Հոկտեմբերի 06, 2022

Լարվածություն Իրանում․ կլինի,՞ արդյոք, տարածաշրջանային պատերազմ

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 22, 2022

Իրանում տեղի ունեցող ցույցերը մահացած երիտասարդ աղջկա պատճառով թե պատրվակով են՝ վերլուծաբանների տեսակետները տարբեր են։ Ցույցերի՝ վաղօրոք կազմակերպված լինելու մասին հայտարարություն է արել Թեհրանի նահանգապետը։ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան դատապարտել են աղջկա ձերբակալությունն ու նրա մահվան պատճառ դարձած բռնությունը։ Այն դեպքում, երբ տարածաշրջանը, որտեղ Իրանի գործոնը կարևորագույն դերակատարություն ունի, շատ մոտ է լայնածավալ ռազմական բախման, Իրանում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացները բազմակի նշանակություն են ստանում։ Կարո՞ղ են այդ բախումները մասսայական բնույթ ստանալ՝ վերածվելով քաղաքական ներքին գործընթացները սրելու գործիքի․ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կարծում է՝ ոչ։ 

«Հյուսիսային Իրանում նման պրոցեսներ եղել են ավանդաբար, այնտեղ ապրող ազգերի բնակչությունը այս կամ այն հանգամանքների բերումով միշտ փորձել է արմատականություն, անջատողականություն ու ազգայնականություն տարածել։ Այդպիսի միտինգներ, անկարգություններ եղել են վերջին 20 տարում՝ տարբեր ինտենսիվությամբ»։

Այլ հարց է, որ տարածաշրջանում ընդհանուր լարվածության ֆոնին դժգոհության ակցիաները նոր հնչողություն են ստացել։ «Պնդել, որ այդ ակցիաները կարող են ծայրահեղ հետևանքեր և շոշափելի ազդեցություն ունենալ Իրանի ներսում տեղի ունեցող պրոցեսներին և անկայունություն մտցնել՝ չեմ կարող »,- ասում է քաղաքագետը։ 

«Իհարկե, Իրանը ներսից պայթեցնելու խնդիրներ կան, տարբեր ահաբեկչական խմբավորումներ նացիոնալիստական խմբեր, ոչ միայն Հյուսիսային Իրանում, նաև՝ Կենտրոնում ու Արևելքում, գործել են՝ նպատակ ունենալով այնտեղ իշխանություն փոխել և երկիրն այլ ուղղությամբ տանել»։ 

Քաղաքագետը  Խամենիի մահվան հետ կապված ինֆորմացիայի տարածումը նույնպես  այդ պայքարի ծիրում է դիտարկում․  իրավիճակը Իրանում փոխվել է, իշխանությունը թուլացել և հնարավոր է այնտեղ փոփոխություններ մտցնել։ 

«Իրանը շատ ուժեղ երկիր է, Իրանը կայսերական պետականության պաշտամունք ունեցող երկիր է, ունի ահռելի ազդեցության լծակներ, ռեգիոնի բոլոր երկրներում,  դրանք տեսանելի էլ չեն։ Այսինքն եթե խոսում ենք Իրանի մասին, պիտի հասկանանք, որ ռեգիոնալ գերտերության մասին ենք խոսում»։ 

Իրանում փոփոխություններով շահագրգռված երկրները տարածաշրջանի երկրների ներգրավմամբ նաև փորձում են հասնել այդ նպատակին․ վերջին շրջանում Ադրբեջանը ևս ակտիվ դիվանագիտական փոխհրաձգության մեջ է հայտնվել Իրանի հետ։ Բնականաբար, այդ փոխհրաձգությունների մեջ հայկական գործոնը վերջին տեղում չէ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Բագերին այսօր հայտարարություն է արել, որ չեն հանդուրժի տարածաշրջանային սահմանների փոփոխություն և Հայաստանին ու Ադրբեջանին խորհուրդ է տվել իրենց հիմնախնդիրները լուծել խաղաղ երկխոսության ճանապարհով։ «Մենք կոնֆլիկտներ ու պատերազմ չենք հրահրում, բայց և չենք լռում, եթե դրանք սկսվում են։ Մենք ուզում ենք, որ տարածաշրջանը ազատ լինի սպառնալիքներից՝ Արևմտյան Ասիայի երկրների համագործակցությամբ ու բարեկամությամբ»,- ասել է Բագերին։ Այս հարցում Հայաստանը պետք է հաշվի առնի մի բան, ասում է Ալեն Ղևոնդյանը, Իրանը լուծում է իր խնդիրը․ Հայաստանի խնդիրները պիտի լուծի հայկական կողմը՝ տարածաշրջանային խաղի մեջ սեփական շահերի հաշվարկով։  

«Մենք մեծ հաշվով նույն ճանապարհն ենք գնում և նույն տեսլականն ունենք՝ գոյութենական առումով։ Իրանի շուրջ լարվածություն պարբերաբար եղել է, և պետք է հասկանալ, թե դրա արմատները և խորությունն այս անգամ ինչպիսին են լինելու։ Ես թերահավատ եմ, որ այնտեղ զանգվածային ակցիաները կունենան տոտալ և համատարած բնույթ․ Իրանն իր ներքին գործիքակազմով  այդ խնդիրները, իհարկե, կլուծի»։ 

Դրանով հանդերձ, քաղաքագետը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից սադրանքներ լինեն Իրանի նկատմամբ, դրանք տարբեր ինտենսիվությամբ եղել են միշտ, և նույնիսկ սահմանային միջադեպերի ժամանակ զինվորներ են զոհվել։ Բայց դրան զուգահեռ Իրանի ու Ադրբեջանի միջև կան որոշակի Պայմանագրային պայմանավորվածություններ, առևտուր, կան Ռուսաստանի հետ հյուսիս-հարավ միջանցքի հետ կապված գործնական քայլեր։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Իրանն ու Ադրբեջանը պաշտոնապես մեկնարկել են Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը երկու երկրների սահմանամերձ գոտում, որի  արդյունքում կստեղծվի Ադրբեջան-Իրան-Նախիջևան միջանցք։   Այս փաստարկները հիմքում ունենալով, քաղաքագետը զերծ է մնում Ադրբեջանի ու Իրանի միջև հնարավոր ռազմական բախման վերաբերյալ սուր գնահատականներ տալուց։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ