Ապրիլի 19, 2024

Կիսակառույց տների վերանորոգման ծրագիրը շուտով կվերսկսվի

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 14, 2022
Կիսակառույց տների  շինաշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով    մինչև 5 միլիոն   դրամի աջակցությունը  պատերազմից առաջ  տրամադրվում էր միայն շրջանների բնակիչներին։     Պատերազմից հետո   ծրագրում փոփոխությունների կատարվեցին՝  նման հնարավորություն տալով  նաև Ստեփանակերտի բնակիչներին: 2021թ. հուլիսի 21-ից ծրագիրն իրականացնելու լիազորությունը տրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Ծրագիրը գործել է մինչև այս տարվա մարտ ամիսը՝  ասում է նախարարության մամուլի պատասխանատու Վիկտորյա Պետրոսյանը. 
 
«Այս պահին ծրագիրը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ դիմորդները շատ-շատ են, սակայն շուտով նորից կյանքի կկոչվի, ինչի մասին մեր քաղաքացիներին անպայման տեղյակ կպահենք»: 
 
Ծրագրի մեիկնարկից մինչև հիմա շահառուների թիվը հասել է շուրջ 400-ի: Ի սկզբանե ծրագրի շրջանակներում նախատեսվում էր տրամադրել 3 միլիոն դրամ աջակցություն,  հետո արդեն որոշվեց մեծացնել գումարը մինչև 5 մլն, այժմ նախատեսվում է  ավելի բարձրացնել տրամադրվող գումարի չափը՝ ասում է Վիկտրոյա Պետրոսյանը: Ծրագիրն իրականցավում է փուլ առ փուլ: 
 
«Ընդհանուր՝ 340 շահառու՝ մինչև 2021թ. մայիսը: 2021թ. մայիսից մինչև դեկտեմբեր ունենք 343 դիմորդ, որոնցից 45-ը ստացել են 5 մլն-ական ՀՀ դրամ աջակցություն։  112 շահառու ստացել են 1-ին փուլի աջակցությունը՝ կես գումարը. 2 մլն կամ 2,5 մլն, այսինքն՝ ըստ շինության պահանջների: 1-ին փուլի գումարը ստանալուց հետո շահառուն դիմում է նախարարությանը, որ արդեն գումարը օգտագործվել է ըստ պահանջի, որից հետո մեր աշխատանքային խումբը այցելում է շահառուին՝ ստուգելու, թե արդյո՞ք համապատասխանում է իրականությանը: Այնուհետև տրամադրվում է 2-րդ փուլի աջակցությունը, այսինքն՝ գումարի մյուս կեսը»:
 
 Արսեն Մինասյանը ծրագրի շահառուներից է, Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում  4 սենյականոց տուն է կառուցել: Այստեղ ապրում է Արսենի 6 հոգանոց ընտանիքը: Ասում է՝  շնորհակալ է կառավարությանը նման աջակցության համար: Տրամադրվող գումարը փուլ առ փուլ է ստացել: 
 
«Գումարը հերիքել է միայն ներսի աշխատանքների համար, ոչ ամբողջովին, բայց դա էլ կարևոր էր»: 
 
2022թ-ին կիսակառույց շինությունն ավարտին հասցնելու համար նախարարությանն է դիմել 64 շահառու: Շահառուների դիմումները ընթացքավորվում են ըստ  առաջնահերթության. 
 
«Քանի որ ծրագիրն ի սկզբանե գործել է համայնքների շրջանակներում, ուստի առաջնահերթությունը տրվել է շրջանների շահառուներին՝ այնտեղի բնակֆոնդը ավելացնելու նպատակով: Իսկ ընդհանուր առմամբ՝ ծրագիրը գործում է՝ ըստ դիմումների հերթականության»:
 
 Ծրագրի շրջանակներում օրերս ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանն այցելել է ծրագրի շահառուներին  Ստեփանակերտում, Ասկերանում և Իվանյան համայնքում, տեղում ծանոթացել ավարտին հասցված կիսակառույց տների պայմաններին: Նախարարությունից նշում են, որ գերատեսչությունը հետամուտ է  տրամադրվող աջակցության նպատակային օգտագործմանը։ Այդ նպատակով էլ վերահսկողական այցերը հաճախակի բնույթ է կրում։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ