Մարտի 29, 2024

Կբացվի արդյոք Լաչինի միջանցքը։ Ինչո՞վ է պայմանավորված Լավրովի լավատեսությունը

By Վիկտորյա Սարգսյան Հունվարի 19, 2023

Խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովի մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 15-ին։ Այս մասին երեկ ԱԽ նիստում հայտարարել է հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: Այս դեպքում ինչո՞վ է պայմանավորված Լավրովի լավատեսությունը։ Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի խոսքով՝ եթե ՌԴ ԱԳ նախարարը նման հայտարարություն է անում, ապա, ըստ էության, նա հանձն է առնում, որ միջանցքը կբացվի։ Չբացվելու դեպքում, սա ռուսական կողմի հերթական ձախողումը կլինի։ Լավրովը նաև խոսել է իրավիճակի կարգավորման ռուսական առաջարկների մասին։ Նրա խոսքով՝ խաղաղապահները հատուկ սարքավորումներով կարող են զննել այն մեքենաները, որոնք կասկածելի են թվում, քանի որ Ադրբեջանը պնդում է, իբր հայկական կողմը ականներ է տեղափոխում և ականապատում սահմանը։ Բայց, արդյոք, Ադրբեջանը կբավարարվի՞ այսքանով։

«Ռուսները հիմա էլ են հսկում մեքենաները։ Բայց այն հայտարարությունում, որ իրենք պետք է զննեն մեքենաները, խոսք չի գնում Ադրբեջանի մասնակցության մասին։ Որքանով ես հիշում եմ, ռուսական կողմը ժամանակին առաջարկել էր տեղադրել զննող սարքեր, որոնց արդյունքներին ոչ թե տեղում, այլ գոնե ինչ որ հեռավորության վրա, կարողանա տեղեկանալ նաև Ադրբեջանը։ Հիմա ես չգիտեմ՝ որ տարբերակը տեղի կունենա, բայց հիմնական վեճի առարկան այժմ այդ զննմանն է վերաբերում։ Եվ ադրբեջանական կողմը ցանկանում է ուղղակիորեն մասնակցել դրան»։

Գրեթե բոլոր միջազգային կառույցներն ու տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրները անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Հարցը երեկ քննարկվել է նաև ԵԽ-ում։ Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև ու մի շարք կոչեր հղել Ադրբեջանին։ Սակայն հարց է, թե Բաքվում ինչպես կվերաբերվեն քաղաքակիրթ աշխարհի այս կոչերին։ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ ԵԽ-ի բանաձևը բավականին կոշտ և միանշանակ է և Եվրոպական միությունը կամ Արևմուտքը ունեն բազմաթիվ լծակներ՝ ազդելու Ադրբեջանի վրա։ Երեկ տեղի ունեցավ նաև Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ, որում նույնպես ընդգծվեց Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը։ Նեդ Փրայսն այսօր խոսել է նաև Ալիևի հետ հնարավոր հեռախոսազրույցի մասին։ Ինչ ազդեցություն կունենա սա իրավիճակի հանգուցալուծմանը։ Միացյալ նահանգները նույնպես լծակներ ունի Ադրբեջանի վրա, որոնցով կարող է բացել Լաչինի միջանցքը՝ ասում է Ստեփան Դանիելյանը։ Սակայն հարցը նրանում է, թե որքանով ԱՄՆ-ն կուժեղացնի ճնշումները և առհասարակ որն է Միացյալ նահանգների քաղաքականությունը Հարավային Կովկասում։

«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն շատ ուժեղ ճնշումների կգնա Ադրբեջանի նկատմամբ, որովհետև հիմա իրենց համար առաջնային է Իրանի խնդիրը՝ կապված միջուկային գործարքի հետ։ Իսկ այս հարցում Ադրբեջանը այս գործում իրենց դաշնակիցն է»։

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Լաչինի միջանցքը առաջիկայում կբացվի։ Սակայն այս հարցը արդեն աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն է ձեռք բերել։ Որ գերտերությունը կարողանա բացել միջանցքը, նա էլ տարածաշրջանում կմեծացնի իր հեղինակությունը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ