Ապրիլի 20, 2024

Ի՞նչ սպասել 2023-ի Թուրքիայից

By Սոֆյա Հակոբյան Հունվարի 10, 2023

Թուրքիայում անցել են նոր ռազմաբազայի կառուցմանը, ըստ դեռևս ոչ պաշտոնական տվյալների, բազան տեղակայված է լինելու Բայազետի նահանգում՝ Արարատ լեռան ստորոտին, ՀՀ սահմաններից մոտ 40-45 կմ հեռավորության վրա։Տարբեր ոչ պաշտոնական աղբյուրները օրերս տարածել են տեղեկություն, ըստ որի ռազմաբազան ստեղծվելու է մոդուլային սկզբունքով․ այստեղ նախատեսվում է տեղակայել ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ, ռադիոլոկացիոն կայաններ, հրետանի։Մի կողմից, հաշվի առնելով, որ 2023-ին նախագահական ընտրությունների պատրաստվող Թուրքիային ներքին խմորումներով լի տարի է սպասվում, կարելի է ենթադրել, որ քրդաբնակ այս շրջանում նոր ռազմաբազայի ամրակայումը հետապնդում է ներքին նպատակներ, մյուս կողմից՝ ՀՀ արևմտյան հատվածներն ու այդ թվում մայրաքաղաք Երևանն ամբողջությամբ այս հատվածից դիտարկելու հնարավորությունը Ադրբեջան-Հայաստան նոր լարումների ֆոնին՝ բազմաթիվ մտորումների տեղիք է տալիս։Թուրքական պաշտոնական աղբյուրները թեմային դեռ անդրադարձ չեն կատարել։Ըստ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, ակնհայտ է, որ այդ բազան կարող է օգտագործվել Հայաստանի ու այնտեղ տեղակայված ռուսական ռազմաբազայի դեմ՝ նախևառաջ հետախուզական նպատակներով։

«Թուրքական կողմից ասում են, որ բազան ծառայելու է հակաահաբեկչական նպատակների, գուցե և ծառայի իսկապես ահաբեկչության դեմ պայքարի համար, բայց ակնհայտ է, որ դա կօգտագործվի նաև Հայաստանի դեմ։ Կան տվյալներ, որ բազան բավականին հագեցված է լինելու  տեխնիկական միջոցներով»։ 

Այս տարի Թուրքիայում սպասվում են և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններ։ Հաշվի առնելով, որ արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիան անցել է կառավարման նախագահական համակարգի, շատ ավելի էական են հենց նախագահական ընտրությունների արդյունքները։Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Թուրքիայում այս տարվա ընտրությունները կարող են բացառիկ նշանակություն ունենալ , քանի որ որոշելու են ոչ միայն այդ երկրի ներքին զարգացման միտումները, այլև կունենան աշխարհաքաղաքական նշանակություն։

«Էրդողանը եթե վերընտրվի և վերընտրվի նրա գլավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու իր կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» պանթուրքիստական կուսակցությունը, կշարունակվի Էրդողանի քաղաքականությունը, որը ագրեսիվ քաղաքականություն է, և նպատակ ունի Թուրքիային տարբեր արկածախնդրությունների միջոցով բարձրացնել Թուրքիայի դերն ու նշանակությունն աշխարհում։ Եթե պարտվի Էրդողանը և ընդդիմությունը, որը արևմտամետ է, գա իշխանության՝ դա կնշանակի, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կդառնա ավելի կառավարելի։ Արևմուտքի համար առաջին հերթին, իհարկե։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ի համար»։

Թուրքագետը նկատում է՝ նման զարգացումը կանդրադառնա նախևառաջ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վրա և մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Այսինքն՝ ընդդիմության հաղթանակի դեպքում ռուս-թուրքական մերձեցման մակարդակը որոշակիորեն կիջնի։

«Էրդողանը կշարունակի իր քաղաքականությունը, որը մի կողմից համագործակցում է ՌԴ-ի հետ, հաշվի չառնելով այն ճնշումները, որն իր վրա իրականացնում է Արևմուտքը և առաջին հերթին ԱՄՆ-ն, մյուս կողմից Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ ՌԴ-ն ինչ-որ չափով կախման մեջ է հայտնվել Թուրքիայից և փորձում է մեր տարածաշրջանում հնարավորինս ուժեղացնել իր դիրքերը՝ ի հաշիվ ՌԴ-ի»։

 Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ թուրքագետը վստահ է, որ Էրդողանի վերընտրության պարագայում կշարունակվեն ճնշումները ՀՀ դեմ՝ օգտագործելով Ադրբեջանն ու փորձելով հասնել նրան, որ Հայաստանը հնարավորինս մեծ զիջումների գնա։ Ընդդիմության հաղթանակի պարագայում, ըստ Սաֆրաստյանի, Թուրքիայի քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ գուցե սկզբունքայնորեն չփոխվի, բայց արտաքուստ կլինի ավելի մեղմ։

«Գուցե և Արևմուտքին դուր գալու համար մի քիչ «քաղաքակիրթ» ձևով վարեն այդ քաղաքականությունը։ Էնպես որ՝ սկզբունքային փոփոխություն ես չեմ ակնկալում»։Թուրքագետը հիշեցնում է Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի աղմկահարույց ելույթը, թե հիմա ամենալավ պահն է, որ Թուրքիան Հայաստանի դեմ ճնշումներով հնարավորինս շատ բան կորզի։«Ինչու եմ մեջբերում հենց Դավութօղլուին, որովհետև բացի այն, որ նա Թուրքիայում և աշխարհում հայտնի դիվանագետ և քաղաքական գործիչ է, նաև նա 6 կուսակցություններից մեկի նախագահն է, որոնք մեկ դաշինքով պայքարում են Էրդողանի դեմ»։

Ի վերջո՝ ով կհաղթի այս ընտրություններում։ Ըստ թուրքական Մետրոպոլլ հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին հարցման՝ դեկտեմբերի վերջին շաբաթվա դրությամբ գործող նախագահ Էրդողանի օգտին    պատրաստ է քվերակել հարցվածների 40․3 տոկոսը միայն, 50․7 տոկոսը չէր ցանկանա, որպեսզի գործող իշխանությունը վերընտրվեր։ Միևնույն ժամանակ երևում է, որ նախորդ ամիսների համեմատ Էրդողանի վարկանիշը մի փոքր աճ է գրանցել։Թուրքագետը նկատում է՝ Թուրքիայում նման հետազոտական կենտրոնները հիմնականում սպասարկում են կա՛մ իշխանության, կա՛մ ընդդիմության շահերը և դժվար է դրանք օբյեկտիվ ու արժանահավատ որակել։ Այնուամենայնիվ, Սաֆրաստյանի համոզմամբ, խորհրդարանական ընտրություններում ընդդիմության դաշինքը Էրդողանին հաղթելու շանսեր ունի, նախագահականում՝ ավելի քիչ հավանական է նման սցենարի զարգացումը։

«Առաջին անգամ կարող է այս 20 տարվա մեջ Էրդողանի ղեկավարած կոալիցիան պարտվել ընտրություններում։ Եվ կարող է հաղթել 6 կուսակցություններից կազմված ընդդիմադիր դաշինքը։ Պատկերը իմ մեկնաբանությամբ հետևայլն է, որ պարևտվելու է Էրդողանի կուսակցությունը։ Եթե սրան ավելացնենք երրորդ կուսակցությունը, դա Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն է, այդ կուսակցությունը մոտ 10 տոկոս կստանա և կմտնի խորհրդարան։ Ավելի հավանական է, որ կհամագործակցի ընդդիմության հետ։ Եվ այս պարագայում իմ հաշվարկներում հարաբերակցությունը կլինի 60 տոկոս ընդդիմության դաշինքը, 40 տոկոս Էրդողանի կոալիցիան։ Իհարկե, դա կարող է փոխվել կապված տնտեսական վիճակի հետ երկրի»։

Ինչ վերաբերվում է նախագահական ընտրություններին, ըստ Սաֆրաստյանի, Էրդողանը կհաղթի, սակայն, ամենայն հավանականությամբ, երկրորդ փուլում։ Ընդդիմության թիվ մեկ խնդիրն այս հարցում դեռևս միասնական թեկնածու առաջադրած չլինելն է։ Հավանական թեկնածուներից Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական Էքրեմ Իմամօղլուի դեմ քրեական գործ է հարուցվել, նույնիսկ բանտից խուսափելու դեպքում հավանականություն կա, որ նրա քաղաքական գործունեությունը կարգելվի։ Մյուս հավանական թեկնածուն՝ նույն Ժողովրահանրապետականներից Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հայտնել է ընտրություններում մասնակցելու իր ցանկության մասին, ըստ թուրքագետի, բավականին ոչ խարիզմատիկ և թույլ կերպար է Էրդողանի համեմատ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ