Փետրվարի 23, 2024

Նոր շեշտադրումներ քաղաքական հայտարարություններում․ նոր հնարավորություննե՞ր, թե սպառնալիքներ

By Անի Աբաղյան Հոկտեմբերի 11, 2022

Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ Արցախի խնդիրը դուրս է մնացել հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստից՝ կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու հավելում՝ չպետք է մոռանալ, որ այսօր Հայաստանը գործ ունի մրցակցային հարթակների հետ․ մի կողմից Միացյալ Նահանգների ու Եվրամիության, մյուս կողմից՝ Ռուսաստանի ջանքերի միջև, որոնք կարող են որոշակի խնդիրներ առաջացնել, որովհետև կողմերը երբեմն ոչ այնքան խնդրի կարգավորմամբ են զբաղվում, որքան մեկը մյուսի նախաձեռնությունները տորպեդահարելով։ Բայց միևնույն ժամանակ 

«Միջնորդական նախաձեռնությունները դեռ չեն խանգարում, իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, իհարկե, այստեղ ինչքան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ջանքեր գործադրեն, ամենամեծը Ռուսաստանի Դաշնության դերակատությունն է մնում, որովհետև գետնի վրա՝ Արցախում, գործում է հենց նրանց խաղաղապահ զորախումբը»։ 

Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության թեման երեկ քննարկվել է նաև Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում։ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ սա դիվանագիտական  հնարավորություն է, որը պետք է ճիշտ օգտագործել, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունից բացի գոյություն ունի նաև ռուս-ուկրաինականը, և այսօր մեզ համար «պատուհան» բացող պետությունները վաղը կարող են ողջ ռեսուրսները կենտրոնացնել այդ ուղղությամբ՝ Հայաստանին մենակ թողնելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ 

«Մենք ոչ թե պետք է ժամանակ ձգձգենք, այլ հնարավորինս արագ գնանք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, որովհետև նման ակտիվ միջնորդական ջանքեր այլևս կարող  են չլինել, քանի դեռ պատուհանը կա, տարբեր միջնորդների՝ Ռուսաստանից սկսած ԱՄՆ-ից վերջացրած, ջանքերը կան, գնանք հակամարտության կարգավորման․ վաղը կարող է նման պատեհություն չստեղծվել»։ 

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափից բացի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը քննարկվում է նաև այլ ձևաչափերում՝ բրյուսելյան, ամերիկյան հարթակներում։ Երեկ էլ հայտնի դարձավ,որ Ֆրանսիայի Սենատում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը բանակցությունների համար որպես գործիք օգտագործելու հարցը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։  

Ինչպե՞ս են ազդում այս անդրադարձները արցախյան հիմնախնդրին, օգնու՞մ, թե վնասում են։

 Չնայած  տարբեր հարթակների միջև առկա մրցակցությանը, այն դեռևս ռիսկեր չի առաջացրել, բայց քաղաքագետը մտահոգություն ունի․ գլոբալ զարգացմանը զուգընթաց այդ հարթակների մրցակցությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել։ 

«Հակամարտությունների կարգավորմանը որպես կանոն օգնում է միջազգային կոնսոլիդացված (համախմբված) ջանքերը։ Այս պարագայում մենք դա չենք տեսնում, և մի շարք խնդիրներ առաջանում են հենց դրանից, որովհետև մի բան, որ բխում է Ռուսաստանի շահերից, հակադրվում է ԱՄՆ-ի շահերին և հակառակը»։

 Արցախը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը։   Ադրբեջանն էլ ասում է, որ չկա Ղարաբաղ ու Ղարաբաղի հարց, հետևաբար ինչպե՞ս պետք է բանակցեն ու ինչի՞ մասին։ Ագրեսորին «զսպող» գերտերությունները հասցեական հայտարարությամբ հիշեցնում են Արցախի ու այստեղ ապրող հայերի անվտանգության կարևորության մասին՝ ասում է զրուցակիցս, բայց այն ուժ կունենա, եթե գրառումից ու հայտարարությունից վերաճի հստակ գործողության։ Նրա խոսքով՝  Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմները պետք է հստակեցվեն՝ լինի դա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրով, թե այլ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ