Ապրիլի 25, 2024

Երևանում և Բաքվում խոսել են «Խաղաղության պայմանագրից»․ ստորագրման ժամկետ է նշվում տարեվերջը

By Լենա Բադեյան Հունիսի 05, 2023

Պաշտոնական Երևանն ու Բաքուն արձանագրում են, որ խաղաղության օրակարգի իրացումը շատ հեռու չէ։ Թեև
պատրաստի փաստաթուղթը դեռ չկա, բայց կա հավանականություն մինչև տարեվերջ ստորագրել այն, հայտարարել է
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նշված ժամկետն իրականություն կդառնա,
եթե պահպանվի բանակցային ինտենսիվությունը և շարունակվի միջազգային հանրության ուժեղ աջակցությունը՝
Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է պաշտոնյան։
«Մենք տրամադրված ենք այսպես, որ հնարավորինս շուտ։ Այդ հնարավորինս շուտը կարող է օրինակ լինելտարվա ընթացքում, կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունը այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակներում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության
համաձայնագիր ունենանք»։
Բաքվում այս թեմայով խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Լրագրողների հետ զրույցում նա
հայտարարել է, որ Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է։ Պայմանագրի
չհամաձայնեցված կետերի շուրջ առաջիկա բանակցությունները արտգործնախարարների մակարդակով հունիսին են՝
մեկ շաբաթից, Վաշինգտոնում։
«Խաղաղության պայմանագրի» առանցքային կետերից մեկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծումն ու
սահմանազատումն է։ Վերջին շրջանում տարբեր առիթներով նշվել է, թե գործընթացը հիմնվելու է 1975 թվականի
քարտեզների վրա, մինչդեռ Հայաստանի արտգործնախծարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հստակեցրել է.

«Ցայսօր մենք վերջնական համաձայնություն չունենք 75 թվականի քարտեզի վերաբերյալ։ Համենայնդեպս,
Ադրբեջանը մշտապես առարկել է այս քարտեզի հիմքով սահմանազատումը սկսել։ Եթե չառարկեն, թերևս արդեն
սկսված կլիներ, համաձայնությունը ձեռքբերված կլիներ։ Կարծում եմ, թե վերջին հանդիպման ժամանակ Քիշնևում
Ադրբեջանի նախագահը ասել է, որ դեմ չէ»։
Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվող հարցերից մյուսն առնչվում է «անկլավ» կոչվածներին։ Մինչ
հանրությունը սուր է ընկալում թեման և լուծման տարբերակներ առաջարկում, Հայաստանի արտգործնախարարը
հստակեցնում է՝ այս պահին շրջանառվող փաստաթղթի նախագծում անկլավների մասին հիշատակում չկա, իսկ
թեման բանակցություններում սկսել է արծարծվել ինչ–որ պահից։ Թե ինչ պահի մասին է խոսքը,
արտգործնախարարը չի մանրամասնել․
«Ես տեղյակ եմ և քաղաքական պնդում եմ անում, որ եղել են ադրբեջանական անկլավներ, բայց թող
մասնագետները որոշեն՝ այդ անկլավները ինչի՞ հիման վրա են գոյություն ունեցել, իրավունք ունեի՞ն գոյություն
ունենալ, թե՞ ոչ, թե իներցիայով բոլորը սկսել են ասել «անկլավ», բայց չկա։ Եվ խնդրում եմ անկլավների մասին
խոսելիս չմոռանալ մի կարևոր դետալ․ մենք ունեինք, հայկակակն անկլավ կար Ադրբեջանի ԽՍՀՄ–ում՝ Ածվաշենը,
որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ մեկը չի վիճարկում առնվան։ Դեռ ինձ հայտնի չէ և դեռ, կարծում
եմ, ուսումնասիրման կարիք ունեն անկլավների ծագման իրավական հիմքերը։ Սա այն հարցն է, որով պետք է զբաղվի
հենց սահմանազատման հանձնաժողովը և արդեն հանձնաժողովում քննարկվեն տարբեր լուծումներ»։
Ըստ պաշտոնական Երևանի՝ «Խաղաղության պայմանագրի» բաղկացուցիչ մաս պետք է լինի տարածքային
ամբողջականության ճանաչումը հստակ թվային արտացոլմամբ։ Հակառակ Հայաստանի իշխանությունների,
Ադրբեջանի նախագահը երբևէ հրապարակավ չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսլի
կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի դեպքում նման սահմանման անհրաժեշտությունը
արտգործնախարար Միրզոյանը հստակ օրինակով է ներկայացրել։
 «Հրապարաային հաստատման կարիք կա թերևս։ Հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն
ունենալ այն մասին, որ Ադրբեջանը իր քաղաքականությամբ փորձում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ
նկատմամբ։ Սրա մասին էր և՛ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիան, ներխուժումը ՀՀ տարածք, և՛
մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, ինչու չէ, վերջերս Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը։ Ահա
այսպիսի բաները վերացնելու համար է, որ ՀՀ–ն շահագրգիռ է, որ օր առաջ գոնե պարամետրերը, սահմանազատման
աշխատանքի հիմքերը որքան հնարավոր է հստակ և ավելի քիչ մեկնաբանությունների տեղ թողնող
ձևակերպումներով։ Ահա այսպիսի պարամետրերի սահմանմանը հասնելը մեզ համար առաջնահերթ է»։
Ադրբեջանի դեպքում կիրառվող 86 600 քառակուսի կիլոմտրի սահմանման վտանգի մասին խոսում են
ընդդիմադիրները։ ԼՂ ապագան վճռելու իրավունքի մասին հարցերը «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր
Արթուր Խաչատրյանը ուղղեց արտգործնախարարին։
Երբ դուք արդեն 86 600 քառակուսի կիլոմետրի մասին եք խոսում, դա նշանակում է՝ դուք արդեն կանխորոշել
եք ձեր համար Ղարաբաղի կարգավիճակը։ Արդյո՞ք դուք ստացել եք Արցախի Հանրապետության իշխանությունների
կողմից այդ լիազորությունը Արցախի նկատմամբ վերահաստատել Ադրբեջանի գերիշխանությունը։
– Եթե հիշողությունս չի դավաճանում ՀՀ–ն իր հիմնադրումից հետո մշտապես ճանաչել է Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը, այդ թվում և այն տարիներին, երբ ձեր ներկայացրած կուսակցությունը
եղել է իշխանության մաս։ ԼՂ ո՛չ ժողովուրդը, ո՛չ նրանց ընտրած իշխանությունները և կառավարման
մարմինները մեզ չեն լիազորել բանակցել իրենց կարգավիճակի շուրջ և մենք էլ չենք բանակցում այդ
կարգավիճակի շուրջ։ ՀՀ–ն, ինչպես և նախկինում ճանաչել է և այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի
տարածքային ամբողջականությունը։
Որպեսզի խաղաղությունը լինի կայուն ու երկարատև, պետք է առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ այդ խնդիրները
կան՝ նշել է արտգործնախարարը։ Նա շեշտել է, որ որևէ մեկն աշխարհում չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի
ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր՝ բլոկադա, Լաչինի միջանցքի
ապօրինի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանում։ Ասում է՝ այս հարցերը ոչ թե մենք
պետք է քննարկենք, այլ Լեռնային Ղարաբաղի ընտրված մարմինները։ Իսկ Հայաստանը, ըստ արգործնախարար
Միրզոյանի, պետք է փորձի ապահովել այդ երկխոսության սկիզբը։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 07:03
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ