Ապրիլի 19, 2024

Տապալված դիվանագիտությո՞ւն, թե՝ մեղավորների փնտրտուք

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 02, 2022

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այն  կարծիքին է, որ Լավրովն անկեղծ չէ, երբ ռուսական առաջարկների չիրականացման պատասխանատվությունը դնում է Հայաստանի վրա: «Եթե ուկրաինական պատերազմի հետևանքով Մոսկվայի կարողությունները սահմանափակված չլինեին, Ռուսաստանը Հայաստանի կարծիքը չէր էլ հարցնի ու Բաքվի նկատմամբ ճնշման կամ նրա հետ առևտրի միջոցով՝ կհասներ իր օրակարգի իրացմանը»,-ասում է: 

Չեմ ուզում ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը լրիվ չեզոքացնեմ, ՀՀ իշխանությունը, ցավոք, չունի օրակարգ,ինչի պատճառով հաճախ հայտնվում է «Մեղադրյալի աթոռին»։ Երբեմն Արևմուտքից ենք դժգոհություններ լսում, երբեմն՝ Հյուսիսից։ Բայց ընդհանուր տպավորություն է, այնուամենայնիվ, որ այս պահին Մոսկվային չի հաջողվում Բաքվի հետ կոնսենսուսի գալ Արցախի կարգավիճակի քննարկումը հետաձգելու հարցում, և նա փորձում է մեղավոր նշանակել Հայաստանին»։

 Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝  հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու տեխնիկական հարցերի շուրջ, և Լավրովի ասածի մեջ որևէ նորություն չկա։ 

«Լավրովն ասել է մի բան, որի մասին ՀՀ քաղաքագիտական, քաղաքական հանրային շրջանակները մեկ-երկու տարի խոսում են։ Իրարանցում առաջացրել է պարզապես այն, որ  նման մակարդակի  գործչի արված հայտարարությունը ուղղակիորեն ֆիքսում է այն, ինչ որ Հայաստանում բավականին երկար ասվել է»։

 Լավրովն անդրադարձել է Ալմա-Աթայի հռչակագրին և պնդել, թե երբ «բոլոր կողմերը հավանություն են տալիս դրան` առանց որևէ վերապահման», կարգավիճակի հարցը ինքնաբերաբար դուրս է մնում օրակարգից: «Այս փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հայկական կողմը մեզ ասում է` թող Ռուսաստանը պաշտպանի Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր առաջարկները, դա փոքր-ինչ այլ օպերայից է, բանակցություններ վարելու հետ կապ չունի»,- ասել է Լավրովը: Այստեղ սակայն, այլ հարցեր են առաջանում․ ԱՀ արտգործնախարարի   պաշտոնակատար Դավիթ Բաբայանն իր հարցազրույցներից մեկում ասում է, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում. Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հարց է ուղղում Սերգեյ Լավրովին․ «Ալմաթիի hռչակագիրը ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Չէ՞ որ դրան երկու լայնածավալ պատերազմ է հաջորդել։ Եւ եթե առաջինը միջազգայնորեն չի լեգիտիմացրել ԼՂՀ անկախությունը, երկրորդն ինչպե՞ս կարող է ապալեգիտիմացնել ԼՂ սուբյեկտությունը։ Մանավանդ, որ նոյեմբերի 9-ի hայտարարությամբ, որ ստորագրել է նաեւ ՌԴ նախագահը, այդ սուբյեկտությունը ճանաչվում եւ հարգվում է։ Թե Ձեր մտահոգությունն այն է, որ Ալմաթիի hռչակագրին հղումը կարող է պոստխորհրդային բոլոր հակամարտությունների կարգավորման համար մոդելային-նախադեպային իրավական հի՞մք դիտվել»։   Սուրեն Սուրենյանցը տեսականորեն ճիշտ է համարում այդ կարծիքը, և համաձայն է դրա հետ։ 

«Ալմաթայի հռչակագրից հետո շատ ջրեր են հոսել․ կա՞ր չէ այդ հռչակագիրը, որ համանախագահները, այդ թվում և ՌԴ, քննարկում էին ԼՂ կարգավիճակի հարցը։ Եթե ամեն ինչ այդպես կանխորոշված էր Ալմաթիի հռչակագրով, ուրեմն խնդիր էլ չկար։ Տեսականորեն ճիշտ է այդ կարծիքը։ Ես էլ եմ այդպես կարծում»։

 Բայց ամբողջ խնդիրն, ըստ Սուրենյանցի, այն է, որ «մենք մեր պնդումներում ճիշտ ենք, բայց ճշմարտություններ ասելով մենք մեկ այլ ճշմարտություն ենք փորձում չնկատելու տալ»։ 

«Ցավոք, ԼՂՀ անկախության հարցում, ՀՀ միավորման հարցում ՀՀ-ն չունի դաշնակիցներ։ Եվ եթե մի շարք արևմտամետներ այսօր երեսով են տալիս Լավրովի ասածները, կարող են հետևել արևմտյան գործիչների հայտարարություններին, կտեսնեք, որ այնտեղ էլ չկա անկախության հեռանկարի կամ ճանաչման հնարավորության մասին խոսք»։

 Այո, անկախ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել, բայց ժամանակները փոխվել են, և Ադրբեջանը, արդեն ուժեղի դիրքերից, ցանկացած փաստաթուղթ մեկնաբանելու է իր շահերի տիրույթում, ասում է Սուրեն Սարգսյանը, իսկ մեր դիվանագիտությունը ջանք պիտի գործադրի հայկական շահերի տեսանկյունից ներկայացնելու դրանք։ 

«Ցանկացած իրավական փաստաթուղթ կարելի է տարբեր ձևով մեկնաբանել։ Մոտեցումը հստակ է, և բնական է, որ Ադրբեջանը մեկնաբանելու է իր շահերի տիրույթում։ Հիմա որքան էլ պնդենք, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, դա մեծ հաշվով Ադրբեջանի համար ընդուելի չի լինելու։Բայց մեր իշխանություններն էլ չեն խոսում Արցախի ինքնորոշման իրավունքից։ Եթե բանավեճ կար, որ Արցախը իրավական առումով ճիշտ ճանապարհով է գնացել, թ ե սխալ՝ ինքնորոշման իրավունքի կիրառման տեսանկյունից, 30 տարի այդ բանավեճը կար։ Հիմա մենք ինքներս չենք խոսում ազգերի ինքնորոշման իրավունքից՝ որպես Արցախյան կարգավորման հիմք, կամ այդ հիմքում ընկած միջազգային իրավունքի սկզբունք»։

 Այս հարցում Սուրեն Սարգսյանը հայկական դիվանագիտությունը տապալված է համարում։ «Մենք պարտվողական դիրքերում ենք, և մեծ հաշվով Լավրովի ասածն այն էր, որ այնպիսի տպավորություն է, որ Արցախը Հայաստանին պետք չէ»,-ասում է։ Վաշինգտոնն ամեն ինչ արել է, որ ԼՂ խնդիրը կարգավորվի, և նրա համար էական տարբերություն չկա, թե ում օգտին կլինի այդ կարգավորումը, քանի որ ԱՄՆ գերնպատակը ՌԴ ազդեցության նվազեցումն է մեր տարածաշրջանում և 90-ականներից սկսած աջակցել են  հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը կամ կոնֆլիկտի չեզոքացմանը՝ ասում է զրուցակիցս։ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ ներկա իրավիճակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է, և գուցե նաև՝ վտանգավոր։ «Հայաստանի ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն, ԼՂ-ի հայկականություն ու անվտանգություն,-ասում է Սորենյանցը։ -Սա է առավելագույնը, ինչին կարող է ձգտել հայկական դիվանագիտությունը»:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 02 Դեկտեմբերի 2022 17:13
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ