Print this page

«Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

By Սրբուհի Վանյան Փետրվարի 16, 2022

Դեռևս 2021 թվականի մարտի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պաշտոնական հայտարարությամբ իր քաղաքական դիրքորոշումն էր հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ՝ ներկայացնելով «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծն ասաց Դաշնակացություն խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։ Նախագծով սահմանվում է 1991-94, 2016 թ․ և 2020 Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը և դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, ինչպես նաև օկուպացված տարածքների պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության, մարդու և քաղաքացու, իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանության առանձնահատկությունները։

«Արցախի հանրապետությանը  Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում  ԱՀ տարածքների բռնազավթումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախյան հակամարտության   խաղաղ  կարգավորման ապագա բանակցությունների ընթացում ԱՀ վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացի վրա»։

Արցախի բռնազավթված շրջանների դեօկուպացիան, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջացիկ քայլերի իրականացումը, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, բռնի, ներքին տեղահանված անձանց, փախստականների՝ իրենց բնակավայրերի վերադարձը հրամայական է համարվում։ Երեկ կայացած գլխադասային՝ Պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվել և ընդունվել են կառավարության առաջարկությունները նույնպես, փոփոխություն է կատարվել նաև օրենքի անվանման մեջ։ Այն կկոչվի Արցախի Հանրապետության օրենքը՝ բռնազավթված տարածքների մասին։

«ԱՀ-ն, ըստ երկրի Սահմանադրության, ինքնիշխան և անկախ պետություն է։ Նրա ինքնիշխանությունը տարածվում է իր ամբողջ տարածքի վրա, որի շրջանակներում Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, ձևավորել և զարգացրել է պետականություն։  Այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների՝ Արցախի տարածքում  մնալն առանց Արցախի կամավոր համաձայնության, միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերի և միջազգային սովորույթային իրավունքի նորմերի խախտումով, ինչպես նաև հակառակ   1994 թ․մայիսի 12-ի ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների մասին համաձայնագրի և 1995 թվականի փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի,  ինքնիշխան պետության տարածքի ապօրինի ռազմական  բռնազավթում՝ օկուպացիա է»։ 

Բռնազավթված տարածքները ԱՀ անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է ԱՀ օրենսդրությունը։

«Ըստ օրինագծի, բռնազավթված տարածքներ են համարվում Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով 1, 2, 3 աստղանիշներով նշված շրջանները, համայնքները, բնակավայրերը եւ այդ բնակավայրերի տարածքում ընդգրկված հողային ու ջրային ռեսուրսները, որոնք բռնազավթվել են և գտնվում են Արդրբեջանի վերահսկողության տակ»։

 Օրինագծում նախատեսված են նաև անցումային դրույթներ՝ այլ օրենքների հետ հակասությունները բացառելու համար։ Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանն օրենքի ընդունումը հրամայական և գուցե մի քիչ ուշացած է համարում։ Նրա խոսքով՝ այն իր մեջ ներառում է իշխանությունների ու հանրության ներկայի ու ապագայի տեսլականը, անցյալի հիշողությունը։ 

«Կարևոր օրինագիծ է, մի քիչ ուշացած։ Կարևոր է նաև, որ ճիշտ տերմինաբանություն օգտագործենք, միշտ խոսենք այդ տարածքների մասին, որ բռնագրավված են։ Հուսով եմ, որ քննարկումները կշարունակվեն և ԱԺ-ն կընդունի այդ օրենքը։ Կարծում եմ, սա պատմական մի քայլ է լինելու»։

Արթուր Թովմասյանը համաձայն չէ «ուշացած» ձևակերպման հետ։ Աժ նախագահը դիմելով իր գործընկերներին, մասնավորապես ասել է․

«Օրենքի այն նախագծերը, որոնք իրենց մեջ անվտանգային բաղադրիչ են պարունակում, քննարկվելու են  ԱՀ Անվտանգության խորհրդում,  Արցախի ժողովրդի ապագայի, ներկայի ու անցյալի հետ առնչվող  օրինագծերի ժամանակ հաշվի են առնվելու այդ կառույցի, արտաքին գործերի նախարարութայն տեսակետները։ Օրենքն ուշացած չէ․ ուշացած կլիներ այն պարագայում, եթե չլիներ 2021 թվականի մարտի 1-ի հայտարությույնը»։

Արցախի Հանրապետության Բռնազավթված տարածքների մասին օրենքների փաթեթը միաձայն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Արթուր Մոսիյանի առաջարկությամբ, երկրորդ ընթերցման համար առաջարկությունների ժամկետը կրճատվել է մինչը վաղը՝ ժամը 17․ 00-ն։

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022 16:56

Related items