Ապրիլի 25, 2024

Խաղաղապահ զորակազմի ղեկավարի հետ հանդիպումը փոքրիշատե որոշակիություն է մտցրել

By Ասպրամ Ավանեսյան Օգոստոսի 08, 2022

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ հանդիպմանը բարձրացվել են հարցեր՝ Ադրբեջանի շարունակական սադրանքներին և անպատժելիությանը, ռուս խաղաղապահների կողմից այս օրերին կատարած աշխատանքի, նրանց լիազորությունների շրջանակի ընդլայնման մասին։ «Գրեթե 2 տարվա ընթացքում խախտվել են համաձայնագրի մի շարք կետեր՝ 1-ին կետից սկսած։ Անհասկանալի և չհիմնավորված է 5-րդ կետով սահմանված հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար նախատեսված խաղաղապահ կենտրոնի գործունեությունը,- ասում է “Գեն” նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արմինե Ավագիմյանը, և հավելում, որ հանդիպմանը քննարկվել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումները։

«Մինչ այսօր չկա որևէ հրապարակված հաշվետվություն, զեկույց կամ արձանագրություն, թե կողմերից ով է առաջինը խախտում կատարել կամ չի պահպանել հրադադարի կանոնները, որպեսզի համապատասխան գնահատականներ տրվեն և գործեն պատասխանատվության մեխանիզմներ»։

Համաձայնագրի 6-րդ կետով սահմանված կարգով՝ Բերձորի ճանապարհի այլընտրանքային ուղին պետք է կառուցվեր 3 տարի ժամկետում։ Մեզ համար անընդունելի է Ադրբեջանի շտապողականությունը՝ ասում է զրուցակիցս։ Չնայած այս պահին նոր ճանապարհի շահագործման ժամկետների մասին որոշակի հստակեցումներ կան՝ բայց դեռ անորոշ են մնում մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել եռակողմ հայտարարության  6-րդ կետով  սահմանված դրույթին։ «Ճանապարհի մասին խոսելիս խաղաղապահ զորակազմի ղեկավարն ասել է այն, ինչի մասին մեր իշխանություններն արդեն հրապարակային խոսում են․ Բերձորի ճանապարհը մինչև ամսվա վերջ պետք է հանձնել»,- ասում է հանդիպման մասնակիցներից Արթուր Օսիպյանը ։

«Դրա հետ մեկտեղ էլ նրանք ասել են, որ ադրբեջանցիների հետ քննարկմանը  բարձրացվել է ճանապարհի իրավական հիմք չունենալու փաստը։ Բայց ճանապարհի հարցը, որպես այդպիսին, ռուսների համար էլ է անորոշ»։

Արցախի քաղաքական-հասարակական հատվածի հետ հանդիպմանը խաղաղապահ զորակազմի ղեկավարը ներկայացրել է նաև, թե ինչու խաղաղապահ առաքելության մոտ չի ստացվում որոշ խնդիրներ լուծել։ Մեզ հետ զրույցում Արթուր Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում․

«Պատճառը զենք-զինամթերքի քանակն է, նաև լիազորությունների խնդիրը։ Այս հրապարակային քայլը ոչ թե ընդդեմ խաղաղապահներին էր, այլ հակառակը։ Մենք ներկայացրել ենք խնդիրը, որպեսզի Ռուսաստանի ղեկավարությունը տեղյակ լինի և փորձի լուծել այն»։ 

Դեռ հունիսի 20-ին այս հարցերն ուղղվել են պատկան  մարմիններին։ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարն ասում է, որ հարցեր ուղղվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Անվտանգության խորհրդին, Արտաքին գործերի նախարարությանը, նախագահի աշխատակազմին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օգոստոսի 6-ին պարզաբանել է, որ այլընտրանքային ճանապարհի մեր հատվածի շինաշխատանքները ներկայումս ընթանում են, և այն շահագործման կհանձնվի 2023 թ-ին։ Ճանապարհն անցնելու է Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերով և Բերձորից ու Աղավնոյից բացի միջանցքից դուրս է մնալու Ներքին Սուս համայքը։ Հարցերին պատասխանել է նաև Անվտանգության Խորհուրդը։

«ԱՀ ԱԽ-ի կողմից հուլիսի 9-ին ստացել ենք պատասխան գրություն։ Գրությամբ նրանք կիսում են մեր մտահոգությունները և անում հնարավորը Արցախում ստեղծված իրավիճակում առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում։ Նրանք հիմնականում հղում են անում ԱՀ նախագահի հունիսի 30-ին ԱԺ ելույթում հնչեցրած որոշ պատասխանների։ ԱՀ ԱԳՆ-ն մինչ այսր որևէ պատասխան չի տվել մեր հարցադրումներին»։ 

Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարի հետ Արցախի քաղաքական-հասարակական հատվածի հանդիպումը փոքրիշատե որոշակիություն է մտցրել ստեղծված իրավիճակում։ Այս պահին մեր գերխնդիրը միասնական ու համախմբված լինելն է․ մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր վաղվա օրը՝ ասում է Արթուր Օսիպյանը։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երկուշաբթի, 08 Օգոստոսի 2022 15:11
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ