Print this page

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ և ՄԱԿ․ ի՞նչ արձագանք սպասել

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 13, 2022

Ինչ ակնկալել ՀԱՊԿ-ից կամ ՄԱԿ-ից՝ նման իրավիճակում, ինչպե՞ս գործնականում կարձագանքեն այդ կառույցները Հայաստանի դիմումներին, կամ որքանո՞վ են արդարացված հայկական կողմի սպասելիքները։   Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ 

«Հայաստանի իշխանությունն, իհարկե,  ճիշտ է արել և՛ ՌԴ, և՛ ՀԱՊԿ, և՛ ՄԱԿ դիմելով։ Սա դիվանագիտական անհրաժեշտ գործիքակազմ է, որ պետք է օգտագործել։ Մյուս կողմից պիտի իրատես լինենք։ Այն պայմանագիրը, որին հղում անելով դիմում են ՌԴ-ին, 1997թ. փոխօգնության պայմանագիրն է։ Բայց այն ժամանակ Հայաստանը ՌԴ միակ դաշնակիցն էր Հարավային Կովկասում։» 

Այսօր, Սուրեն Սուրենյանցի խոսքով, իրավիճակն այլ է․ Հայաստանը կորցրել է Ռուսաստանի միակ դաշնակիցը լինելու մենաշնորհը։ Ընդ որում, արդեն ռազմավարական դաշնակից է նաև մեզ հետ պատերազմող պետությանը՝ Ադրբեջանին։ Սուրենյանցը կարծում է, որ այդ ամենը հաշվի առնելով, մեր սպասելիքները ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ՀԱՊԿ-ից, պիտի օբյեկտիվ լինեն։ 

«Ռուսաստանը միջնորդական դերակատարություն է ստանձնել և կփորձի կայունացնել վիճակը։ Ավելի մեծ աջակցություն Մոսկվայից այս պահին պետք չէ սպասել։ Մանավանդ որ Ուկրաինայով է տարված։ Այս փուլում Բաքվի ու Անկարայի հետ կոշտության չի գնա։»

 «Ռուսաստանը հավասար հեռավորության քաղաքականություն է վարելու այս պարագայում»,-ասում է քաղաքագետը։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ապա այն, մեր զրուցակցի կարծիքով, գլոբալ հակադրությունների պայմաններում դարձել է ըստ էության չգործող ինստիտուտ․ 

«ԳԻտեք, որ գլոբալ հակադրություն է, գիտեք, որ ՄԱԿ-ի 5 անդամ երկրներից մեկը կարող է Վետո դնել և հարցը չի քննարկվի, Իսկ Արևմուտք-Ռուսաստան այսօրվա հակադրության պայմաններում քիչ հավանական եմ համարում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է լուրջ քննարկում ունենալ և Ադրբեջանին զսպող բանաձև ընդունել։»

 Ադրբեջանը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին ռազմական օգնության դիմումը համարում է ոչ իրավաչափ՝ իրավաբանական տեսանկյունից․ «Խոսքը, գրում են ադրբեջանական աղբյուրները,- սահմանային «միջադեպի» մասին է, այն դեպքում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման, որպես այդպիսին, սահմանազատված չէ։ Կա միայն շփման գիծ»։ Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է իբր զինված միջադեպի նախաձեռնողը լինելու մեջ, իսկ տեղի ունեցած ռազմական գործողությունները որակում որպես հարկադրված ինքնապաշտպանական քայլ։ Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանն իր ձեռագիրը չի փոխում․ 

«Ադրբեջանի նարատիվներին չեմ ուզում անդրադառնալ, նա 10 օր է արդեն տեղեկատվական հող է նախապատրաստում այս ռազմագործողությունների համար։ Եվ հիմա  օբյեկտիվ է, որ պետք է կեղծեն իրականությունը։» 

Ակնհայտ այս էսկալացիան լայնամասշտաբ պատերազմի նման չէ․ «Ադրբեջանը կիրառում է այն մարտավարությունը, ինչ կիրառել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո արդեն 3 անգամ՝ Խծաբերդ- Մեծ Թաղեր, գազային տեռորով ուղեկցվող Փառուխ-Քարագլուխ, ապա մեկ ամիս առաջ տեղի ունեցած Բերձոր-Աղավնո ուղղություններում», -ասում է Սուրենյանցը։ Այս էսկալացիան տարբերվում է նրանով, որ ագրեսիայի թիրախում ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված մեկ այլ սուբյեկտի սահմաններն ու տարածքն են։ 44-օրյա պատերազմից հետո սա ամենամեծ սադրանքն է, որն, իհարկե, լայնամասշտաբ պատերազմ չէ, բայց տարբերվում է Ադրբեջանի կողմից նախաձեռնված նախորդ 3 սադրանքներից։ Քաղաքագետը սխալ և չափազանցված է համարում հայկական կողմի ակնկալիքները միջազգային հանրություն կոչվածից․ 

«Մեզ մոտ կան շրջանակներ, որոնց թվում է՝ Ռուսաստանը պետք է իրերին նայի հայկական շահի տեսանկյունից։ ՌԴ-ն հզոր կայսրություն է իր շահերով, օրակարգով, և այդ շահերը միշտ չեն համընկնում մեր շահերի հետ։ Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանն ինչ-որ կայունացնող դեր կատարում է։ Նույնը մյուս խաղացողների մասով։ Մենք պետք է սովորենք ադեկվատ, իրատեսական ակնկալիքներ ունենալ։ Անիրատեսական օրակարգից միայն կորուստներն են շատ լինում»։

 Այն, որ միջազգային կառույցները ճգնաժամի մեջ են՝ ակնհայտ փաստ է, բայց մենք, մեր իշխանությունները պետք է որդեգրենք իրատեսական օրակարգ։ Դա, ըստ Սուրենյանցի, պետք է լինի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և Արցախի անվտանգությունը։ «Խաղաղության պայմանագիրն արժեքավոր կլինի, եթե դրանում հղում կատարվի այն թեզին, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն՝ Ղարաբաղի սուբյեկտության հարցով։ Խաղաղության պայմանագիր չի նշանակում հաշտեցում։ Ղարաբաղի ժողովրդի համար անվտանգության երաշխիքներ պետք է ստեղծվեն, իսկ դա ենթադրում է ռուսական խաղաղապահ մանդատի հստակեցում, և նույն խաղաղության պայմանագիրը պիտի ներառի կետեր, թե Հայաստանն ինչ սոցիալական ու կրթական ծրագրերով է աջակցելու Արցախին »,-ասում է քաղաքագետը։ Նա Արցախի ճանաչման գաղափարն այսօր իրատեսական չի համարում, բայց միաժամանակ ընդգծում է, որ աշխարհում չկա Ադրբեջանի պես մի պետություն, որն ասի՝ Ղարաբաղ չկա և վերջ։ Հայկական կողմը պիտի օգտագործի տարածաշրջանի խաղացողների դիրքորոշումները՝ հայանպաստ դիրք ունենալու համար։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2022 18:26

Related items