Ապրիլի 19, 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ից Ալիևայի հրաժարականի պատճառներն այլ են

By Վիկտորյա Սարգսյան Նոյեմբերի 22, 2022

Ադրբեջանցի վտարանդի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը սենսացիոն բացահայտում է արել՝ Մեհրիբան Ալիեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հրաժարվել է կոռուպցիոն գործարքի բացահայտման պատճառով։ Ըստ Յունուսովի, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանին նվիրված որևէ միջոցառում էր կազմակերպում, ամեն անգամ կառույցի գլխավոր տնօրեն, բուլղարուհի Իրինա Բոկովայի ամուսնու՝ Կալին Միտրովի բանկային հաշվին Բաքվից փոխանցվում էր 100-200 հազար եվրո։ Բոկովան, որ զբաղեցրած պաշտոնում ընդհանուր առմամբ վաստակել է 790 հազար դոլար, Նյու-Յորքում ձեռք է բերել 2,4 միլիոն դոլար արժեցող բնակարան՝ վճարելով առձեռն։ Գործարքը բացահայտվել է, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Մեհրիբան Ալիեւային խորհուրդ են տվել հրաժարական տալ՝ խուսափելու աղմկոտ բացահայտումներից: Ահա թե ինչ է իրականում թաքնված Մեհրիբան Ալիևայի հրաժարականի հետևում՝ գրում է Յունուսովը։ Ալիևան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է 2004թ-ից։ Այս ընթացքում Ադրբեջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում են հայտնվել հայկական լավաշը, տոլման, քամանչան ու քոչարին։ Բայց և այնպես,  Ալիևան դժգոհելով է հեռանում կազմակերպությունից։ Այսօր Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն մի քանի ուղղություններով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղված մեղադրանքները հերթականներից են։ Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Մեհրիբան Ալիևայի այս քայլը ավելի խոր արմատներ ունի։ 

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ Ալիևան բավականին լավ հարաբերություններ ուներ։ Բնականաբար, մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը ինչպիսի ակտիվությամբ էր աշխատում։ Նույնիսկ ցանկանում էին խառնվել կազմակերպության փոխնախագահի ընտրություններին։ Փոլադ Բուլբուլօղլին էր իր թեկնածությունը դրել, բանականաբար ոչ առանց Մեհրիբանի աջակցությամբ։ Եվ նույնիսկ քիչ էր մնում նրանց այդ «առաքելությունը» կյանքի կոչվեր»։

 Ադրբեջանը բավականին ակտիվ էր աշխատում ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Հատկապես, յուրացրած ոչ նյութական արժեքներն էր ներկայացնում որպես ադրբեջանական՝ ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը։ Դրանք հայկական, պարսկական և ընդհանուր կովկասյան ոչ նյութական մշակութային ժառանգությանը պատկանող արժեքներ էին, որոնք հաջողությամբ ներկայացվեցին որպես ադրբեջանական։ Ադրբեջանը նաև ամեն կերպ փորձում է քողարկել իր վանդալիզմի քաղաքականությունը, հայկական մշակութային ժառանգության բռնայուրացումը։ ԿԳՄՍ փոխնախարարը մեծ հույսեր չունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն անմիջապես  կփոխի իր քաղաքականությունը, բայց կարծում է, որ ճիշտ աշխատելու դեպքում, կարելի է որոշակի առաջխաղացում գրանցել։ 

«Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը կարող է ինչպես մյուս կազմակերպություններին, այնպես էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ին թույլ չտալ, որպեսզի տարածաշրջանում իր առաքելությունն իրականացնի։ Խնդիր է նաև այն, թե արդյոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրա՞ստ է այդպիսի քայլեր ձեռնարկել։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք»։

 Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախում այս ուղղությամբ աշխատում է նախագահի հրամանով ստեղծված «Օկուպացված տարածքներում ոչ մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը»։ Հայաստանի ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատսխան բաժնի նորկայացուցիչը նույնպես խորհրդի անդամ է։ 

«Բացի Արցախի պետական լիազոր մարմիններից ներկայացված են նաև Հայաստանի համապատասխան պետական հիմնարկները՝ այդ թվում ԱԳՆ-ն, անկախ մասնագետներ, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմադրամի ներկայացուցիչներ, նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Եվ այս աշխատանքները պետք է կատարվեն, որպեսզի մենք նաև պատրաստ լինենք, առաքելության Արցախ գալու դեպքում, պատասխանել նրանց հարցերին»։ 

Նախկինում եղել են դեպքեր, երբ Արցախից դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Բայց հասցեական արձագանքներ այդպես էլ չեն եղել։ Այս ուղղությամբ ասյօր էլ գործընթացներ կան։ Փոխնախարարը փակագծեր չի բացում, բայց նշում է, որ կան գործեր, որոնք արդեն ներկայացված են համապատասխան կառույցներում։ Այս մասին կխոսվի առաջիկայում։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 22 Նոյեմբերի 2022 14:03
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ