Մարտի 29, 2024

Ի՞նչ ակնկալել Բրյուսելյան հերթական հանդիպումից

By Մարգարիտա Ղուշունց Օգոստոսի 30, 2022
Օգոստոսի 31-ին նախատեսվող Փաշինյան-Ալիև-Միշել  հանդիպման մասին առաջինը հայտնեցին  ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ավելի ուշ Հայաստանի Կառավարությունից հայտնեցին, որ կա պայմանավորվածություն եռակողմ հանդիպման մասին:  Ընդ որում, օգոստոսի վերջին եռակողմ հանդիպման հնարավորության մասին անոնսավորել էր նաև Մոսկվան։ Բայց այն տեղի է ունենում  Բրյուսելում։ Քաղաքագետ Տարոն Հովհաննիսյանի համար  սա անսպասելի չէ։   Բրյուսելը դեռ ամսիներ առաջ է կազմակերպել հանդիպման նախապատրաստական աշխատանքերը՝ ասում է։ 
 
«Այստեղ որևէ նորություն չկա, ուղղակի հանդիպման մասին նոր է հանրայնացվել։ Առնվազն հուլիսի սկզբին պարզ է եղել, որ օգոստոսի վերջին Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում հանդիպում է տեղի ունենալու։ Հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվել։ Այս ժամանակահատվածում Ռուսաստանի կողմից, որքան ես եմ տեղեկացված, հանդիպման մասին հստակ պայմանավորվածություններ չեն եղել։ Հակառակ դեպքում որևէ խոչընդոտ չկա Ռուսաստանում նույն տիպի հանդիպումներ անցկացնելու»։
 
 Բրյուսելյան հանդիպման  օրակարգի մասին նույնպես առաջինն Ադրբեջանում խոսեցին։ Ադրբեջանը  հույս ունի,  որ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը՝ գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։  Հայկական կողմը որևէ օրակարգ չի հրապարակել, միայն նշվել է, որ կքննարկվեն այն հարցերը, որոնք եղել են նախորդ հանդիպման օրակարգում:  Թեև Ադրբեջանի հրապարակած օրակարգը խաղաղության մասին էր, բայց հանդիպմանը նախորդած նրա քայլերն ամենևին էլ այդ տրամաբանության մեջ չեն։  Եվ հանդիպումը տեղի է ունենում օգոստոսյան սրացումներից և Արցախը Ադրբեջանին կապող երթուղու ժամանակից շուտ փոփոխությունից հետո։   Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը չակերտավոր խաղաղություն է․  այն ենթադրում է Ադրբեջանի առաջ քաշած բոլոր պայմանների իրականացում։ Հավատալ, որ Ադրբեջանը անկեղծ է՝  անմտություն է՝ ասում է քաղաքագետը։ 
 
«Ադրբեջանը փորձում է հնարավորինս արագ հասնել իր նպատակներին, օգտագործելով առաջին հերթին ռուս-ուկրանական պատերազմի գործոնը։ Այդ ընթացքում մենք հաճախակի տեսնում ենք ագրեսիայի ակտեր Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Ադրբեջանը գործադրում է ուժ և այդ ուժի սպառնալիքին զուգահեռ առաջ է քաշում իր պահանջները՝ փորձելով ստիպել իրականացնել այդ պահանջները։  Հակառակ դեպքում՝ սպառնալով նոր ուժային գործողություն իրականացնել։ Հանդիպումից առաջ Ադրբեջանը այս իրավիճակը օգտագործում է ճնշում գործադրելու համար, հանդիպմանը իր համար շահավետ մթնոլորտ ձևավորելու նպատակով»։ 
 
Այս հարցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը համակարծիք է  Տարոն Հովհաննիսյանի հետ․  Ադրբեջանի խաղաղասիրության խոսքերին հավատալ պետք չէ։ Խոսելով նախատեսվող հանդիպմանը Հայաստանի անելիքների մասին քաղաքագետը նշում է․  
 
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր և Արցախի շահերը և այստեղ կարևոր է նաև Արցախից աջակցությունը։ Արցախը չպետք է կաշկանդվի»։ 
 
Ի՞նչ տեղ է զբաղեցնելու Արցախը բանակցությունների օրակարգում։    Սպասվող հանդիպմանը ԼՂ –ի մասին քննարկումներ հնարավոր են՝ ասում է Տարոն Հովհաննիսյանը, սակայն դրա մասին հայտարարություններ չեն լինի․ դա ձեռնտու չէ Ադրբեջանին։ 
 
«Ուղղակի Ադրբեջանն այս պահին առավելևս հրաժարվում է հանրայնացնել, որ որևէ քննարկում տեղի է ունենում  և, երկրորդը,  հնարավորինս արգելափակել Արցախի շուրջ ցանկացած քննարկում, հանրային իր դիսկուրսը ծավալելով այնպես, կարծես  արցախյան հիմնախնդիրը չկա, լուծված է»։ 
 
Ադրբեջանի նման գործողությունները արտահայտվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդեպ անվստահության արտահայտմամբ  և համանախագահների աշխատանքի թերագնահատմամբ։  Մինչդեռ  վերջին շրջանում նկատվում է Մինսկի խմբի ակտիվացում։ Մինսկի խմբի հետագա արդյունավետ գործունեությունը կախված է Միացյալ Նահանգներից և Ֆրանսիայից՝ համոզված է քաղաքագետը։ 
 
«Այս պահին զգացվում է, որ ԱՄՆ և Ֆրանսիան ունեն  գործընթացում մնալու նպատակադրվածություն։ Ռուսաստանն ունի այլ լծակներ գործընթացում մնալու համար։ Գլխավորը՝ խաղաղապահների ներկայությունն է տարածաշրջանում, իսկ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համար միակ գործիքակազմը Մինսկի խումբն է։ Ադրբեջանը չունի այն ազդեցությունը,որ կարող է դուրս թողնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին գործընթացից։ Այստեղ Ադրբեջանը փորձում է լայնորեն օգտագործել Ռուսաստան-Արևմուտք այս պահին առկա հակասությունները այս դաշտում նաև գործընկեր ընտրելով Ռուսաստանին,  այսինքն հաշվի առնելով շահերի համադրությունը»։ 
 
ԵԱՀԿ ՄԽ-ը Ադրբեջանը չի ստեղծել և Ադրբեջանը չէ, որ կարող է որոշել՝ այն գործի, թե ոչ։  Բայց հայկական դիվանգիտությունը պետք  է ջանքեր գործադրի ԵԱՀԿ ՄԽ ակտիվացման ուղղությամբ՝ ասում է քաղաքագետը։  Եթե նույնիսկ համանախագահները չայցելեն Արցախ, ապա գոնե լինեն այցեր տարածաշրջան։ Պետք է պահպանել այդ ձևաչափը, մինչև որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի և  արևմուտք-Ռուսաստան  հարաբերություններում որոշակի մեղմացում կլինի։  Այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների լիարժեք վերականգնման մասին։   
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ