Դեկտեմբերի 09, 2022

Հայաստանը չի բացառում, Արցախը գիտակցում է, ընդդիմությունը չի վստահում

By Լենա Բադեյան Նոյեմբերի 12, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մի քանի տարբերկ կա` Հանրային հեռուստաընկերության եթերում հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի համար կարևոր է, որ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի:
 
«Խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ կան։ Մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի, շրջանակի վերաբերյալ։ Նաև Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունն իր մեկնաբանությունները, առաջարկները, մեծ հաշվով՝ տեքստի մեր տարբերակը ներկայացրել է քննարկման, և հույս ունենք, որ Ադրբեջանը դա կառուցողական կքննարկի և կարձագանքի»։ 
 
Եթե կողմերի համար ընդունելի լինի առաջարկների շրջանակային տարբերակը, ապա վարչապետը չի բացառում փաստաթղթի՝ մինչև տարեվերջ կնքվելը։ Շրջանակային համաձայնագիրը գծագրում է հարաբերությունների ընդհանուր շրջանակը, բայց չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը։ Արցախում դեմ չեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց դեմ են, որ խնդիրները փոխկապակցվեն։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրում Արցախի խնդիրը պետք է հիշատակվի։
 
«Ինչ–որ կերպ պետք է ինչ–որ անդրադարձ կատարվի։ Մենք իրաատես ենք, չենք ուզում ծայրահեղական ինչ–որ գաղափարներով հանդես գանք։ Ասենք, օրինակ՝ թող Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը։ Սա իդեալական է, բայց սա կարող է այդ գործընթացը խափանի։ Բայց մյուս կողմից անթույլատրելի ենք համարում, որ ֆիքսվի, որ Ադրբեջանը Արցախի մաս է։ Սա էլ այն մյուս ծայրահեղությունն է։ Մենք, հասկանալով մեր պատասխանատվությունը հայ ժողովրդի նկատմամբ, տարածաշրջանում՝ խաաղաղության և կայունության, ասում ենք՝ լավ, եկեք ծայրահեղականությունից հրաժարվենք, գանք ոսկե միջինին։ Թողնենք այս հարցն ապագային, քանի որ այդ հարցն անհնար է կարգավորել հիմա։ Բայց փոխկապակցել մեկը մյուսի հետ և ասել, որ անպայման Արցախը պետք է ճանաչվի Ադրբեջանի մաս, որ Ադրբեջանը իրենք խելոք պահի, այդպիսի բան չի լինելու»։
 
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ 2018 թվականից ի վեր բանակցությունների ընթացքում քննարկված ցանկացած նախադասությունից ԼՂ իշխանությունը տեղյակ է: Այս դեպքում շատերի՝ այդ թվում նաև «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար տարակուսանք է առաջացնում օրակարգում կրկին հայտնված Արցախի պաշտպանության բանակի կազմալուծման հարցը։ Ընդդիմադիր պատգամավորը չի հասկանում, թե ինչու են այդ թեման քննարկում հայաստանյան և արցախյան իշխանական շրջանակները։ Ֆեյսբուքում պատգամավորը գրել է․ «Որքան էլ ՊԲ կրճատումը՝ կարևոր չէ ամբողջակա՞ն, թե՞ մասնակի, ներկայացվի միջազգային երաշխիքների կամ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կազմի հնարավոր ընդլայնման համատեքստում, դա ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ է»։ Մինչդեռ Հայաստանի և Արցախի իշխանությունները միակարծիք են, որ ՈԴ խաղաղապահներն առանց անվտանգության երաշխիքների հստակ ձևակերպման ուղղակի չեն կարող դուրս գալ ԼՂ-ից։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ անգամ 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու համար նախ պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ։
 
«Եթե ԼՂ հայության իրավունքների, անվտանգության ապահովման հետ կապված բոլոր երաշխիքները ստեղծված լինեն, բայց դրանք ոչ միայն պետք է ստեղծվեն, այլև կյանքով փորձարկվեն: ՌԴ խաղաղապահները առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման ուղղակի չեն կարող դուրս գալ. ԼՂ խաղաղապահ զորախումբը շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ՌԴ Դաշնային խորհրդի որոշման հիման վրա. դրանում գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ բնակչության զանգվածային սպանությունները կանխելու և թույլ չտալու համար»:
 
Այս հարցում, ըստ Փաշինյանի, կա ևս մեկ նրբություն․ խաղաղապահները տեղակայվել են ցեղասպանության կամ այլ սպառնալիք կանխելու համար, բայց եթե Ռուսաստանը ցանկություն կամ կարողություն չունի երաշխիքներ ապահովելու, ապա պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ֆիքսի իրողությունը և դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ այդ հարցը լուծվի։ Միջազգային երաշխավորներ հարկավոր են նաև խաղաղության պայմանագրի իրականացման համար։Այդ անհրաժեշտությունը, ըստ Փաշինյանի, հաստատում են պայմանավորվածություններից հետո ադրբեջանական սադրանքները, օրինակ՝ սեպտեմբերի 13–ի դեպքերը։
 
«Միջազգային երաշխիքների և երաշխավորների շատ ուժեղ ինստիտուտ է պետք, հակառակ դեպքում խաղաղության պայմանագիրը ուղղակի թուղթ կդառնա, որը ոչ մի արժեք չի ունենա։ ՌԴ–ն ուզո՞ւմ է և կարո՞ղ է այդ դերը կատարել, մենք ուրախ ենք։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհո՞ւրդը, ուրի՞շ միջազգային խաղացողներ, որոնք կարող են ռեալ այդ դերը ստանձնել և իրականացնել։ Մենք պատրաստ ենք այդպիսի քննարկումների»։
 
 Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող են միջազգային երաշխավորները գործել, եթե օրինակ, ԵՄ դիտորդների ներկայությունը հայ–ադրբեջանական սահմանին, միևնույնն է, չի զսպում ադրբեջանական սադրանքները։
 
«Ես չեմ կարծում, թե դիտորդները այստեղ են ամեն օր հայտարարություններ անելու համար։ Կարծում եմ, որ իրենք իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պետք է անեն Եվ այդ հետևությունները, իմիջիայլոց, պետք է փոխանցեն նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված անձանց, պաշտոնյաներին և միջազգային հանրությանը։ Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ։ Այսինքն՝ իրենք հրադադարի ռեժիմի խախտման մոնիթորինգ չեն իրականացնում, իրենց միսիայի էությունը ավելի խորն է։ Պրահայի հայտարարության համատեքստում, երբ կա ըստ էության ճանաչված սահման, նրանք պետք է ճշտեն հարաբերությունները այդ ճանաչված սահմանի հետ»։
 
 Ի դեպ, վարչապետն իր հարցազրույցում փակագծեր է բացել, թե Հայաստանը սահմանն ապառազմականացնելու ինչ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: 2020–ին արված նույն առաջարկն ավելի են մանրամասնել Պրահայում և Սոչիում արձանագրված արդյունքներով․ որպես հիմք ընդունում է 1991 թվականի սահմանը, ստեղծվում է 6 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի՝ յուրաքանչյուր կողմի բանակի ստորաբաժանումները պետք է ամբողջությամբ 3 կմ գոտուց դուրս բերվեն և այդ հատվածի պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից։ Հայաստանի ընդդիմադիր դաշտում քիչ հավանական են համարում, որխաղաղության պայմանագիրը կնքվի մինչև տարեվերջ։ Քաղաքագետ Ռուբեն Մելքոնյանը համարում է, որ փաստաթղթում թուրք–ադրբեջանական նախապայմանների տեղատարափ է։
 
«Ես չեմ հավատում խաղաղություն եզրույթին, դա խաղաղության պայմանագիր չէ։ Դա լինելու է պարտադրանքների, նախապայմանների մի ամբողջություն։ Կբավարարվեն Ադրբեջանի շահերը, նոր կլինի հայ–թուրքական հարաբերություններում բարելավում։ Բայց ես կանխատեսում եմ, որ թուրքական նախապայմանները նույնպես ներկայացվելու են Հայաստանին, եթե ներկայացված չեն՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, ճանաչել Կարսի պայմանագիրը և երեկ ամենավտանգավորը, որ ես տեսա Փաշինյանի ելույթում, դա Հայաստանի Անկախության Հռչակագրի շուրջ քննարկումներ սկսելու նրա հայտարարություններն էին»։
 
 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր պատգամավորների հետ կիսելու, քննարկելու բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Համոզված է, որ դրան ծանոթանալուց հետո դա որևէ մեկին հիմք չի ունենա ասելու, որ իշխանությունը ՀՀ շահերին հակասող որևէ գործողություն է ձեռնարկել։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ