Ապրիլի 16, 2024

Կոռուպցիոն գործերի բացահայտումը դրանք հետագայում կանխելու հիմքն է

By Սրբուհի Վանյան Մարտի 05, 2022

2021 թվականի վիճակագրական տվյալներով հարուցված գործերը՝ կոռուպցիոն գործընթացների առնչությամբ մի քանի անգամ գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշները։ Այս մասին ասել է Արցախի հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը՝ Արցախի հանրային ռադիոյին տված հարցազրույցում։ Աշխատանքի ծավալը մեծ է, ինչն ազդում է քննության արդյունքների արագ հրապարակման վրա, և, ըստ դատախազի կարող է հանրային թյուր կարծիք ձևավորել դրանց բաց և թափանցիկ լինելու շուրջ։

«Իհարկե, սա էլ իր հերթին լրացուցիչ բեռ ու ծանրաբեռնվածություն է իրավապահ մարմինների համար։ Այդ պատճառով, երբ մենք հայտարարում ենք այս կամ այն դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու մասին, բայց հետո, քննության արդյունքների մասին տեղեկությունները մի քիչ ուշանում են, հանրության մոտ տպավորություն է ձևավորվում, թե քննությունը փակ և մութ տարրեր է պարունակում։ Իրականում՝ ոչ․ մենք փորձում ենք մաքսիմալ արագացնել այդ դեպքերով քննությունը՝ ամբողջությամբ հանրային նման մտահոգությունը փարատելու համար»։

Կոռուպցիայի դեմ ուղղված պայքարում ներգրավվել են նաև հետաքննության մարմինները, որոնք մի շարք օպերատիվ հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել՝ այդ թվում նաև 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովելու նպատակով վերջիններիս հյուրատնային ծառայության մատուցման գործընթացում կատարված ենթադրյալ խարդախության դեպքի առիթով։ Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է՝ այդ գործի շրջանակում հարուցվել է 9 քրեական գործ։

«Այդ քրեական գործերով արդեն ունենք որպես մեղադրյալ ներգրավված անձիք, հանցագործության պատճառած վնասների հատուցման պահանջ։ Ուզում եմ շեշտը դնել այն հանգամանքի վրա, որ մենք չենք սահմանափակվել հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ճանապարհով քննությունն ավարտելով, այլ այս փուլում արդեն հասել ենք այն կետին, որտեղ պետք է իրավական գնահատականներ տանք նաև համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին, անգործությանը, կամ ծառայության նկատմամբ ցուցաբերած անփույթ վերաբերմունքին, որը հանգեցրել է նման իրավիճակի»։

Հանրապետության գլխավոր դատախազի խոսքով, շուտով կհրապարակվեն այդ 9 քրեական գործերի արդյունքները և հստակ կերևա այդ աշխատանքի ընթացքում վեր հանված պատկերը։ Գուրգեն Ներսիսյանն ընդգծում է․ հատկապես ուշադրության կենտրոնում են պահում հանրությանը մտահոգող գործերը և շտապում օր առաջ տեղեկացնել դրանց արդյունքների մասին։

«Ընդ որում սա մենք փորձում ենք ավելի վաղ հրապարակել և ուղարկել կառավարությանն այն պատճառով, որպեսզի հենց հիմա միջոցներ ձեռնարկվեն՝ նմանօրինակ դեպքերը կանխելու համար։ Մենք չգիտենք՝ նման ծառայությունները պետության կողմից դեռ ինչ տևողությամբ կիրականցվեն, բայց ուզում ենք, որ բոլոր բացերը վերացվեն գործադիր իշխանության կողմից»։

Այս գործի շրջանակներում 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեից հափշտակվել է 15.740.000 դրամ գումար։ Միջոցներ են ձեռնարկվում այդ վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:«Մենք հետևողական ենք լինելու, քանի որ նման գործերի բացահայտումը կոռուպցիոն երևույթների կանխման և հետագայում բացառման հարցում մեծ դերակատարություն ունի»,-ասել է Գուրգեն Ներսիսյանը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ