Ապրիլի 18, 2024

Բաքվի հերթական քմահաճույքը՝ Չավուշօղլուի շուրթերով

By Մարգարիտա Ղուշունց Օգոստոսի 23, 2022
Արդեն որերորդ անգամ Թուրքիայից ու Ադրբեջանից հնչում է նույն հայտարարությունը՝ Հայկական զինված ուժերը դեռևս դուրս չեն բերվել Լեռնային Ղարաբաղից: Այսօր հայտարարությունը հնչել է Թուրքիայի ԱԳՆ Մեվլյութ Չավուշօղլուիի շուրթերով: Այնինչ հայկական զինված ուժերի դուրսբերման մասին ՀՀ իշխանությունները բազմիցս են խոսել: Օգոստոսյան սրացումներից հետո թեմային նաև Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել: 
 
«Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է: Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը: Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա»:
 
 Արցախի Պաշտպանության բանակը հիմա գոյաբանական խնդիր է լուծում: Դրա լուծարման պահանջը փորձագիտական շրջանակներում գնահատվում է որպես հայաթափման սպառնալիք: Այդ համոզմանն են փորձագետներ Տարոնն Հովհանիսյանն ու Կարեն Հովհանիսյանը: 
 
Տարոն Հովհանիսյան
«Պարզ է, որ Ադրբեջանը չէր բավարավելու միայն ՀՀ ԶՈՒ դուրս բերմամբ Արցախից, որովհետև Ադրբեջանի քայլերը ցույց են տալիս, որ իր երկարաժամկետ նպատակը Արցախի անեքսիան է»: 
 
Կարեն Հովհանիսյան 
«Արցախի Հանրապետության տարածքում այժմ գտնվում է Արցախի պաշտպանության բանակը: Այդ պաշտպանական բանակը Արցախում պետք է մնա այնքան ժամանակ, քանի  դեռ Արցախում անվտանգության հարցը 100 տոկոսով լուծված չէ: Իսկ երբ հարց է դրվում Արցախի ՊԲ դուրս բերման կամ լուծարման մասին, ապա խոսք է գնում Արցախը հայաթափելու մասին»: 
 
Չավուշօղլոււի այս ձևակերպումը թելադրված է Ադրբեջանի կողմից՝ վստահ է Տարոն Հովհանիսյանը: Նա փորձում է առավելագույնս քամել 2020թ նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ իր բոլոր ցանկությունները փորձելով բխեցնել այդ հայտարարությունից: 
 
«Քանի որ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք չկա  այն մասին, որ Արցախի ՊԲ-ն պետք է ցրվի կամ Արցախը չպետք է ունենա  իր զինված ուժերը, ինչն անտրամաբանական է, որովհետև Արցախ  քաղաքացիները չեն կարող դուրս բերվել Արցախից, հետևաբար Ադրբեջանը փորձում է դա էլ ներկայացնել իբրև հայկական զինված ուժերի դուրս բերում, այսինքն բխեցնել նոյեմբերի 9-ի փաստաթղթից: Իսկ Թուրքիան դրան աջակցում է: Այսինքն Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն այն է, որ Արցախում չլինի ՊԲ»:  
 
Սա չի նշանակում, թե պետք է ընկճվել: Սա միայն նշանակում է, որ պետք է աշխատել: Առանց ինքնապաշտպանության հնարավորության Արցախում որևէ հայ չի բնակվի: Եվ հենց այդ ճշմարտությունն է, որ պետքէ հասցնի Հայաստանը իր գործընկերներին:
 
 «Մենք պետք է շատ  զգույշ և դիվանագիտորեն մոտենանք հարցին: Մեր գործընկերները, հատկապես  ՌԴ-ն, որ միջնորդ կողմ է, պետք է հստակ իմանան,  որ  եթե Թուրքիային ու Ադրբեջանին հաջողվի հասնել ԱՀ ՊԲ լուծարմանը կամ Արցախը զրկվի ինքնապաշտպանական միջոցներից,  ապա Արցախի բնակչությունը չի կարող ապրել որևէ մեկի անվտանգության երաշխիքի տակ: Անցած երկու տարվա միջադեպերի շարքը դրա վառ ապացույցն է»:  
 
Չավուշօղլուի այս հայտարարությունը նաև Թուրքիայի անկեղծոթյան ցուցիչն է: Այսօր նա Հայաստանին մեղադրել է անկեղծ չլինելու մեջ: Բայց մի՞թե անկեղծ է Ադրբեջանի բոլոր քմահաճությունները «տեղավորել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում և առաջ տանել դրանք:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 23 Օգոստոսի 2022 14:12
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ