Ապրիլի 19, 2024

Դիտորդական առաքելություն՝ հայ-ադրբեջանական սահմանին. ռիսկեր և ակնկալիքներ

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 30, 2022

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների հետ հանդիպմանն ասել է, որ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը ԼՂ հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Նախօրեին Հայաստանում ֆրանսիայի դեսպան Ան Լույոն այլ դվանագետների հետ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ իրենք աջակցում են հայ ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին, աշխատում են այդ ուղղությամբ, բանակցում այլ երկրների հետ։ «Դիտորդական առաքելություն ուղարկել տարածաշրջան, դա նշանակում է այդ առաքելության մեջ ներգրավված պետությունների ազդեցության ակտիվացում տվյալ տարածաշրջանում։ Այս դեպքում հասկանալի է, որ նաև՝ արևմուտքի պետությունների։ Ռուսաստանը դա դիտարկում է որպես հարավային Կովկասում ազդեցության աճին ուղղված քայլեր»,- թեմայի շուրջ վերջին օրերի տեղեկատվությունը վերլուծելով, ասում է քաղաքագետ Բենիամին Հովսեփյանը։ 

«Դրանով է պայմանավորված,  կարծում եմ, Ռուսաստանի նախնական բացասական արձագանքը, որովհետև երեկ Մարիա Զախարովան անդրադառնալով դիտորդների տեղակայման հարցին, նշել է, որ պետք չէ նոյեմբերի 9 եռակողմ հայտարարությունը , որ պետքէ լինեն կարգավորման հիմք, փոխարինվեն այլ, չգործող մեխանիզմներով»։

 Բնական է, Ռուսաստանը խանդով է վերաբերվում իր դեմ պատերազմ մղող պետությունների ներկայությանը՝ իր կենսական շահերի գոտում՝ ասում է քաղաքագետը։ 

«Հիմա փաստացի ընթանում  է Արևմուտք-Ռուսաստան պատերազմ, իսկ Հարավային Կովկասը սահմանակից է ՌԴ-ին ու նրա կենսական շահերի գոտին է, և բնական է, որ Ռուսաստանը ցավագին է ընդունելու իր դեմ պատերազմող պետությունների ազդեցությունը մեծացնելուն ուղղված ցանկացած գործողություն՝  իր շահերի գոտում»։

  Մյուս կողմից, իրենք՝ ռուսներն էլ են հասկանում, որ Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ աճող ագրեսիայի պայմաններում ինչ որ բան ի վերջո պիտի արվի, և ինքը չի կարող Հայաստանից պահանջել, որ «ձեռքերը ծալած նստի»։ 

«Հասկանալի է, որ Ռուսաստանը հիմա ի վիճակի չէ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության  գնալ, քանի որ դա արագ կարող է վերածվել ռուս թուրքական հակամարտության՝ բացելով երկրորդ ճակատ Ռուսաստանի համար»։

Քաղաքագետը Լավրովի հայտարարությունը ՀԱՊԿ-ի դիտորդներին օգտագործելու հնարավորության վերաբերյալ այս համատեքստում է դիտարկում։ 

«Հասկանալի է, որ Արևմուտքի երկրներից էլ կլինեն, միջազգային դիտորդների մեջ։ Առաջին հերթին Ֆրանսիայից, գուցե նաև ԱՄՆ-ից, քանի որ տեսնում ենք, թե ինչքան են նրանք ակտիվացել վերջին շրջանում»։

 Բենիամին Հովսեփյանի կարծիքով՝ վերջին զարգացումները, հատկապես սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպումները  հիմք ընդունելով կարելի է արդեն խոսել Հայաստան-Ադրբեջան բանակցային երրորդ՝ ամերիկյան հարթակի ձևավորման մասին՝ Մոսկովյան և Բրյուսելյան հարթակներից հետո։ Ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանը, որպեսզի չվերածվի գերտերությունների բախման կետի։ Քաղաքագետը կարծում է, այս հարցում արդեն իսկ  ուշացել ենք․

«Ես ձեռնպահ կմնայի կտրուկ քայլեր անելուց, այդ թվում և խաղաղության պայմանգիր ստորագրելուց։ Այն, պայմաններում, ինչ Ադրբեջանն է առաջարկում պայմանգրի ստորագրումը, այն է՝ Արցախի մասին առանց որևէ հիշատակման, հասկանալի է, որ միանգամից օգտագործվելու է Արևմուտքի կողմից, հարց բարձրացնելու ռուսական ներկայությունն այստեղ թուլացնելու, կամ խաղաղապահ առաքելությունը հանելու համար։ Իսկ ԱՄՆ լավ հասկանում են, որ ռուսական ազդեցությունը ամենից առաջ պայմանվորված է ռազմական ներկայությամբ։ Արևմուտքի խնդիրը Հարավային կովկասում ռուսական ազդեցությունը չեզոքացնեն է»։

  «Ոչ ոք չի չեղարկել  1997 թվականի Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, Հայաստանն ԱՀՊ-ից դուրս գալու գործընթաց չի սկսել, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց դրան զուգահեռ, կարծես թե, քայլեր են կատարվում մեծացնելու Արևմուտքի ազդեցությունն այստեղ»,-ասում է քաղաքագետը։ Իհարկե, Արևմուտքի ու Ռուսաստանի բախումը Հայաստանի համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բայց մյուս կողմից էլ չի կարող  ձեռները ծալած սպասել Ադրբեջանի հերթական հարձակմանը։ Բենիամին Հովսեփյանն ասում է, որ նման պայմաններում պետք է ձեռնպահ մնալ կտրուկ քայլեր անելուց։

«Հենց այս տրամաբանության մեջ է քաղաքագետը դիտարկում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի   ստորագրումը»։

Բայց, ներկա աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում նման պայմանագրի հետ էլ հույս կապելը մեծ ռիսկեր է պարունակում,-ասում է։ Ռազմական բալանսը հիմա տարածաշրջանում խախտված է հօգուտ ադրբեջանի, և  դա Ադրբեջանի հիմնական հաղթաթուղթն է։ Բենիամին Հովսեփյանը գտնում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո գոնե, Հայաստանը բանակի հզորացման ծրագրերին պիտի մեծ տեղ տար։ Ըստ Բենիամին Հովսեփյանի, Կոլեկտիվ Արևմուտքից իրավական ուժ ունեցող երաշխիքներ ակնկալել չենք կարող, ստանալ կարող ենք քաղաքական երաշխիքներ։   Լիարժեք կգործե՞ն դրանք, թե ոչ՝     գլոբալ աշխարհակարգի  փոփոխության պայմաններում, նույնպես կասկածելի է։ Հայաստանը սա պետք է հաշվի առնի՝ հիմք ընդունելով, ասենք, Վրաստանի օրինակը, որն արդեն ավելի քան 2 տասնամյակ բացահայտ պրոարևմտյան քաղաքականություն է վարում, բայց Արևմուտքի հետ դաշնակցային հարաբերություններ մինչ օրս չունի։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ