստեղ նաև խոսում են փաստերը։ Պաշտոնական տվյալներով՝ պատերազմից հետո՝ միայն 2021–ին, Ադրբեջանը պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար: Այդ երկրի ռազմական բյուջեն գրեթե 21%–ով գերազանցել է պատերազմական 2020–ի ցուցանիշը: ՀՀ ԱԽ քարտուղարը այս ցուցանիշի կողքին շեշտում է պաշտոնական Երեւանի մոտեցումը․ փաստը, որ Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգը հռչակել է պետական ռազմավարություն և քաղաքականություն, ուղղակի վկայությունն է, որ նման հնարավորություն տեսնում ենք: Դա ավելի է առարկայանում, երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանի կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը խաղաղության օրակարգի իրագործման պատասխանատվություն է ստանձնում, հասկանալով, որ դա հեշտ ճանապարհ չէ:

Last modified on Երեքշաբթի, 02 Օգոստոսի 2022 11:18
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ