Հոկտեմբերի 06, 2022

ՄԱԿ-ը ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի․ hակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 16, 2022

Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան, Հայաստանի արևելյան հարևանը, որը մի քանի անգամ ավելի մեծ է տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով, և որի թշնամական վարքագծի, հռետորաբանության և անվերահսկելի, անհամաչափ բռնությունը կարելի է համարել բռնության ամենավտանգավոր օրինակը: Ֆրանսիայի նախագահությամբ տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ արտահերթ քննարկմանը հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ ՄՀեր Մարգարյանը՝ ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։ Հայկական կողմը արձանագրում է՝ քննարկմանը մասնակցող երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը և բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում ասել է, որ քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց այդ փաստը որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը: 

«Շատ հստակ ընկալում կա, որ սա ներխուժում, ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Բազմաթիվ երկրներ խոսել են նաև ԼՂ հակամարտության մասին»։

 Մեսսիջները, որոնք հնչել են միջազգային խաղացողների կողմից չափազանց կարևոր են՝ ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Բայց պետք է կարողանանք դրանք կիրառել մեր ամենօրյա դիվանագիտական աշխատանքում։ Թե որքանով կկարողանանք այս հայտարարությունները օգտագործել ի օգուտ մեր արտաքին քաղաքական օրակարգի, կախված է բացառապես իշխանությունների հմտություններից և կարողություններից։ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որով նրանք փորձում են շրջանառել, թե չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և չկա Լեռնային Ղարաբաղ, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից։ Ավելին՝ ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը անբաժան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Հակամարտության կարգավորման վերաբերյալ արձագանք հնչեց նաև ամերիկյան կողմից։ Սուրեն Սարգսյանի խոսքով՝  ԱՄՆ-ն հստակ ներկայացնում է, թե ինչպիսին կարող է լինել խնդրի լուծումը ամերիկյան կողմի պատկերացմամբ։ Այստեղ նույնպես չափազանց կարևոր է հասկանալ՝ ինչ կարող ենք մենք ստանալ այս գործընթացներից։ 

«Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մենք պետք է շահերի համադրում կարողանանք իրակակացնել՝ տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ, անգամ գլոբալ խաղացողների հետ։ Եվ տեսնենք, թե ինչ ընդհանուր շահեր ունենք և որ ուղղությամբ է ավելի էֆեկտիվ շարժվել այսօրվա այս ծանր իրավիճակում։ Կարծում եմ՝ որոշակի վակուում է ձևավորվել, որովհետև, կարծես թե, վերջին էսկալացիայի ժամանակ ոչ Ռուսաստանն է ակտիվ մասնակցություն ունեցել և ոչ էլ Թուրքիան։ Միգուցե կա պայմանավորվածություն, որ կողմերից ոչ մեկը չխառնվի։ Ինձ մոտ համենայնդեպս այդպիսի տպավորություն է։ Եվ Միացյալ Նահանգները, կարծես թե, լցրել է այդ վակուումը միջնորդական առաքելությամբ։ Ես օրեր առաջ նշել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որից հետո Հայաստանի իշխանությունները՝ այդ թվում Աժ նախագահն ասաց, որ միջնորդական կարևոր առաքելություն է ունեցել ԱՄՆ-ն։ Կարծում եմ՝ իմ հաշվարկներն ու վերլուծությունները ճիշտ էին»։ 

Սեպտեմբերի 14-ից ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանին հրադադար է։ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հրադադարի պայմանավորվածության հաջողվել է հասնել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։ Սակայն ՄԱԿ-ում Հայաստանի  մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է՝ կան վստահելի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ: Ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիայի հերթական ակտը ընհանուր իրավիճակի տրամաբանական շարունակությունն էր։ Եվ քանի դեռ իրավիճակին տրված չէ քաղաքական լուծում, ապա հավանականությունը,  որ նման գործողությունները կարող են կրկնվել, մնում է։

 «Հետևապես պետք է նման ագրեսիվ գործողությունների քաղաքական գինը Ադրբեջանի համար դարձնել անհաղթահարելի։ Նաև նախապատրաստվել ուժային պատասխան տալ ուժային գործողություններին։ Պետք նաև տանել քաղաքական կարգավորման։ Ի վերջո, քաղաքական բանակցությունների, հարցի իրավաքաղաքական կարգավորոման ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել։ Սակայն որոշ առումով պետք է նաև փոխել կազմը և մասնակցությունը այն ներգրավված սուբյեկտների, որոնք իրոք շահագրգռված են, որ հարցը ստանա վերջնական լուծում»։

 Ռազմական գործողությունները դադարել են, բայց չեն ավարտվել:   Գնդակն  այժմ դիվանագիտության  դաշտում է, որտեղ, փորձագիտական շրջանականակների գնահատմամբ, մարտահրավերների կողքին նաև հնարավորություններ կան:  Կկարողանա՞, արդյոք, դիվանագիտությունը չեզոքացնել զինվորին սպառնացող վտանգը, թե մենք կրկին ստիպված կլինենք վճարել հնարավոր  ամենաթանկ գինը ստեղծված  իրավիճակում: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ