Մարտի 28, 2024

ԱԺ-ն քննարկել է պետական, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցերը

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 02, 2022
Հանրապետության նախագահի աշխատակազմի ծախսերը ներկայացրել է աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: 833 մլն դրամ պահպանման ծախսերի գերակշիռ մասը բաժին է ընկնում աշխատավարձային  ֆոնդին: Կարեն Շահրամանյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ 43 մլն դրամ ավելացումը պայմանավորված է պաշտոնական դրույքաչափերի բնականոն աճով:
 
«Նախատեսված ծախսերի գերակշիռ մասը բաժին է ընկնում աշխատավարձի ֆոնդին՝ 713 մլն. 432 հազ. դրամ կամ 85,5 տոկոսը: Ընդհանուր հաստիքների թիվը 145 է»:
 
 Վերջին շրջանում հանրապետության նախագահի խորհրդականները մի շարք հանդիպումներ են ունեցել արտերկրում: Պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հետաքրքրվեց՝ որքանո՞վ են արդյունավետ լինում այդ հանդիպումները և որքանո՞վ են դրանք անհրաժեշտ բյուջեի նման սուղ պայմաններում:
 
 «Նշեմ, որ խորհրդականները ճյուղային խորհրդականներ են: Յուրքանչյուր ոլորտում նախատեսված է խորհրդական: Նրանց գործուղումներից հետո, միանշանակ, լինում է հաշվետվություն, որում մանրամասն ներկայացվում է հանդիպումների նպատակներն ու արդյունքները»: 
 
ԱԺ աշխատակազմի պահպանման ծախսերը կազմելու են 794 մլն դրամ, նախորդ տարվա համեմատ այն ավել է 12 մլն դրամով  : ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանի խոսքով՝ 9 մլն ավելացումը պայմանավորված է պաշտոնական դրույքաչափերի բնականոն աճով: Պետական նախարարի աշխատակազմի ծախսերը պլանավորված են 231 մլն դրամի չափով, նախորդ տարվանից ավել 6 մլն դրամով: Բյուջեի 89.2 տոկոսը կազմում է աշխատավարձային  ֆոնդը: Պետական նախարարի աշխատակազմի ղեկավար Դավիթ Արզումանյանն է ներկայացրել պահպանման ծախսերը: 
 
«Ծախսային ուղղությունների փոփոխությունը, նախորդ տարվա համեմատ, կապված է միայն աշխատավարձերի բնականոն աճի հետ: Այս ծախսերի մասով փոփոխություններ չկան: Պետնախարարի աշխատակազմի հաստիքների թիվն ու հատկացված ծառայողական մեքենաների քանակը մնացել են անփոփոխ»:
 
 ԱՀ նախագահի կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը կազմելու են 349 մլն դրամ:3 մլն դրամով նվազեցումը պայմանավորված է մեկ հաստիքի ու մի քանի հոդվածներով ծախսերի կրճատմամբ: Դատական համակարգի ծախսերը նախատեսված է 733 մլն դրամ, որից 650 մլն դրամը աշխատավարձի ֆոնդն է: Դատախազության պահպանման ծախսերը նախատեսված են 602 մլն դրամ ,8 մլն դրամ ավելացումը պայմանավորված է դասային աստիճանների փոփոխությամբ, կրճատվել են ներքին գործուղումների ծախսերը: Նախորդ տարի բյուջեի քննարկմանը բարձրացվել է համակարգում կարդրերի պակասի խնդիրը: Պատգամավորները հետարքրքրվեցին՝ արդյոք լուծվել է այդ խնդիրը: 
 
«Խնդիրը կար ու պահպանվում է նաև հիմա: Մենք առաջիկայում նախատեսում ենք բաց մրցույթ կազմակերպելու միջոցով լրացնել թափուր հաստիքները: Պարբերաբար կազմակերպում ենք նաև վերապատրատման դասընթացներ ՀՀ արդարադատության ակադեմիայում: Աշխատանքային պրոցեսից չկտրվելու համար դրանք հաճախ կազմակերպվում են նաև հեռավար»:
 
 Արդարադատության նախարարության բյուջեն կկազմի 507 մլն դրամ: Նախարար Ժիրայր Միրզոայնի խոսքով՝48 մլն ՀՀ դրամ ավելացումը պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով:
 Համատեղ նիստը շարունակվել է օրվա երկրորդ կեսին: Քննարկման են ներկայացվել քննչական և պետական տեսչությունների կառավարման կոմիտեների, հաշվեքննիչ պալատի, պետական վերահսկողական ծառայության , մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական ծառայության խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2023թ ֆինանսավորման հարցերը: Քննչական կոմիտեի ծախսերը կկազմեն 580 մլն դրամ, որի 88.5 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը: ԱՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի ծախսը՝ պալատի խորհրդի նախագահ Տիգրան Ծատրյանի փոխանցմամբ՝ կազմելու է շուրջ 197 մլն  դրամ, որը աճել է նախորդ տարվա նախատեսվածից շուրջ 3 ու կես մլն  դրամով: ԱՀ պետական վերահսկողական ծառայության հանրային ծառայությունների ապահովման համար 2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 223 մլն    դրամ: ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի պահպանման ծախսերը նախատեսվում է շուրջ  339 ու կես մլն  դրամ, որից աշխատավարձի ֆոնդը կազմելու է մոտ 326 մլն   դրամ, որը կազմում է կոմիտեի ընդհանուր բյուջեի 96 տոկոսը: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ 2023թ. պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք գումարը կազմելու է 82 մլն 333 հազ 400 դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 4 մլն 565 հազ 500 դրամով: Քաղծառայության խորհրդի 2023թ-ի պահպանման ծախսերը նվազել են 525 հազ դրամով՝ կազմելով 123.8 մլն դրամ: Համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացրած տեղեկատվության՝ 2023թվականին կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը կազմելու է շուրջ 93 մլն   դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 4 ու կես մլն  դրամով: Զեկուցողները պատասխանել են նաև պատգամավորների առաջադրած հարցերին:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ