Ապրիլի 25, 2024

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 13, 2022

ՄԱԿ-ի Ռասայան խտրականության վերացման կոմիտեում Լեռնային Ղարաբաղը չեն ընկալում որպես պետություն, այլ Լեռնային Ղարաբաղի հայերին ընկալում են որպես Ադրբեջանում ապրող փոքրամասնություն՝ ամբողջացնելով  Ժնևում կոմիտեի 107֊րդ նստաշրջանից ստացած տպավորություններն  ասում է «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանը։  Նա   նստաշրջանում Արցախից միակ ներկայացուցիչն էր։

«Քարտուղարության անդամներից մեկը հարցրեց՝ բայց չէ՞ որ հայերը հնարավորություն ունեն իրենց լեզուն սովորել Ադրբեջանում։ Մենք այդ պահին հասկացանք, որ մեզ չեն ընկալում որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Մեզ ընկալում են այնպես, ինչպես Ալիևն է ասում՝ հայկական փոքրամասնություն, որն ապրում է Ադրբեջանում։ Մենք իհարկե ընդդիմացանք ու ասեցինք, որ մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներն ենք։ Բայց, ըստ երևույթին, աշխարհը մեզ հենց այդպես է ընդունում»։

Մարգարիտա Քարամյանը սա տասնյակ տարիների անգործության արդյունք է համարում.  բացթողում   թե՛ իշխանության և թե՛ հասարակության կողմից։

«Հիմա մենք ստիպված ենք լինելու կաթիլ-կաթիլ վերադառնալ ակունքներին, կոնֆլիկտի արմատներին և վերջապես սկսենք միջազգային հանրության հետ խոսել այն լեզվով, որը իրենք հասկանում են՝ իրավունքների, օրենքների ու կոնվենցիաների լեզվով»։

Նստաշրջանում, Ադրբեջանի կառավարությունը ներկայացրեց զեկույց, թե ինչպես է կատարում ռասայական խտրականությունից անձանց պաշտպանելու իր պարտականությունը։ Դրան զուգահեռ, Հայաստանից և Արցախից իրավապաշտպանները ներկայացրել են այլընտրանքային զեկույց՝ մանրամասնելով Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ տարվող հայատյաց և ռասիստական քաղաքականության դրսևորումները։ Ելույթների համար նրանց տրվել է ընդամենը 3 րոպե։

«Մեր պատվիրակությունը կազմված էր 6 հոգուց և միայն 3 հոգի ելույթ ունեցանք։ Քանի որ 3 րոպեանոց ելույթներում դժվար է շատ բան ներկայացնել, մենք մինչև նստաշրջանը խորհրդակցել էինք և այնպես ենք արել, որ մեր ելույթները չկրկնվեն,  ամեն մեկս ներկայացրել ենք մեր մասը։ Ես խոսեցի որպես ականատես ու ներկայացրեցի այն փաստերը, որոնք տեղի են ունեցել թե՛ մինչև 2020-ի պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում։ Եվ այսպես, ներկայացրել ենք ամբողջ պատկերը այն քաղաքականության, որը Ադրբեջանը վարում է հայերի դեմ»։

Մարգարիտա Քարամյանը 3 օր է անցկացրել Ժնևում բայց այդ ընթացքում հասցրել են նաև մի շարք կարևոր հանդիպումներ ունենալ։

«Հասցրեցի հանդիպել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։ Խոսեցինք այս ամենի մասին: Իմ խնդրանքն էր դեսպանին, որ մեզ համար գտնեն հարթակներ, որտեղ մենք կարող ենք ներկայացնել այս փաստերը, կամ կարող ենք ուղարկել զեկույցները և իրենք խոսեն մեր խնդիրների մասին։ Որովհետև, էլի եմ ասում, մեզ չենք ընկալում որպես պետություն, որպես ժողովուրդ, ով ազգային-ազատագրական շարժում է ունեցել, 3 պատերազմի միջով է անցել։ Իրենք զարմանքով են նայում մեզ և ասում են՝ եթե այս ամենը ձեզ հետ է տեղի ունեցել, ինչու՞ եք հիմա այդ մասին խոսում»։

Այս ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն շատ և շարունակական՝ ասում է զրուցակիցս։ Պետք է ապացուցել միջազգային հանրությանը, որ մենք հենց այնպես չենք ազգային-ազատագրական պայքար ու 3 պատերազմ տարել։«Բաց հասարակության հիմնադրամներ ֊ Հայաստանի» աջակցությամբ Ժնև մեկնած խումբը հանդիպումներ է ունեցել նաև ՄԱԿ-ի մի շարք այլ կառույցների հետ։ Ներկայացվել և քննարկվել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները և դրանց վերաբերյալ միջազգային համայնքի ոչ պատշաճ արձագանքը, գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձի անհրաժեշտությունը և այլ հարցեր։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ