Մարտի 29, 2024

Օգոստոսի 25-ից հետո Հայաստան կգնանք հողային ճանապարհով․ Խանումյան

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 09, 2022

Արցախը Հայաստանին կապող  այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի կառուցման աշխատանքները սկսվել են օրեր առաջ՝  Ադրբեջանի  ռազմական  սադրանքից  հետո։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանապարհի  իր բաժինը սկսել է կառուցել ամիսներ առաջ՝  2022 թ. փետրվարից:  Ինչու՞ է  Հայաստանը ուշացրել ճանապարհի կառուցումը, եթե այն նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: «Հայաստանն ուշացրել է այդ աշխատանքները տարբեր ընթացակարգերի հետ կապված խնդիրներով»,-«Արցախ» լրատվականին ասել է ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Ճանապարհի կառուցումը մրցութային կարգով է արվել: Շինարարության մրցույթը եղել է օգոստոսի 1-ին: Հայաստանը, միգուցե, պետք է նորմալ բանակցեր այդ խնդիրների առջև չկանգնելու համար: Համենայն դեպս այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել են,  ճանապարհի նոր ուղղությունը համաձայնեցված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմի  միջոցով»:

Անորոշ է նաև ենթակառուցվածքների հարցը: Նոր ճանապարհը  շահագործման հանձնելուց հետո մի շարք ենթակառուցվածքներ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ասում է Հայկ Խանումյանը:

«Կան ենթակառուցվածքներ, որոնց այլընտրանքը Արցախի ներսում էլ կա: Միակ խնդիրը գազի հարցն է: Դրա լուծումը պետք է մի քիչ ուրիշ ձև տրվի»։

ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի խոսքով՝  մինչև Հայաստանը կկառուցի ճանապարհի իր հատվածը, Արցախ֊Հայաստան կապը կապահովվի   4 կմ-անոց հողային ճանապարհով, որ միանում է գործող մայրուղուն: 

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ