Մարտի 28, 2024

Արցախում առաջին եռամսյակում բնակչության բնական աճ է արձանագրվել: Ազգային վիճակագրական ծառայութունը ամփոփել է առաջին եռամսյակը:

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 27, 2023

Արդեն 167 օր շարունակվող շրջափակումը ծանր հետևանքներ է թողել Արցախի տնտեսության վրա: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսության մեջ մեկ երրորդ չափով անկում ունենք` ասում է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը` նշելով, որ անկման ամենամեծ մասնաբաժինը արդյունաբերությանն է:

«Մեր գնահատումներով 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում արտադրված համախառն ներքին արդյունքը կազմել է 37 մլրդ. 180 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 52 մլրդ. 900 մլն դրամի փոխարեն: Անկման ամենամեծ մասնաբաժինը արդյունաբերությանն է՝ 15.6 տոկոս, 7.4 տոկոսային կետը բաժին է ընկել շինարարությանը, 5.4 տոկոսը՝ առևտրի և ծառայությունների ոլորտում է, 1,2 տոկոսը՝ գյուղատնտեսության, 3.5 տոկոսը՝ արտադրանքի հարկերի»:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքն ընթացիկ տարվա հունվար-մարտին, փաստացի գներով, կազմել է 4 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ, նվազել է 31.7 տոկոսով:

«Գյուղատնտեսության ճյուղում ևս բացասական միտումներ ունենք: Մեկ քառորդով է կրճատվել, նախորդ տարվա ապրիլի 1-ի համեմատ: Շուրջ 30 տոկոսով նվազել է նաև մանր եղջերավոր կենդանիների և թռչունների գլխաքանակը: Աճ ունենք խոզերի գլխաքանակում` ավելի քան 27 տոկսով: Շուրջ 39 տոկոսով նվազել են մսի արտադրության ծավալները, կաթի արտադրության ծավալները` 26 տոկոսով: Ձվի արտադրության ծավալները աճել են 6.6 տոկոսով»:

Աննախադեպ անկում է գրանցվել նաև շինարարության ոլորտում` ասում է Մանուշ Մինասյանը: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացվել է 1,9 մլրդ. դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է գրեթե 84 տոկոսով:

«Նվազումը բոլոր ֆինանսավորման աղբյուրներով էլ նկատվում է: Կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարությունը նվազել է 97.7 տոկոսով: Մարդասիրական օգնության միջոցներով իրականացվող շինարարությունը` շուրջ 96 , համայնքների միջոցներով իրականացվող շինարարությունը` ավելի քան 87 տոկոսով»:

Տրանսպորտի ոլորտում ևս նմազման միտումներն ակնհայտ են` հատկապես բեռնափոխարդրման ծավալների կրճատման հետ կապված: Այն նվազել է 72.4 տոկոսով: Ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 17.9 տոկոսով:

Կապի ոլորտում եկամուտների ընդհանուր ծավալը,փաստացի գներով, կազմել է 1.4 մլրդ. դրամ, որը նախորդ տարվա համեմատ, նվազել է 20.6 տոկոսով: Կապի ոլորտի հասույթի շուրջ 59.4 տոկոսը բաժին է ընկնում բջջային կապին:

Հանրապետությունում 4.9 տոկոսով աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը:

«Կազմելով 269.7 հազ. դրամ: Ընդ որում՝ պետական հատվածում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը ավելի բարձր է, ինչը նորմալ չէ: Այն կազմել է 299.2 հազ. դրամ և աճել է 5.0 տոկոսով, իսկ ոչ պետական հատվածում՝ համապատասխանաբար` 197.4 հազ. դրամ և նվազել է 0.5 տոկոսով»:

Առաջին եռամսյակում հանրապետությունում բնակչության բնական աճ է արձանագրվել` նշում է Մանուշ Մինասյանը: Ծնվածների թիվը գերազանցել է մահացության դեպքերը։ Բնակչության կենսունակության գործակիցը կազմել է 166.3 տոկոս։ Ծնվածների 50,7 տոկոսը տղաներն են։

Last modified on Երկուշաբթի, 05 Հունիսի 2023 12:42
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ