Ապրիլի 20, 2024

Հերթականը հավասարների մեջ. քիշնևյան հանդիպումից առաջ և հետո

By Դավիթ Եղիազարյան Հունիսի 01, 2023

Հունիսի մեկին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող

Փաշինյան-Մակրոն-Միշել-Շոլց-Ալիև հնգակողմ հանդիպումը առանձնահատուկ է իր կազմով և նախորդող իրադարձություններով: Նախ` այդքան թվով միջնորդների մասնակցությունը նույն հանդիպմանը հետաքրքրական է: Բացի այդ, նորություն է նաև Գերմանիայի այսքան լուրջ ներգրավվածությունը բանակցություններում: Իսկ հանդիպմանը նախորդեցին բաքվյան բռնապետի հնչեցրած սպառնալիքները, և Եվրախորհրդի նախագահի ու ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակի մտահոգիչ հայտարարությունները:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Շառլ Միշելի` առավելապաշտական դիրքերից նահանջելու կոչի հիմնական հասցեատերն Ադրբեջանն է, բայց այդ հայտարարությունը նաև Արցախի համար է մտահոգիչ.

«Ինչ վերաբերում է Միշելի հայտարարությանը, համոզված եմ, որ դա առաջին հերթին Ադրբեջանին է վերաբերում: Դա շատ լղոզված և մեղմ ձևով մատնացույց անել է Ադրբեջանին, որ Ալիևի հռետորաբանությունը բոլոր սահմաններն անցնում է, և այն պետք է փոխվի: Բայց այստեղ կա նաև, հնարավոր է, որոշակի ուղղորդում դեպի ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ` արցախցիներին: Որովհետև ՀՀ կառավարությունը զիջում է ինչ հնարավոր է զիջել: Խոսքն արցախցիներին է վերաբերում, որ այդ մաքսիմալիզմը, որ դուք երբեք Ադրբեջանի կազմում չեք լինի և այլն, և Ադրբեջանի մաքսիմալիզմը, որ ոչ մի Ղարաբաղ չկա, ես այդ հարցը լուծել եմ և կլուծարեմ և այլն, երկուստեք պետք է վերանայվեն: Սա ԵՄ դիրքորոշումն է այս պահին»:

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նշում է, որ նույնիսկ միջնորդական ճնշումներն անառարկելի չեն, և հմուտ դիվանագիտությամբ կարելի է հասնել առավել նպաստավոր բանակցային դիրքերի.

«Պետք է չմոռանալ, որ մինչև 2020 թվականի Երկրորդ արցախյան պատերազմն Ադրբեջանը քանիցս բողոքում էր միջազգային ճնշումների մասով: Ճնշում էին, չէ՞, ասում էին` արդեն գոյություն ունի Արցախը որպես ֆիզիկաաշխարհագրական տիրույթ ենթադրող քաղաքական համակարգ, և առհասարակ` սուբյեկտ, դուք պետք է հաշվի նստեք: Բայց Ադրբեջանի փորձը ցույց է տալիս, որ ճնշումներին տուրք չտալն արդյունավետ քաղաքականություն է, որն էլ վերջնարդյունքում ֆիզիկական, աշխարհագրական և ռազմական առումով իրենց օգտին վերախաղարկեցին հարցը: Հիմա ժամանակն է, որ մենք դասեր քաղենք ու հասկանանք, որ այդպիսի ճնշումներն ընդամենը ճշգրտող են, որպեսզի կարողանան պարզաբանել հնարավորի սահմանները: Չէ որ Արևմտյան հարթակները միտված են կայուն իրողությունների ամրացմանը տարածաշրջանում, իսկ դրա համար զինված հակամարտություն չի ողջունվում: Դրա համար նրանք կփորձեն ցանկացած մեթոդներով պարզաբանել հնարավորինի սահմանները, որոնց շրջանակում կկարողանան արդյունավետ բանակցային գործընթաց վարել»:

Հովհաննիսյանը համոզված է, որ եվրոպական միջնորդական ջանքերի ակտիվացման գլխավոր նպատակն է ստեղծել նոր մեխանիզմ` ի հակակշիռ 2020 թվականի նոյեմբերից ձևավորված եռակողմ ձևաչափին.

«Շատերը հիմնավորված կարծում են, որ վերջնական հայտարարությունը, կոմյունիկեն շատ բան է ասելու: Եթե այն պարզապես կրկնում է նախորդ հանդիպումների` բրյուսյելյան, վաշինգթոնյան և այլն հռետորաբանությունը, ուրեմն` սայլն առաջ չի գնում, և բանակցությունները դարձել են պարզապես պատերազմից խուսափելու միջոց: Բայց կա նաև կարծիք (մենք դա կիմանանք, իհարկե, ավելի ուշ), որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում է գործադրվելու և Ադրբեջանը պետք է ճանաչի ԵՄ միջնորդությունը, որպես եռակողմ ձևաչափին հավասարազոր ձևաչափ:Առնվազը` հավասար: Շատ հետաքրքիր է, իհարկե, Գերմանիայի մասնակցությունը, որվհետև դա նոր խաղացող է: Գերմանիան չի եղել նաև համանախագահ Մինսկի խմբում, և շատ մեծ պատրաստակամությամբ ուզում է ներգրավվել այս գործընթացների լուծմանը»:

Գուրգեն Սիմոնյանը կարծում է, որ պետք է բանակցությունների միջոցով ըստ հնարավորին ժամանակ շահել, և ավելի լավ պատրաստվել անխուսափելի պատերազմին.

«Ամենակարևոր սպասելիքը, որ ես ունեմ հանդիպումից` ևս միառժամանակ հավելյալ ժամանակի շահումն է, որպեսզի ՀՀ-ն ի վիճակի լինի, ի զորու լինի իր անվտանգային համակարգն ի մի բերելու, ոտքի կանգնեցնելու, որովհետև Արցախի նկատմամբ ցանկացած ռազմական ագրեսիա, որը տեղի կունենա` իր մեջ ենթադրելու է ՀՀ հարավը կլանելու, կտրելու քաղաքականություն: ՍԱ մենք պետք է ֆիքսենք, որ ՀՀ և Արցախի անվտանգային համակարգերն իրար անկապտելի մաս են: Մեկը մյուսով պայմանավորված: Արցախի նկատմամբ հենց սկսեցին ռազմական գործողություններ անել, դրանք անմիջապես տեղափոխվելու են Սյունիք: Հետևաբար` մենք պետք է կարողանանք այս ժամանակահատվածն ի մի բերել, և մեր պաշտպանական, անվտանգային հարցերը կարգավորել: Արցախում էլ պաշտպանական, անվտանգային համակարգը պետք է ազգ-բանակի համատեքստում իրականացվի, և զինակիր քաղաքացիների մարզում ու պատրաստություն: Կրիտիկական, ճգնաժամային իրավիճակներում յուրաքանչյուր քաղաքացի իր անելիքը պետք է իմանա: Եւ պայքարի միջոցով պետք է թրծվեն և պաշտպանվեն հայ ժողովրդի ազգային շահերն ու հետաքրքրությունները, ֆիզիկական անվտանգությունն իր պատմական բնօրրանում: Այլ ճանապարհ չկա»:

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով` Ադրբեջանը կարող է ինչ-որ պահից օգտագործել բանակցային փակուղին` պատերազմի համար պատրվակ ստեղծեու համար, սակայն մինչ այդ դեռ ժամանակ կա.

«Ալիևը պետք է համոզված լինի, որ ռազմական լուծման հետևանքներն իր համար շատ ծանր չեն լինի: Այդպիսի համոզվածություն նա ուներ 2020 թվականին: Եւ դա այդպես էլ եղավ: Բայց որքանով է այդ գնահատականը համապատասխանում այսօր, ես դժվարանում եմ ասել: Իհարկե` Էրդողանի հաղթանակը որոշակի հույսեր է ներշնչում Ալիևին, բայց որքան այդ հույսերը համապարփակ են և որքան կարելի է երաշխավորել, որ ողջ աշխարհը` Արևմուտքը, ԵՄ-ը, Իրանը և այլն, կույր կլինեն այդ ամեն ինչի նկատմամբ: Եթե Ալիևն ունենար այդ համոզվածությունը, նա պատերազմը կսկսեր»:

Փորձագետները համակարծիք են այն հարցում, որ քիշնևյան հանդիպումն էական արդյունքներ չի տալու: Այդուամենայնիվ, այդ հանդիպումը և հաջորդող հայտարարությունն ու իրադարձությունները շատ կարևոր կլինեն հասկանալու համար կողմերի հետագա անելիքները:

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 06:55
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ