Մարտի 28, 2024

Լաչինի միջանցքը՝ սակարկման առարկա

By Սրբուհի Վանյան Հունվարի 24, 2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ   հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Այս հայտարարությանն այսօր արձագանքել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ասելով, որ Ռուսաստանը` որպես եռակողմ պայմանավորվածությունների և երկու տարի առաջ ստորագրված փաստաթղթերի կողմերից մեկը, շարունակում է կատարել իր պարտավորությունները՝ տքնաջան ու բարդ աշխատանք տանելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Արցախի շուրջ ձևավորված իրավիճակը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը համարում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական խաղի կարևորագույն տարր և ամենևին պատահական չի համարում Արևմուտքի ակտիվությունը աշխարհաքաղաքական սակարկությունների ներկա փուլում։ Լաչինի միջանցքի շրջափակումը հնարավորություն է ստեղծել ներգրավվելու մի գործընթացում, որից տևական ժամանակ, նաև սեփական կամքով, հեռացել էր։ Դա ամենևին, ըստ քաղաքագետի, չի խոսում ԱՄՆ հումանիստական դիրքորոշման մասին,այլ առնչվում է Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերին։

«Եթե հարցին մոտենանք մրցակցության ու առևտրի դիրքերից, Արևմուտքի համար բլոկադան հարմար առիթ ՝ մտնելու պրոցեսի մեջ,սեփական շահերից ելնող որոշակի ձեռքբերումներ ունենալու համար, ի հաշիվ ռուսական կողմի։ Ադրբեջանի կոշտ դիրորոշումը անհիմն չէ․ Ադրբեջանն այն պետությունն է, ով ունի գազային ռեսուրսներ ու ենթակառուցվածքներ, որոնց միջոցով հավաքական Արևմուտք կոչվածը ռուսական գազի այլընտրանք է ստանում։ Արցախի խնդիրը հավելյալ հնարավորություն է՝ պրոցեսում ներգրավվելու, և  փորձելով քննադատական մոտեցում ապահովել ռուսական էլեմենտի նկատմամբ՝ ոչ լիարժեք գործունեության համար, փորձելով նրանց ապալեգիտիմացնել։»

 Եվրախորհրդարանականների հայտարարությունները, Ֆրանսիայի նախագահի ձևակերպումներն ու գնահատականները,  ըստ Ալեն Ղևոնդյանի, առավելապես տեղավորվում են սիմվոլիկ քաղաքականության մեջ։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆրանսիայի աշխուժությունը պայմանավորում է այլ մոտիվներով․ Փարիզը առանցքային խնդիրը տեսնում է Թուրքիայի դիրքերի ուժեղացման մեջ։ 

«Եվ ոչ միայն Կովկասի ուղղությամբ, այլև դրա հնարավոր ազդեցությունը կենտրոնասիական ուղղությամբ, որը ֆրանսիական քաղաքականության համեմատաբար նոր հետաքրքրական  ուղղություն է՝  մի շարք պատճառներով, այդ թվում ռեսուրսային, մյուս կողմից՝ մերձավոր-արևելյան ուղղությունը, որը ֆրանսիական քաղաքականության ավանդական ուղղություններից է։ Թուրքիայի՝ Կովկասում ամրանալը բերելու է այդ ուղղություններով նրա մրցունակության բարձրացմանը։ Այստեղ առաջանում են  Ֆրանսիայի մոտիվները, որպեսզի թույլ չտա Թուրքիային ամրանալու Կովկասում»։

 Իսկ առհասարակ, Արևմուտքի ակտիվության պայմանական մեկնարկը տարածաշրջանում Բադալյանը համարում է 2022 թվականի հուլիսին Իրանում տեղի ունեցած Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ վեհաժողովը, ինչին զուգահեռ նկատվեց ԱՄՆ անմիջական ակտիվությունը։ Հավաքական Արևմուտք կոչվածի միասնական քաղաքականություն գոյություն չունի, և նրանում դիտարկվող երկրների շահերն ու խնդիրները իրականում տարբեր են։ 

«ԱՄՆ պարագայում՝ խնդիրը Վաշինգտոնը ձևակերպել է առավել քան հստակ, հայտարարելով, որ իրեն մտահոգում է ռուս-իրանական մերձեցումը և հնարավոր ամեն քայլ ձեռնարկելու է այդ մերձեցումը թույլ չտալու համար։Միևնույն ժամանակ Իրանի միջուկային ծրագրի հարցը և փաստացի Իրանի միջուկային սպառազինության հարցը դարձել է առանցքային հարցերից մեկը, ԱՄՆ հայտարարել է, որ միջուկային գործարքի վերականգնումն արդեն  իր համար առաջնահերթություն չէ,Իսրայելի հետ քննարկում են հնարավոր քայլեր Իրանի այդ հեռանկարի դեմ, Իսրայելում կառավարություն է վերադառնում Նաթանյահուն։ Այս պրոցեսներն իրենց ազդեցությունն են թողնում Կովկասում գործողությունների վրա։»

 Արևմուտքը մեր տարածաշրջանում 3 պետության տեսքով է խաղում, Ալեն Ղևոնդյանը նույնպես կարծում է, որ դրանց քաղաքականությունն ու խնդիրները նույնը չեն։ Կարևոր է այստեղ Թուրքիայի գործոնը, երկիր, որը կարողանում է մի կողմից իր շահերի շրջանակում գործընկերություն անել Ռուսաստանի հետ, մյուս կողմից արևմտյան շահերի պրիզմայի ներքո իր՝ որոշակի պրոցեսների մասնակցությունը կարողանում է վաճառել Արևմուտքին։ Ֆրանսիան համեմատաբար ինքուրույնություն է ցուցաբերում՝ խնդիր դնելով բավարարել սեփական քաղաքական ամբիցիաները, ամերիկաբրիտանական բևեռը խնդիր ունի տարածաշրջանից ռուսական գործոնը դուրս մղել, ինչը ըստ նրա, կարող է նոր աղետ բերել ինչպես Արցախին, այնպես էլ Հայասատանին։ 

«Աշխարհաքաղաքական խաղը շատ կոշտ կանոններով է իրողություն դառնում, առնվազը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Սիրիայում, այլ կետերում ունենք սրված, ընդգծված մրցակցություն, հետևաբար Արցախը և Հայաստանը այդ տեսնակյունից կարող են դառնալ այդ մրցակցության հերթական հանգրվանը;»

 Ուզենք թե ոչ՝ ռուսական շահերի բնույթը Հարավային Կովկասում փոխվել է։ Եթե նախկինում Ռուսաստանի դերը դոմինանտ էր, ապա գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները, հատկապես 2020 թվականի արցախյան պատերազմից հետո, ստեղծել են այնպիսի պայմաններ, որ Թուրքիան փաստացիորեն ներգրավված է Հարավային Կովկասի ներսում ընթացող գործընթացներին։ 

«Ռուսական քաղաքականությունն այլևս մենիշխան չէ, ի վերջո, պետք է արձանագրել նաև, որ այսօր կա գլոբալ հակադրություն, երբ հավաքական Արևմուտքը Հայաստանի դեմ է, իսկ այդ տեսնակյունից Ռուսաստանը բավականին խնդրահարույց մարտահրավերներին համարժեք արձագանքելու խնդիր ունի։ Հենց այդ տեսնակյունից սխալ չեն այն փորձագետները, ովքեր նշում են, որ Ուկրաինայում Ռենեի ճահիճի մեջ հայտնելով, փորձում են իրենց ռազմավարական կարևորություն ունեցող խնդիրները Արևելյան Եվրոպայի հատվածում լուծել՝ դրա համար Ալիևը, Թուրքիան հարավային հատվածում էականորեն  ակտիվացել են»։

Տարածաշրջանի ռուսական ընկալումը, Ալեն Ղևոնդյանի խոսքով, պետք է դիտարկել ոչ թե հայ-ռուսական կամ ադրբեջանա-ռուսական հարբերությունների կոնտեքստում, այլ ռեգիոնալ։ Անհատապես Հայաստանը և անհատպես Ադրբեջանը ռուսական շահերի տեսանկյունից անհրաժեշտ, բայց բավարար չեն՝ հեռահար նպատակները կյանքի կոչելու համար։ Լաչինի միջանցքը  հայտնվել է շահերի բախման կենտրոնում և մինչ տարածաշրջանի խոշոր խաղացողները սակարկությամբ են զբաղված, 120 000 մարդ շարունակում է մնալ պատանդի կարգավիճակում։   

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 25 Հունվարի 2023 14:47
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ