Ապրիլի 24, 2024

Մկանների ցուցադրությու՞ն, թե՞ պատերազմի սպառնալիք. ո՞րն է Ադրբեջանի նպատակը

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 12, 2022

Ադրբեջանական կողմից պարբերաբար հնչեցվող հակահայ և ագրեսիվ հայտարարությունների ֆոնին հանրային շրջանակները տարբեր տեսակետներ են առաջ քաշում։ Մի մասը գտնում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի անհաջողությունների հետ կապված Լեռնային Ղարաբաղում, չի բացառվում նաև,  Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ճակատ բացելու համար Ադրբեջանը նման հայտարարություններով տեղեկատվական հենք է ապահովում։ Մյուս  մասի կարծիքով էլ, Ադրբեջանը սադրանքներից այն կողմ չի անցնելու։ «Ուկրաինայում ռուսական բանակի նահանջի համապատկերին Ադրբեջանը մկանների ցուցադրություն է կատարում, հույսով, որ վախեցած իշխանությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում, կգնան հերթական զիջումների, չհասկանալով, որ Ալիևը մաքսիմում կսահմանափակվի լոկալ լարվածություն ստեղծելով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է  Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։ Նա կարծում է, որ դրանից այն կողմ Ալիևը չի անցնի։ Ինչու՞։   

«Մենք պետք է հասկանանք, որ միայն Ռուսաստանի ֆակտորը չէ, կան միջազգային օրենքներ, Ամերիկայի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, որը նրանք տարբեր մակարդակներով հայտնել են»։

 Ինչո՞ւ է  Արթուր Օսիպյանը համոզված դրա մեջ․ չէ որ 44-օրյա պատերազմից առաջ էլ կային, այսպես կոչված, միջազգային օրենքները։ Նրա կարծիքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակը հիմա այլ է, այլ է նաև Ամերիկայի վարչակարգը։ 

«Ինչու՞մն  է տարբերությունը։ Ամերիկայի քաղաքականությունը, նպատակները, որ հետապնդում են քաղաքական ուժերը, երկու տեսակի են՝ գլոբալիստներ և ուլտրագլոբալիստներ։ Մի ուժը սա է, որը հանդես է գալիս ի դեմս Բայդենի։» 

Նրա կարծիքով Բայդենի վարչակարգի պարագայում Էրդողանի ու Պուտինի քաղաքականությունը, այսպես ասած, աջակցություն չունի։ Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղում Թուրքիան ու Ռուսաստանը հատուկ, բարդ օպերացիա են իրականացրել, դրա մեջ Արթուր Օսիպյանը կասկած չունի, և ասածը հաստատում է՝ մեջբերելով ՌԴ ՊՆ Շոյգուի խոսքն այդ մասին։

«Ինչպես գիտենք տարածաշրջանում անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և Ռուսաստանի կողմից էլ դա հայտարարված է։ Եվ բնականաբար, եթե Ռուսաստանն այլ ճակատում խնդիրներ ունենա, Ադրբեջանը պետք է փորձի օգտվել այդ պահից, և իր քաղաքականությունը այստեղ շարունակի։ Իսկ Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի քաղաքականությունը ակնհայտ է, պետք է ճնշումներով հասնի նրան, որ հայաթափվի»։

 Արևմուտքը պատժելով Ռուսաստանին ուժի կիրառմամբ հարցերը լուծելու քաղաքականության համար, չի կարող խրախուսել Ադրբեջանի ու Թուրքիայի նման գործողությունները։ Արևմուտքը այդ քայլին չի գնա ոչ թե հայերիս համար, այլ սեփական հեղինակության ։ ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում տարածվող ապատեղեկատվությունը կազմակերպված և հետևողականորեն տանում է պլանավորված հերթական սահմանային սադրանքի, և դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը: «Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել»,-գրում է դեսպանը,- նշելով, որ այս իրավիճակում միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը»: Ադրբեջանը փորձելու է օգտվել Ռուսաստանի թույլ դիրքերից Ուկրաինայում և նոր սադրանքներ ձեռնարկի այստեղ՝ մեկանբանելով Կարմիր Շուկայի ուղղությամբ այսօր արձանագրված կրակահերթը, ասել է Օսիպյանը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը այլ կարծիքի է, նա համոզված է, որ ռազմական էսկալացիան չի բացառվում․ Ադրբեջանի հռետորաբանությունը հենց դրա մասին է վկայում․

«Իրականում Ադրբեջանը վարում է ճիշտ այնպիսի քաղաքականություն, ինչպիսին Թուրքիան Սիրիայում և Իրաքում․ մինչև բուն ռազմական գործողություններին անցնելը փորձում են հայտարարությունների տեսքով իրենց հնարավոր ռազմական գործողությունները լեգիտիմացնել։ Պետք է ասեմ, որ 44 օրյա պատերազմից առաջ էլ Ադրբեջանը նույն ձեռագիրն է ունեցել։ Վստահորեն կարող եմ ասել, որ հող է նախապատրաստում ռազմական գործողությունների համար։Դրանք լայնամասշտաբ կլինեն, թե ոչ, և որն է լայնամասշտաբ ասվածը՝ դժվար է ասել։»

Եթե լինեն ռազմական գործողություններ, դրանք, փորձագետի կարծիքով, երկարատև են լինելու, քանի որ 44-օրյայից հետո թե Ադրբեջանը, թե Հայաստանը, թե տարածաշրջանի մյուս խաղացողները սպառել են իրենց ռեսուրսները։ «Այս ամենը հաշվի առնելով, մտածում եմ, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում կարճատև էսկալացիայի համար»,-ասում է Կարեն Հովհաննիսյանը։ Փորձագետը չի բացառում նաև, որ էսկալացիան կարող է լինել նաև Հայաստանի տարածքում։ Իսկ ու՞ր մնացին խաղաղության բանակցությունները։ Փորձագետն ասում է, որ ի սկզբանե համոզված էր, որ նման պայմանագիր չի կնքվի․ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակները բոլորովին այլ են․ 

«Խաղաղության պայմանագիր կոչվածը պարզապես ժամանակ ձգելու միջոց է, և չի լինելու, քանի որ Ադրբեջանը, և Թուրքիան  բոլորովին այլ նպատակներ ունեն։Նրանց հարկավոր է վերջնաժամկետ հարցի  լուծում, իսկ վերջնաժամկետում իրենք տեսնում են բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի միջև ցամաքային կապով»։ 

Ի՞նչ պետք է անենք մենք՝ պատրաստվենք պատերազմի, թե՞ խաղաղության։ Փորձագետը վստահ է՝ պատերազմի, եթե ուզում ենք խաղաղության մեջ ապրել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ