Ապրիլի 16, 2024

Անպատժելիությունը՝ նոր հանցագործությունների պատճառ

By Վիկտորյա Սարգսյան Սեպտեմբերի 19, 2022

1918 թվականից սկսած իր կատարած  ոչ մի հանցագործության համար Ադրբեջանը պատասխանատվություն չի կրել։ Ցեղասպան քաղաքականություն, տարածքների բռնազվթում, մշակութային ժառանգության յուրացում և ոչնչացում։ Ստեղծվեց անպատժելիության մթնոլորտ, որը հող նախապատրաստեց Ադրբեջանի համար պատերազմ սանձազերծելու համար։ Հայատյացությունը և էթնիկ  զտումները հանդիսանում են Ադրբեջան արհեստածին պետության քաղաքականության անբաժան մաս՝ ասում է Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։  

«Նպատակն այն է, որ հանրությանն ու միջազգային տարբեր կառույցների ներկայացնենք այն ցեղասպան քաղաքականությունն ու ռազմական հանցագործությունները, որ 1918 թվականից իրականացնում է Ադրբեջանը որպես արհեստածին պետություն։ Նաև ցույց տանք, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել, երբ պետական մակարդակով իրականացված ահաբեկչական քաղաքականությանը գնահատական չի տրվում»։ 

Ստեղծված իրավիճակը մեզ պարտադրում է հետադարձ հայացք ձգել մեր անցյալին ու մտածել, թե այսօր ինչ կարող ենք անել այս ցեղասպան քաղաքականությունը կանխելու համար։ «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի խոսքով՝ նախ պետք է հասկանալ՝ որտեղից են Ադրբեջանի այս քաղաքականության արմատները։ 

«1918 թվականին Թուրքայի կողմից ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը կոչված էր իրակականցնելու Թուրքիայի ցեղասպանական քաղաքականությունը արևելյան Անդրկովկասում։ Եվ այդ պետական կազմավորումը ստեղծման օրից առ այսօր այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացնում է։  Այս քաղաքականության ռազմական դրսևորումներին էլ ենք ականատես եղել և անգամ, այսպես կոչված, խաղաղ ժամանակներում էլ ենք ականատես եղել»։

 Մենք իրապես գործ ունենք հանցագործ երկրի հետ, որը ղեկավարում են ռազմական հանցագործներ՝ ասում է ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Դրան մենք կրկին ականատես եղանք բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած դեպքերը փաստում են, որ Ադրբեջանը շարունակում է  հանցավոր գործունեությունը՝  արհամարհելով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։    Այս ժամանակահատվածում Արցախում զոհվել է 15 զինվորական և 3 քաղաքացիական անձ։ Իսկ Խծաբերդի ու Հին Թաղերի, Փառուխի ու Խրամորթի դեպքերը վկայում են, որ  ուժի կիրառումը Ադրբեջանը դարձրել է հարցերը լուծելու հիմնական գործիք։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այս ամենը և այն հոգեբանական հարձակումները, որ իրականացվում են ամենօրյա ռեժիմով, հուշում են, որ Արդբեջանն իր վարքագիծը չի փոխել։ 

«Նպատակն է ամբողջությամբ հայաթափել Արցախը և յուրացնել Արցախի տարածքը։ Այս քաղաքականությունը իրականացնելու կիրառվող գործիքներից է նաև ենթակառուցվածքային ահաբեկչությունը, որը նաև այս օրերին ենք մեզ վրա զգում՝ նույն կոմունիկացիաների խաթարումը, մարտ ամսին արձանագրված գազամատակարարման  խաթարումը։ Սրանք մեկ ամբողջական քաղաքականության առանձին տարրեր են, որոնք ոչ այլ ինչ են, քան ցեղասպանական գործողություն»։ 

Իսկ տեղյա՞կ է, արդյոք,  աշխարհն այս ամենի մասին։ Վերջերս Եվրոպական Խորհրդարանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ պաշտպանի կողմից այս բոլոր հարցերը բարձրաձայնվել են։ «Այո, տեղյակ են և ուշի ուշով հետևում են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ այդ թվում ներքաղաքական։ Արդյոք, իրենց համար վստահելի՞ է այն ինֆորմացիան, որը դուրս է գալիս Արցախից, և որտեղ  մենք փաստեր ենք ներկայացնում արցախցիների իրավունքների լայնածավալ խախտումների մասին։ Մեծ հաշվով, այո՛, վստահելի են, և նրանք հենց հիմնվում են այն հայտարարությունների ու զեկույցների վրա, որոնք հրապարակվում են Արցախի տարբեր գերատեսչությունների կողմից։ Եվ ինչ՞ն է պատճառը, որ շարունակում են պահպանել նման անտարբերություն։ Իմ գնահատմամբ՝ պատճառը հիմնականում քաղաքական է, աշխարհաքաղաքական»։ Քանի դեռ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ կոնկրետ առարկայական պատժամիջոցներ չեն կիրառվել, ցանկացած հայտարարություն և կոչ ոչ մի ազդեցություն չի ունենալու՝ համոզված են բանախոսները։ Այստեղ անելիքներ ունեն բոլորը։ Պետք է խոսել հանցագործությունների մասին ոչ միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում, այլ անընդհատ։ Պետք է օգտագործել ցանկացած գործիքակազմ՝ պաշտպանելու սեփական հողակտորի համար պայքարող մարդկանց իրավունքները։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ