Ապրիլի 19, 2024

Համարժե՞ք է, արդյոք, միջազգային հանրության արձագանքը ադրբեջանական ագրեսիային։

By Ասպրամ Ավանեսըան Սեպտեմբերի 14, 2022

Ադրբեջանի լայնածավալ  հարձակման վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի երեկ ընդունած հայտարարության տեքստում առանցքային բառը «ագրեսիան» է։ Որը միջազգային իրավունքի խոսույթում,  թերևս, ամենակարևոր եզրույթն է։ ՀՀ  ԱԺ պատգամավոր,  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծում է՝ «Ոչ ոք ագրեսիայից պաշտպանված չէ»։ 

«Ագրեսիան միջազգային ամենածանր հանցագործությունն է, որն անվանում են նաև «հանցագործություն խաղաղության դեմ», այս արարքը նախատեսում է շատ լուրջ պատասխանատվություն և՛ այն սուբյեկտների նկատմամբ, ովքեր սանձազերծել են, և՛ այն պետության նկատմամբ, ով դիմել է այս քայլին»: 

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը նախատեսում է հրատապ ռեժիմով քննարկել Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան:   

«Այս արարքը պատժելի է թե՛ միջազգային սովորութային իրավունքով, թե՛ ներպետական իրավունքով: Պետք է շատ հստակ նշել և ասել, որ ագրեսիան պատժելի արարք է համարվում նաև Ադրբեջանի քրեական օրենսգրքով: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սա պետք է հստակ իմանա»։

 Միջազգային իրավունքի տեսանկյունից ագրեսիան պատժելի է, իհարկե։ Բայց, ինչպես պարզվում է, պակաս կարևոր չէ նաև այն,  թե ով է  խախտում այդ իրավունքը։     Երկակի ստանդարտների  ազդեցությունը չի չեղարկվում անգամ քաղաքակիրթ աշխարհի անկյունաքարային իրավունքի դեպքում։    Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները միջազգային հանրությունը որակել է որպես ագրեսիա՝ կիրառելով բոլոր հնարավոր պատժամիջոցները։ Միևնույն ժամանակ Ուկրաինայից ցուցաբերելով ահռելի քաղաքական,  ռազմական ու ֆինանսական աջակցություն։      Բայց  Ադրբեջանն է   Հայաստանի ու Արցախի  հանդեպ բացահայտ ագրեսիայի դիմում,  միջազգային հանրությունը միայն կոչ ու հորդորներ է հղում։ Սա  անհամարժեք արձագանք է՝ կարծում է քաղաքագետ  Տարոն Հովհաննիսյանը։ 

«Վերջին տարիների  իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքակիրթ աշխարհը երկակի ստանդարտներով է մոտենում ագրեսիայի կիառմանը։ Կախված նրանից, թե որ երկիրն է ագրեսիա կիրառողը և որ երկրի հանդեպ է կիրառում, ըստ դրա տարբեր կերպ են արձագանքում։ Մի դեպքում այն որակվում է որպես ագրեսիա, մյուս դեպքում՝ ոչ»։

  Ինչպես 2020 թվականին, այնպես էլ այսօր,  կոչերի միայն մի մասն է հասցեական։ Այս մասին խոսել է նաև ԱԳՆ Արարար Միրզոյանը ԱԺ-ում։  

«Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած այս հարձակումը մեծավ մասամբ խիստ հասցեական դատապարտման է արժանացել միջազգային հանրության կողմից։ Անշուշտ, մի շարք երկրների ու կազմակերպությունների դեպքում [հայտարարությունները] ոչ այնքան հասցեական էին և ուղիղ արձանագրող, որքան մենք կցանկանայինք, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվելու են»:

  Տարոն Հովհանիսիյանի դիտտարկմամբ, այն դեպքում, երբ  ակնհայտ ու պարզ երևում է, որ պատերազմ հրահրողը, ագրեսորը ադրբեջանական կողմն է, հայտարարությունները պետք է ավելի հասցեական լինեն։ 

«Հստակ, հասցեական հայտարարությունների պակաս կա, չնայած շատ կորևոր էր, օրինակ, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, ֆրանսիական կողմի արձագանքը։ Սակայն միայն հայտարարությունները բավական չեն, անհրաժեշտ են հստակ գործողություններ»։ 

Արցախի հարցում միջազգային հանրության արձագանքը քաղաքական առումով քիչ թե շատ ընկալելի էր, հաշվի առնելով մեր պետության չճանաչված լինելու փաստը։ Հայաստանի պարագայում աշխարհի դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտի դրսևորում։ Իսկ այդ երկակիությունը պատերազմի երկրորդ օրն առավել քան  նկատելի է։ «Մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք ոչ միայն Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում, այլ նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն մինչև 2021 թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր, ինչպես նաև ոչնչով չպրովոկացված` Ադրբեջանի ագրեսիայի իրավական պատասխանատվության հարցի բարձրացում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։   Այն, որ պատերազմի ընթացքում խախտվում է նաև միջզգային մարդասիրական իրավունքը, պարզ էր դեռ երեկ, երբ հայտնի դարձավ քաղաքացիական շրջանում զոհերի մասին։    Հ-ի ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարեց, որ արձանագրում է պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներ։ Մեր զրուցակից Տարոն Հովհաննիսյանն այս պահին Վարդենիսում է, նա ականատեսի աչքերով հաստատում է մարդասիրական իրավունքի խախտումները։ Եվ եթե քաղաքական առումով Արցախի ու Հայաստանի պատերազմները, «տարբեր» են, ապա միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից նույնն են։ 

«Եթե խոսենք Միջազգային հասարակության արևմտյան հատվածի մասին՝ ԵՄ, Եվրոպա, ԱՄՆ, ապա նրանք հայտարարում են, որ իրենց արժեքները մարդու իրավունքներն են։ Այս դեպքում որևէ տարբերակված մոտեցում չպետք է լինի Հայաստանի ու Արցախի միջև»։

 Քաղաքական շահը առաջ է բերում երկակի ստանդարտներ, երկակի ստանդարտով էլ որոշվում են  մեղավորներն ու անմեղները։ Կոտնահարի՞,  արդյոք,  քաղաքակիրթ աշխարհը իր իսկ հռչակած ամենաբարձր իրավունքը, թերևս իմանանք առաջիկա օրերին։  

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2022 16:49
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ