Մարտի 29, 2024

ՌԴ դիրքերը Ուկրաինայում որոշելու են ռուսական ներկայության հեռանկարը Կովկասում

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 13, 2022
Աշխարհաքաղաքական իրադարձությունները, այդ թվում և մեր տարածաշրջանում, սրընթաց են զարգանում․ 44-օրյա պատերազմը փոխեց ստատուս-քվոն Կովկասում, ցավոք, հայկական կորուստների հաշվին, և արձանագրեց Թուրքիայի մուտքը Կովկաս՝ նոր դերակատարմամբ։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի կարծիքով` 44-օրյա պատերազմը կիսեց, այսպես կոչված, Լավրովյան պլանը․ եթե մինչ այդ Ռուսաստանը փորձում էր միանձնյա հասնել իրավիճակի կառավարման՝ փոխելով ստատուս-քվոն՝ միաժամանակ   ամբողջ գործընթացը պահելով իր կառավարման ներքո և    ունենալով խաղաղապահ ներկայության շատ ավելի ընդգրկուն շրջանակ, ընդհուպ Իրանի սահմանին հարակից տարածքներում, ապա Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Ռուսաստանը ստիպված էր կիսել այդ պլանը Թուրքիայի հետ, իսկ Իրանի սահմանակից հատվածները՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո, փաստացի հանձնել Թուրքիային։ Քաղաքագետի դիտարկմամբ, դա որոշակի իմաստով նշանակում է հանձնել նաև Իսրայելին, եթե հաշվի առնենք, թե այդ տարածքներին առնչվող ինչ համաձայնություններ են կնքվում Ադրբեջանի ու Իսրայելի միջև։ 
 
«Գաղտնիք չէ, որ Իրանի խնդիրը արդիական խնդիրներից է, եթե ոչ ամենաարդիականը՝ ռեգիոնալ համատեքստում, առանցքային է եղել միշտ և մեծ աշխարհաքաղաքական խաղի  ռազմավարական ուղղություններից ու նպատակադրումներից մեկը, որի համար է նաև աշխարհաքաղաքական գործընթացների այս մեծ դիմակայությունը՝ իր մի զգալի մասով։ Այս իմաստով տեղի ունեցած փոփոխությունները հիմնարար նշանակություն ունեն նաև ավելի լայն իմաստով, ոչ միայն կովկասյան ռեգիոնի համար։»
 
 Մեր դեմ պատերազմը Հակոբ Բադալյանի խոսքով, 44-օրյայից շատ ավելի վաղ է սկսել։ 
 
«Եթե դիտարկենք մեր անվտանգության մարտահրավերներն  այդ համատեքստում, ապա մեր դեմ պատերազմը խոշոր հաշվով սկսել է շատ ավելի վաղ, և շատ ավելի վաղ են կատարվել մասշտաբով թվում է փոքր, բայց համատեքստով և բովանդակությամբ խիստ նշանային զարգացումներ»։
 
 Որքանո՞վ են փոխկապակցված Ուկրաինայում ներկայումս ծավալվող գործողությունները և Արցախի՝ երկամյա վաղեմության իրադարձությունները, կարելի՞ է ասել, որ 44-օրյան Ուկրաինայում ընթացող դիմադրության նախերգանքն էր։ Հակոբ Բադալյանն ասում է․ 
 
«Կարծում եմ, 44-օրյան Որկրաինայի պատերազմի նախերգանք էր այնքանով, որքանով այդ պատերազմներն ու դրանից առաջ ծավալված գործողությունները միևնույն՝ համաշխարհային պատերազմի շղթայի օղակներն են։Իհարկե կա այդ ամենի փոխկապակցվածությունը, քանի որ նույն հիբրիդային պատերազմի մասն են։» 
 
Ռուսաստանի դիրքերը Ուկրաինայում կանխորոշելու են Հարավային Կովկասում ռուսական ներկայության հեռանկարը,-ասում է Բադալյանը։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ռուսաստանի լիակատար պարտությունը  կամ լիակատար հաղթանակը հայկական շահերից չի բխում․ Հայկական շահերից չի բխում այն պատճառով, որ մեր անվտանգային ճկունությունը հիմնականում, գոնե այս պահին, ձևավորվում է Ռուսաստանի հետ գործընկերության հաշվին։
 
«Սուբյեկտայնության մնացորդները, որ ունենք պատերազմից հետո, հավանական է կորցնենք՝ չի բացառվում, որ Հայաստանը կորցնի իր սուբյեկտայինությունը և մաս դառնա այդ ընդհանուր պետության գաղափարի։ Դրա նախապատրաստություններն էլ կան, և մարդիկ են գործուղվում Հայաստան և Արցախ, որոշակի գործողություններ կատարելու համար։ Դա Ռուսաստանի հաղթանակի դեպքի համար նախապատրաստություն է։Հաջորդ տարբերակը Ռուսաստանի պարտությունն է, ինչը ևս բավականին բացասական կլինի մեզ համար։ Եթե Ռուսաստանը կորցնի ոչ միայն ազդեցությունն Ուկրաինայի վրա, այլև իր հիմնական տարածաշրջանային տերության հեղինակությունը, վարկը, ռազմական հզորությունը, այստեղ Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերը կազատվեն, և նա հաշվի չի առնի Ռուսաստանի հետ պայմանվորվածությունները»։
 
 Ո՞րն է հայերիս համար ձեռնտու տարբերակը՝ Ռոբերտ Ղևոնդյանի տեսակետը․ 
 
«Մեզ համար լավագույն տարբերակը հավասարակշռության հաստատումն է, 2 կողմերի ոչ ամբողջական հաղթանակի ու ոչ ամբողջական պարտության սցենարով։ Եվ կարելի է ասել, որ ժամանակն է մեզ համար ձեռնտու, որպեսզի այն օգտագործենք մեր անվտանգությունը դիվերսիֆիկացնելու  արտաքին քաղաքականության մեջ աշխատելու, բանակը հզորացնելու, ժողովրդագրությունը բարձրացնելու, կրթության հիմնախնդիրները լուծելու  համար»։ 
 
«Քաղաքագետները 44-օրյա ու ուկրաինական պատերազմները մեկ ընդհանուր՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում են դիտարկում։ Եվ պատահական չէ նաև, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց 1 օր առաջ ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնագիր ստորագրեցին։ Դա, կարծես, չի խանգարում,  որ ադրբեջանական մամուլը հակառուսական ակտիվ քարոզչություն տանի ու Եվրամիության հետ տնտեսական խոշոր նախագծեր իրագործի։ Աշխարհաքաղաքական իրադարձություննեը հաշվի առնելով, թուրքական աշխարհը նույնպես դիրքավորվում է։ Հակոբ Բադալյանը կարծում է, որ աշխատելով Ռուսաստանի հետ, ոչ միայն դաշնակցային ֆորմալությունից, այլև օբյեկտիվ անհրաժեշտությունից ու շահերի ընդհանրություններից ելնելով  հայկական կողմը պետք է լրջորեն  խորհի հնարավոր սցենարային տարբերակների շուրջ՝ Ուկրաինայի հետ դիմակայության մեջ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման դեպքում կամ եթե Ռուսաստանը Կովկասում նոր զիջումների հաշվին որոշի Թուրքիայի աջակցությամբ որևէ բանի հասնել Ուկրաինական ճակատում․ անկախ նրանից, թե ինչքան ենք գնահատում դրա հավանականությունը։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ