Մարտի 29, 2024

Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետնախարարի պաշտոնից

By Սրբուհի Վանյան Փետրվարի 23, 2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հրապարակել է   Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Ռուբեն Վարդանյանի՝ ԱՀ պետնախարարի պաշտոնը թողնելու մասին վերջին շրջանում մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան։ Նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ինչպես այդ մեկնաբանություններից որոշներին ու իր որոշման շարժառիթներին։ 
 
«Որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով: Բարձր եմ գնահատում Ռուբեն Վարդանյանի ջանքերը թե՛ Արցախի հարցում միջազգային իրազեկվածության բարձրացման, թե՛ շրջափակման ժամանակ ներքին խնդիրների լուծման  ուղղությամբ։  Օրեր շարունակ  այս թեման շրջանառվում էր մամուլում, զերծ մնալով  որակումներ ու գնահատականներ տալուց՝ ընդամենը կասեմ, որ որևէ մեկը չի կարող ավելի մեծ ցավ ապրել այս որոշումից, քան ես: Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել եմ իմ որոշմամբ ու առաջարկը արել եմ իմ նախաձեռնությամբ, այն հավանության էր արժանացել Արցախի ժողովրդի կողմից»: 
 
«Այս ողջ ընթացքում ես և Ռուբեն Վարդանյանը եղել ենք միասին՝ ամենօրյա ռեժիմով հետևելով ինչպես Արցախում, այնպես էլ արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին, մշտապես մտքեր ենք փոխանակել ստեղծված իրավիճակում լուծումների շուրջ: Ես շնորհակալ եմ պարոն Վարդանյանին այն բանի համար, որ ինչպես ընկերական, այնպես էլ գործընկերային հարաբերություններում նա մշտապես ձգտել է առավելագույն չափով ինձ հետ կիսել պատասխանատվությունը և ոչ թե սահմանադրական նորմերին հղում անելով՝ փորձել այն բարդել ինձ վրա»,- ասել է երկրի ղեկավարը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ռազմավարական հարցերում իր ու Ռուբեն Վարդանյանի դիրքորոշումը միասնական է, մարտավարական քայլերում նրանցից յուրաքանչյուրը տարբեր մոտեցում ուներ։ 
 
«Թեև մեր հետագա քայլերում ու ճանապարհի կառուցման վերաբերյալ մոտեցումները տարբերվում էին, այնուամենայնիվ, Ռ․ Վարդանյաը ըմբռնումով է մոտեցել իմ դիրքորոշմանը, ընդունելով, որ ամեն դեպքում իրավիճակին խորը տիրապետում եմ ես, ի պաշտոնե տեղեկացված եմ առավելագույն չափով և տեղեկատվության խորը, համակողմանի  և ամբողջական գնահատականներ  կարող են տրվել իմ կողմից»։
 
 Ռուբեն Վարդանյանը իմ ամենամտերիմ ընկերներից է, այն բացառիկներից, ով որոշեց Արցախ տեղափոխվել ու այստեղ ապրել մեր ժողովրդի համար ամենադժվար ու ամենաօրհասական պահին՝ ընդգծել է Արայիկ Հարությունյանը, վստահություն հայտնելով, որ Ռուբեն Վարդանյանը մնալու է Արցախում և իր ակտիվ հասարակական գործունեությամբ բազմապատկելու է Արցախի զարգացմանն ուղղված իր ջանքերը: «Մեր անձնական հարաբերությունները մնում են բարձր մակարդակի վրա, և ես մեծապես կարևորում եմ պետական մարմինների ու պաշտոնյաների ակտիվ համագործակցությունը պարոն Վարդանյանի և նրա գլխավորած կազմակերպությունների հետ, քանի որ նա հայրենիքի նվիրյալ է և գիտակցում է Արցախի արժեքը ողջ հայ ժողովրդի համար»,-ասել է նախագահը: Ռուբեն Վարդանյանը հաստատել է նախագահի խոսքը՝ նշելով, որ ինքը եկել է Արցախ այստեղ մնալու և պայքարելու համար՝ անկախ նրանից՝ զբաղեցնում է պաշտոն պետական կառավարման համակարգում, թե ոչ։
 
«Սեպտեմբերի սկզբին, ես իմ հայտարարությունն արեցի Արցախ տեղափոխվելու մասին, քանի որ զգում եմ, որ այստեղ կանգնած ենք անդունդի եզրին, և կանգած ենք՝ մինչև վերջ չհասկանալով իրավիճակը։ Ինձ համար դա Սարդարապատ էր, իսկ ես զինվոր, մարդ, որ անելու է ամեն ինչ՝ մեր հայրենիքի փրկության համար։»
 
Արդեն նախկին պետնախարարն անդրադարձել է իր պաշտոնավարման 110 օրերի ընթացքում կատարածին, ներկայացրել հաջողությունները, խոսել նաև չիրագործված պլաններից ու անհաջողություններից։ Հույս է հայտնել, որ իր դիտարկումները օգտակար կլինեն ու կօգտագործվեն պետության կառավարման համակարգի պատասխանատուների կողմից։ 
 
 «Իմ ելույթում, նիստին, ես ներկայացրել եմ՝ ինչ ենք արել 110 օրվա մեջ, պատրաստ եմ ավելի հրապարակային էլ ներկայացնելու,  ինձ թվում է ՝դա շատ կարևոր է, մեր աշխատանքի մի մասը չի երևացել, դրա համար  մենք ուրախությամբ դրանք պարոն Ներսիսյանին կփոխանցենք։ Կարող է օգտագործվել կամ ոչ՝ իր որոշմամբ։ Գիտեմ որ ճնշում կա իմ գնալու առնչությամբ, բայց ուզում եմ ասել, որ չեմ գնալու, ես Արցախից դուրս ինձ չեմ պատկերացնում»։
 
 Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Արայիկ Հարությունյանն ասել է, որ առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության: Նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները` ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 24 Փետրվարի 2023 14:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ