Ապրիլի 19, 2024

Աճպարարություն՝ ՄԱԿ–ի միջազգային դատարանում․ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել

By Աննա Նազարյան Հունվարի 31, 2023

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում երկու օր հայ-ադրբեջանական լսումներ են։ Նախօրեին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը լսեց Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին՝ բացել Հայաստանն Արցախին կապող միակ և արդեն 51 օր փակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապահովել երկկողմանի ազատ տեղաշարժը և վերականգնել գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հաշվի առնելով հարցերի հրատապությունը՝ հայկական կողմը որոշումների կայացման հնարավորինս արագ ընթացք է ակնկալում։ Սովորաբան հրատապ միջոց կիրառելու հարցով որոշումները արագ են կայացվում, մի քանի շաբաթվա ընթացքում, հակառակ դեպքում կարող են այլևս անիմաստ լինել՝ ասում է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ 

«Հրատապ միջոցի վարույթ է սա։ Նպատակն այն է, որ այս պահի դրությամբ պարտավորեցնել՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որը կիմաստազրկի հետագա բարենպաստ դատական ակտը, այսինքն կլինի անդառնալի։ Սրանք միջոցներ են՝ կասեցնելու նման իրավիճակները։ Արդարադատությունը ժամանակ է պահանջում այս պահի դրությամբ պետք է միջոցներ ձեռնարկել ։ Հրատապ միջոցի էությունը այնպիսին է, որ պետք է լինի սեղմ ժամկետում, որպեսզի չիմաստազրկվի այդ որոշումը։ Կարծում եմ շաբաթների մասին է խոսքը»։ 

Նախօրեին Հաագայի դատարանը լսում էր Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի փաստարկները, այսօր՝ Ադրբեջանի համանման հայցը՝ արդեն ապաականապատման հարցով։ Բաքուն պահանջում է Հայաստանին պարտավորեցնել դադարեցնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատումը։ Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը շարունակում է ականներ տեղադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում և դրա մասին վկայոց նոր փաստեր ունեն։ Բացի դրանից՝ Բաքուն պահանջում է, որ

«ՀՀ-ն խուսափի ռասսայական ատելության հռետորաբանությունից, ներառյալ կազմակերպությունների և անհատների նկատմամբ, խուսափի թիրախավորել անձանց իրենց ադրբեջանական ծագման համար»։

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ադրբեջանական կողմի պնդումներն ու հակափաստարկները աճպարարություն ու խորամանկություն է որակում։ Կարծում է, որ Հաագայի դատարանում հասկանում են ադրբեջանական պնդումների հիմնազուրկ լինելը․ 

«Ադրբեջանական կողմի հայցը և պահանջն արհեստական է և նպատակ է հետապնդում պատրանք ստեղծելու թե կա հավասարակշռություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Շատ թույլ են ադրբեջանական կողմի փաստարկները։ Պետք է ասեմ, որ հայկական կողմը բավականին լավ պատրաստված է, առատ ու համոզիչ փաստարկներ ունի։ Դրանք շատ ծանրակշիռ են ու դրանց մեջ կան նաև այլ դատական ակտերով հաստատված անհերքելի փաստերի։ Դրանք իհարկե նշանակություն կունենան, քանի որ դատական ակտերով անցել են ողջ պրոցեսը արդարության, մրցակցության․․․»։ 

Ադրբեջանական անհիմն փաստարկներին արձագանքել է նաև Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Արմենպրեսի հետ զրույցում նա հստակեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021 թ. մայիսին, 2021 թ. նոյեմբերին և 2022 թ. սեպտեմբերին: Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021 թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022 թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից, ասել է Արման Եղոյանը։ Արտակ Զեյնալյանը նշել է նաև է, որ Հաագայի դատարանի վճիռներն ու որոշումները ենթական են կատարման, հակառակ դեպքում չի բացառվում, որ կոշտ միջոցներ ձեռնարկվեն։ 

«Եթե պետությունը ճանաչել է այդ դատարանի իրավազորությունը ապա պարտավոր է կատարել այդ դատարանի վճիռները ։ Այս դատական ակտերը կայացվում են ՄԱԿ-ի անունից, բոլոր միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների անունից, ուրեմն բոլոր այդ պետությունները երաշխավոր են այդ դատական ակտի կատարմանը, իրենց ամբողջ ռեսուրսներով հանդերձ։ Այո, դա ենթադրում է, որ պատժամիջոցներ լինեն՝ քաղաքական, տնտեսկան հետևանքներ լինեն»։ 

Երեկոյան նիստին հայկական կողմին 2 ժամ կտրվի ադրբեջանական թեզերի վերաբերյալ հակափաստարկներ ներկայացնելու համար, իսկ դատարանի որոշումն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ