Ապրիլի 16, 2024

Ինչու՞ է շահարկվում «միջանցքի» թեման

By Անահիտ Ստեփանյան Դեկտեմբերի 15, 2021
Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում միջանցք բառը գործածվում է միայն Լաչինի միջանցքին վերաբերող հատվածում։ Դա փաստաթղթի 6-րդ կետն է։ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»: Հայտարարության 9-րդ կետը, որն Ադրբեջանը շահարկում է տրանսպոտրային կապուղիներին միջանցքի կարգավիճակ տալու համար, բառացիորեն հետևյալն է․ 
 
«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։
 
 Ի վերջո, ի՞նչ կարգավիճակ ունի Լաչինի միջանցքը։ Ինչո՞վ են տարբերվում տրանսպորտային ազատ կապուղիները՝ միջանցքից։     Աժ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Վահրամ Բալայանը հստակ   ասում  է․  միջանցքը տարբերվում է տրանսպորտային կապուղիներից․
 
«Միջանցքը որոշակի պայմանավորվածությունների արդյունքում ձեռքբերված մի համաձայնություն  է, որը թույլ է տալիս այն գործի որևէ ուժի վերահսկողության տակ, ինչպես, ասենք, այսօր ՌԴ խաղաղապահ ուժերի հսկողության տակ գործում է Լաչինի միջանքցը։ Այն  առանց ստուգումների, առանց որևէ մաքսային սահմանափակումների կապ է ապահովում: Իսկ սովորական ճանապարհների վրա տարածվում են  տվյալ  սուվերեն երկրի իրավունքները,   և գործող միջազգային իրավունքի ուժով տվյալ երկիրը տեղադրում է համապատասխան մաքսակետեր, կատարում ստուգումներ»։ 
 
Փաստաթուղթը, որի տակ ստորագրել է Հայաստանը, խոստանում է երաշխավորել կապը, կրկին մեջբերում եմ, «Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև», այլ ոչ թե՝ Միջին Ասիայի ու Եվրոպայի։ Մինչդեռ Ադրբեջանի ու Թուրքիայի ակնկալիքները հայտարարության 9-րդ կետից հենց դա է։
 
«Այդ կապերի մեջ ես Հայաստանի համար շահեկան ոչինչ չեմ տեսնում։ Այս համատեքստում ինչո՞ւ չգործարկել Ղազախ֊Իջևան ճանապարհը, ու դրանով և՛ երկաթուղային կապ հաստատել, և՛ տրանսպորտային։ Ամբողջ խնդիրն այն է,   որ այդ գաղափարն առաջ տանելով Ադրբեջանը և Թուրքիան նպատակ են հետապնդում առիթ ստեղծել տիրանալու այդ տարածքներին»։
 
 Վահրամ Բալայանի խոսքով՝ Ադրբեջանի գործելաոճը նույնն է։ Այսօր էլ արդեն պահանջատիրոջ դիրքից են խոսում։ Սա ևս մեկ ապացույց է, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չկա․
 
«Ես համոզված եմ, որ նրանք անընդհատ պահանջներ են դնելու։ Որովհետև հազիվ թե մեկ օրվա ընթացքում նրանք սկսեին մտածել Հայաստանի մասին, որպեսզի Հայաստանը  կոմունիկացիաներ ունենա: Ասված խոսքերն ու արված քայլերն իրար հետ չեն խոսում»։ 
 
Ադրբեջանը որպես հաղթանակ է ներկայացնում  Բրյուսելում երեկ հնչած ևս մեկ հայտարարություն։ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումից հետո ԵԽ տարածած հայտարարությունում հղում է կատարվում 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․  հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններին և ոչ մի խոսք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Վահրամ Բալայանի գնահատմամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում  շարունակում է իրատեսական մնալ բանակցույթունները հենց  ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում․ 
 
«Սա խոսում է այն մասին, որ պետք է պահանջատեր լինենք  և հետամուտ, որպեսզի հակամարտության հարցը նորից բանակցային սեղանի վրա դրվի։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող երկրները անելիք ունեն և ինչքան շուտ ձեռնամուխ լինեն գործին, այնքան ավելի շուտ կհասնենք կայուն ու երկարատև խաղաղության»: 
 
Վահրամ Բալայանի խոսքով հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ-ի  հովանու տակ շարունակելը շահեկան կլինի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար։
 
 
Artsakh Public Radioi
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ