Print this page

Նիկոլ Փաշինյանի խոսքերը միանշանակ չեն ընկալվել

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 25, 2021

Հարցը, որ լայնորեն քննարկվում է փորձագիտական շրջանակներում հետևյալն է․ 1992 թ-ից ի վեր միջնորդների առաջարկած կարգավորման բոլոր պլաններն ընդունել են ԼՂԻՄ-ի՝ որպես քաղաքական միավորի սահմանները։ 2020-ի պատերազմի հետևանքով այդ սահմանները խախտվել են։ ՀՀ ունի՞ պաշտոնական մոտեցում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները, և եթե բանակցությունները մեկնարկեն՝ Հայաստանը բարձրացնելո՞ւ է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։ ՀՀ վարչապետը հարցին այս կերպ պատասխանեց․ 

«ԼՂ ինքնավար մարզը երբեք բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, որովհետև այնտեղ այն փաստի բերումով, ամեն դեպքում դա բանակցություններում արձանագրված է, որ ԼՂ ինքնավար մարզում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»։ 

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, որ ՔՊ կուսակցության նախկին անդամ է և ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, հակադարձում է վարչապետին․ 

«Ամբողջ 30 տարի բանակցային գործընթացի նպատակը ԼՂԻՄ-ը հայկական պահելն է եղել և հետագա հանրաքվեի միջոցով կարգավիճակի ամրագրումը, որը հնարավորություն կտա Արցախում ապրող մեր հայրենակիցներին ապրել իրենց հայրենի հողում։ Սա է ամբողջ խնդիրը»։ 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած թեզերը ադրբեջանական քարոզչական տարրեր են պարունակել։ 

«Այո, Նիկոլ Փաշինյանի ասուլիսում պրագմատիկ տարրեր կային, այո, նա փորձում էր սթափ վերլուծել այն իրավիճակը, որ ստեղծվել է բանակցային գործընթացում։ Բայց, իմ կարծիքով, նա դա արել է բավականին անհաջող կերպով՝ շրջանառության մեջ դնելով ադրբեջանական թեզեր։ Օրինակ՝ ադրբեջանցիների վերադարձի թեզը, կամ ադրբեջանցիների  իրավունքների թեզը բանակցային գործընթացում  հետապնդում էր պաշտոնական Բաքուն»։ 

ԼՂԻՄ-ը միշտ եղել ու ընկալվել է որպես վարչատարածքային միավոր, որտեղ գերակա է եղել հայկական տարրը՝ ասում է քաղաքագետը։ Սա բացարձակ ճշմարտություն է։ 

«ԼՂԻՄ-ը միշտ դիտարկվել է   վարչատարածքային առանձին միավոր, որտեղ գերակա է եղել հայկական տարրը։  Միջնորդները երբեք խնդիրը չեն դիտարկել էթնիկ պատկանելությամբ։  Դա ինձ համար ակնհայտ է։ Նրանք դիտարկել են  հիմնախնդիրը՝  այդ թվում  նաև, այո՛, ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրը։ Բայց նույնիսկ վերադարձի պարագայում բոլորիս համար ակնհայտ էր, որ հնարավոր պլեբիսցիտը կամ հանրաքվեն տալու էր դրական արդյունք, որովհետև մեծամասնությունը հայեր են»։ 

 
 
Տաթևիկ Հայրապետյանի դիտարկմամբ՝ լավ կլիներ արցախյան խնդրով բանակցությունները սառեցնել՝ մինչև ավելի լավ ժամանակներ։ Սուրեն Սուրենյանցի համոզմամբ՝ նույնպես։ 
 
«Այս պահին Արցախի անկախության հարցի մասով Հայաստանը դաշնակիցներ չունի արտաքին աշխարհում։ Այս պահին չպետք է կենտրոնանալ կարգավիճակի վրա։ Բայց դա չպետք է անել նման անհաջող ձևակերպումներով։Ես չեմ էլ կարծում,  որ այս պահին բանակցային գործընթացում առաջնային թեմա է կարգավիճակի հարցը։  Հիշենք ՌԴ նախագահի կամ  ԱԳՆ բազմիցս հնչեցրած   հայտարարարությունները, որտեղ ասվում է, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկել ավելի ուշ, երբ դրա համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ»։ 
 
Արցախի մասով ՀՀ արտաքին քաղաքականության առանցքը ներկայումս պետք է Արցախում ապրողների անվտանգության ապահովման խնդիրը լինի՝ կարծում է Սուրեն Սուրենյանցը։  Այն որոշակիորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում և ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 25 Դեկտեմբերի 2021 14:26

Related items