Ապրիլի 18, 2024

Կարո՞ղ է, արդյոք, միջազգային իրավունքը պաշտպանել էթնիկ զտումից

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 26, 2023
Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է։ Շրջափակումը, գազային ճնշումն ու էներգետիկ ճգնաժամն ընդամենը միջոցներ են՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին։    Այս մասին խոսվել է բազմիցս ու տարբեր շրջանակների կողմից։ Բայց ՀՀ առաջնորդն այդ մասին հայտարարում է  առաջին անգամ։  Ընդ որում, Արդբեջանի ծրագիրը ներկայացնելով՝   Նիկոլ Փաշինյանը հղում է  արել  իրենց ունեցած տվյալներին։    
 
«Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը եւ հետո մի քանի օրով բացել եւ այսպես այնքան ժամանակ, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»։ 
 
Փաշինյանի հայտարարությունը Արցախի ու Հայաստանի փորձագիտական դաշտում միանշանակ չընկալվեց։ Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նկատում է․  «Պետության փաստացի ղեկավարը, եթե անգամ նրա «տեղեկացվածությունը հիմքեր ունի»՝   նման նարատիվ հրապարակայնացնելու ոչ քաղաքական, ոչ, մանավանդ, բարոյական իրավունք չունի»-գրել է քաղաքագետը։ Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն, առնվազն, տարօրինակ է համարում։ 
 
«Կառավարության նիստին անոնսավորել թշնամի պետության ղեկավարի մտադրությունները, ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է։ Ուրիշ բան, երբ խոսվում է էթնիկ զտման քաղաքականության, դրա մտադրությունների մասին, այս կերպ գնահատական է տրվում հակառակորդի գործողությանը, ոչ թե նկարագրվում է, թե ինչի է ձգտում Ալիևը։ Եթե գնահատական տրվեր, ինչպես սովորաբար արվում է, դա ուրիշ բան, բայց մենք լսում ենք թե ինչպես է ներկայացնում Ալիևի փուլային տարբերակը»։ 
 
Արցախը հայաթափելու քաղաքականության մասին մինչ այդ խոսել էր Ադրբեջանի ղեկավարը։  «Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք որևէ միջազգային կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես դասավորենք նրանց կյանքը»-, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Առանց Նիկոլ Փաշինյանի անոնսավորման էլ, մենք գիտենք, թե Ալիևն ինչ է ուզում՝ ասում է Սուրենյանցը։ Ո՞րն է միջազգային հանրության դերն ու անելիքը ստեղծված իրավիճակում։  Լաչինի միջանցքի փակման օրվանից ի վեր միջազգային հանրությունը բազմաթիվ անհասցե ու հասցեական կոչեր է հնչեցրել։ Բայց մինչև Հայաստանի իշխանությունները հստակ օրակարգով չգնան բանակցությունների, ոչ մի միջազգային խաղացող մեր սիրուն աչքերի համար չի փչացնելու հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ համոզված է քաղաքագետը։ 
 
«Ես չեմ ասում ոչինչ չի ձեռնարկվում, այնուամենայնիվ, ինչ-որ աշխատանք միջազգային կառույցների հետ արվում է։ Բայց, քանի որ մենք չունենք օրակարգ, դա ցաքուցրիվ, ոչ կանոնավոր աշխատանք է, որն ավելի շատ նման է աննպատակ ակտիվության, քան համակարգված աշխատանքի։ Հայկական կողմը գլոբալ օրակարգ չունի, մենք փորձում ենք տեղավորվել կա՛մ ադրբեջանական, կա՛մ միջազգային օրակարգում՝ որոշ  խմբագրումներով»։ 
 
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև միջազգային հանրության արձագանքի մասին, շեշտելով՝ միջազգային հանրությունը, այլևս  թերահավատ չէ, որ Ադրբեջանն ուզում է էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Միջազգային իրավունքը հստակ մեխանիզմներ է նախատեսում ժողովրդին՝ որպես էթնիկ ամբողջության, սպառնացող գոյաբանական վտանգները կանխելու և չեզոքացնելու համար։ Պետությունների կողմից առավել մեծ ներգրավվածություն է անհրաժեշտ՝ կանխելու համար այս  հանցավոր գործողությունը՝ ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  
 
«Դա կարող է լինել միջազգային ներկայացվածությունն Արցախում, խաղաղապահ զորակազմի մանդատի երկարացումը, հավելյալ անվտանգային մեխանիզմների կիրառումը, Արցախի ճանաչումը՝ որպես   էթնիկ զտումը կանխելու միջոցառում։ Պրակտիկայում տարբեր սցենարներ եղել են և կարծում եմ, եթե մենք կարողանանք առավել հանգամանալից այս ուղղությամբ աշխատել, կարող ենք ստանալ միջազգային հանրության կոնկրետ աջակցությունն այդ հարցում»։
 
  Արցախի շրջափակումը շատ լուրջ հիմքեր է տալիս միջազգային հանրությանն ապացուցելու և առաջ մղելու մեր դիրքորոշումներն ու տեսակետները՝ ասում է Գեղամ Ստեփանյանը։ Իրավիճակը միջազգային իրավական դաշտում հօգուտ մեզ օգտագործելու համար պետք է օգտագործել հնարավոր բոլոր ռեսուրսները՝ միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ հարաբերություններում։  Էթնիկ զտում իրականացնելու Բաքվի մտադրությունը    հնարավոր է և պետք է կանխել՝ կառչելով միջազգային իրավունքի ընձեռած բոլոր հնարավորությունից, գործադրելով իրավաքաղաքական ողջ զինանոցը։ 
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 28 Հունվարի 2023 15:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ