Մարտի 28, 2024

Ի՞Նչ կարող են նշանակել Լավրովի հայտարարությունները․ մեկնաբանում է քաղաքագետը

By Սրբուհի Վանյան Փետրվարի 02, 2023

Ռուսաստանը որոշ առումով հայտնվել է ցուգցվանգային վիճակում․ մի կողմից՝ չի կարողանում կատարել իր պարտավորությունները, մյուս կողմից՝ չի կարողանում հրաժարվել դրանցից՝ վստահ է  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա Լավրովի հայտարարությունները մի քանի հարթությունում է դիտարկում.

«Առաջին հարթությունն այն է, որ ՌԴ-ն իր դե ֆակտո դաշնակցին չկարողացավ պաշտպանել 2020 թվականի պատերազմի ժամանակ, դրանից հետո Ուկրաինայում շատ ոգևորվեցին ու  հայտարարեցին, որ մենք կարող ենք գործել այնպես, ինչպես Ադրբեջանը գործեց Ղարաբաղում և ազատագրել Ղրիմն ու Դոնբասը։ Դա ինչ-որ առումով ազդանշան էր նաև այն մասին, որ Ռուսաստանը սկսում է գնալ զիջումների»։

Ռուսաստանը արդարացման փորձեր է անում՝ ասելով, որ կար յոթ շրջանի վերադարձման հարցը, Ռուսաստանը հույսը կտրել էր հարցի քաղաքական լուծումից, ապա առաջարկել այլ տարբերակներ, որպեսզի պատերազմ չլինի, սակայն ՀՀ  նախորդ ղեկավարությունը դրանք այդքան էլ դրական չի ընդունել՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք էլ չի հավակնել:Իրականում Ռուսաստանը նման առաջարկներ, հավանաբար, արել է՝  հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները, այդ թվում և Թուրքիայի ուժեղանալու, Ադրբեջանի զինվելու գործոնները։

 «Ռուսաստանը նաև ուզում է ասել, որ Հայաստանը 7 շրջանների հավակնություն չուներ, և  Մինսկի բանակցություններում այդ հարցը դրված էր, որ դրանք պիտի հանձնվեն, ուղղակի Հայաստանը ուզում էր հասկանալ՝ ինչի  դիմաց։Այս ասելիքի համար հիմք կա»։

Այդպիսով Ռուսաստանն ամբողջ պատասխանատվությունը ՀՀ իշխանությունների վրա է բարդում՝ ասելով, որ Ադրբեջանը վերադարձրեց «իրեն պատկանած» հողերը:Ստեփան Դանիելյանը ուշագրավ է համարում նաև Լավրովի՝ ՀԱՊԿ դիտորդների մասին արված  հայտարարությունը, ինչը Հարավային Կովկասում ներկայություն ունենալու՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լուրջ մրցակցության համատեքստում է: Եթե Ուկրաինայում դա պատերազմի ձևով է դրսևորվել՝ Հարավային Կովկասում առայժմ ոչ ռազմական ձևով է արտահայտվում։

«Առաջին հերթին դա Սյունիքի միջանցքին է վերաբերում և ո՛չ Արցախին: Արցախի վրա ճնշումներն ինչ-որ առումով պայմանավորված են Սյունիքի միջանցքի հարցում ՀՀ-ից զիջումներ կորզելու ձգտումով։ Հետաքրքիր գործընթաց է ծավալվում․ մի կողմից Ռուսաստանը Թուրքիայի հետ 3+3 ձևաչափն է առաջարկում, որի իմաստն այն է, որ Թուրքիա-Իրան-Ռուսաստանը և Հարավային Կովկասի երեք երկրները  իրար հետ պետք է կոմպրոմիսի գան, և համաձայնություններ լինեն ճանապարհների ու մնացած հարցերում: Իմաստն այն է, որ Արևմուտքն այստեղ մուտք չգործի, որին այդ երեք երկրներն էլ համաձայն են։ Զուգահեռ նաև Եվրամիության դիտորդների՝ Հայաստանում հայտնվելու  գործընթացը սկսվեց, առաջին հերթին՝ Սյունիքում, և Բորելը հայտարարեց, որ սրանով Եվրամիությունն իր ներկայությունն է ապահովում Հարավային Կովկասում։ Ռուսաստաննն էլ իր դիտորդներին է ուզում բերել, որին Հայաստանը մերժեց»։

«Մենք տեսնում ենք, որ մեր ընկերները (ՀԱՊԿ-ում) հասկանում և տեսնում են, թե ինչ նպատակներ է հետապնդում Արևմուտքը մեր ընդհանուր տարածքում: Նրանք ցանկանում են կառուցել լրացուցիչ մեխանիզմներ, որոնք կապահովեն մեր ինտեգրացիոն ծրագրերի հետագա զարգացումնայնպես, որ ենթակա չլինեն արևմտյան ազդեցությանը և պաշտպանված լինեն անօրինական արտաքին ազդեցությունից, և այն, որ ՀԱՊԿ-ն այս դժվարին իրավիճակում պատրաստեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահ գործողության ծավալման ծրագիր, կարևոր ձեռքբերում էր։ Առաջարկը ուժի մեջ է, ու եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները դրանով դեռ հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է Լավրովը։Այո, Ռուսաստանը հիմա ծանրագույն վիճակում է, իսկ ՀԱՊԿ վարկանիշի անկումը նաև  Ռուսաստանի վարկանիշի անկում է՝ ասում է քաղաքագետը։

«Մի կողմից ՌԴ-ն չի կարողանում իր պարտականությունները կատարի՝ վախենալով ինչ-որ ուժային գործողություն կատարել Արցախում՝ Լաչինի միջանցքում, որտեղ կարող է և՛ Թուրքիան ներգրավվի, և՛ Իրանը,  մյուս կողմից չի կարողանում հրաժարվի դրանցից։ Նաև Ռուսաստանում են հասկանում՝ եթե խաղաղապահ զորքերը դուրս բերեն Արցախից, իրենք կկորցնեն նաև Հայաստանը»:

Դա Ռուսաստանի համար, բնականաբար, աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներ կարող է ունենալ՝ դոմինոյի էֆեկտով տարածվելով Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Ռուսաստանի թուրքաբնակ շրջաններում։ Այս կախյալ վիճակից ելքը քաղաքագետը կապում է ուկրաինական ճակատում դեպքերի ընթացքի հետ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ