Ապրիլի 24, 2024

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարճաժամկետ հեռանկար չկա․ տեսակետ Արցախից

By Սրբուհի Վանյան Մայիսի 16, 2023
Եվրոպական խորհրդի նախագահի այս հայտարարությունը, և առհասարակ միջազգային հարթակներում Հայաստանի ու Արցախի ճակատագրի շուրջ ընթացող ցանկացած նման գործընթաց ցավագին ու զգացմունքային է ընդունվում Արցախի ժողովրդի կողմից, ով արդեն ավելի քան 5 ամիս Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և փաստացի պաշարման պայմաններում ակնկալում է, որ միջազգային հանրություն կոչվածը արդարացի հասցեական գնահատականներ ու դրանից բխող քայլեր կիրականացնի Ադրբեջանի նկատմամբ։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ԵՄ ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի իրավունքները և դեմ գնալով իր իսկ կողմից հռչակած սկզբունքերին ու կոնվենցիաներին՝ առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով։ Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի կարծիքով, անկախ արձագանքներից, անկախ ԵՄ հայտարարություններից, չի կարելի լուծված համարել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բնականաբար և՝ փակված համարել հակամարտության էջը։ 
 
«Պետք է նշեմ, որ չնայած դա դիտարկվում է հայ ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում, ամեն դեպքում միջազգային հանրության կողմից Ադրբեջանի տարածքային աբողջականությունը միշտ ճանաչվել է 86,600 քառ. կմ-ի սահմանում։ Դա չի խոչընդոտել, որ նույն միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ու այդ տարածքում նաև հակամարտության կարգավորման շրջանակներում դիտարկի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը»։
 
 Հայտարարաության մեջ հղում է կատարվում 1991թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որին հավատարմությունը, Շառլ Միշելի խոսքով, հայտել են և Փաշինյանը, և Ալիևը։ Քաղաքագետը պնդում է՝ Ալմաթայի հռչակագիրը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ 
 
«Չնայած այն հանգամանքին, որ կողմերը փորձում են հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, այդ հռչակագիրը միջազգային պայմանագիր, համաձայնագիր կամ կոնվենցիա չէ․ և նույնիսկ ինքն իր բնույթով չի ենթադրել անդամ պետությունների կողմից վավերացում, չի ենթադրել նաև Սովետական Միության վարչական սահմանները»։ 
 
Ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ժիրայր Ազիզյանը գտնում է, որ անհնար է կարճաժամկետ հեռանկարում հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական ու համապարփակ կարգավորման, անկախ նրանից, թե այդ հարաբերությունների կարգավորման հարթակը հավաքական Արևմու՞տքն է, թե՞ Մոսկվան։ Եվ անհնար է հասնել այդ կարգավորմանը՝ մի կողմ թողնելով ղարաբաղյան խնդիրը։ 
 
«Ղարաբաղյան խնդիրը եղել ու այսօր էլ շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների որոշիչ պայմանը և չնայած այսօր միջազգային հանրությունը փորձում է խնդիրը լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության տրամաբանության մեջ, մենք պետք է առաջնորդվենք մեր գերակա շահերով։»
 
 Որպես այդպիսին, հայկական կողմից պետք է ներկայացվեն արցախահայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության խնդիրը՝ ասում է, քանի որ երբ կողմերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, չեն բացառում, որ այն պետք է տեղավորվի արցախահայության անվտանգության ու իրավունքների ապահովման տրամաբանության մեջ։ 
 
«Ադրբեջանը որպես ագրեսոր կողմ, չի կարող ապահովել դա։ Ուստի մենք պետք է հենց միջազգային հանրությունից պահանջենք այդ անվտանգության ու իրավունքների երաշխիքները։ Այդ երաշխիքները փաստացի չեն կարող տրվել Արցախի՝ Ադրբեջանի ենթակայության պայմաններում։» 
 
Ժիրայր Ազիզյանի կարծիքով՝ ներկա իրողություններում Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը մեր օգտին չէ, այն չի ընդունվում միջազգային հանրության կողմից։ Բայց, ասում է քաղաքագետը, մենք պետք առաջ մղենք արցախահայության անվտանգության ու իրավունքների հարցը, որն ընդունելի է միջազգային հանրության կողմից, և դրանից բխեցնենք կարգավիճակի հարցը։ 
 
«Կարող՞ է արդյոք միջազգային հանրությունը ապահովել մեզ համար բավարար անվտանգային ու իրավարար միջավայր։ Կարո՞ղ է։» 
 
Այն, որ Արցախը շրջափակված է արդեն 5 ամիս, և այդ ընթացքում Ադրբեջանն անտեսել է նույնիսկ Միջազգային բարձրագույն դատական ատյանի՝ Հաագայի դատարանի որոշումը, և դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում, ստացվում է, որ՝ չի կարողանում։ Իսկ նման ագրեսոր և իր պատմական հայրենիքում ապրող հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնող պետության ենթակայության տակ արցախցիները չեն կարող ապրել։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ