Հոկտեմբերի 06, 2022

Անահիտ Հակոբյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ

By «Արցախ» լրատվական Սեպտեմբերի 01, 2022
« Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ։
 
Նախորդ ուսումնական տարում միասին ստիպված էինք հաղթահարել մի շարք դժվարություններ, իսկ այս ուսումնականը սկսում ենք կրկին մեծ ցավով՝ տեղահանված ուսուցիչներով, աշակերտներով, Աղավնոյի կորսված դպրոցով, որտեղ, ցավոք, այս տարի չի լսվի դպրոցական զանգի ղողանջը։
 
Ակնհայտ է, որ կրթական համակարգի խնդիրներն ու հարցերը օրեցօր բազմապատկվում են՝ բոլորից պահանջելով մեծ ջանք ու եռանդ առկա մարտահրավերների դիմակայման գործում։
 
Այսօր, առավել քան երբևէ, մեր երկիրը զգում է կիրթ և հայրենանվեր սերնդի կարիք, որն իր գիտելիքներն ու հմտությունները կդարձնի հայրենիքի անվտանգության երաշխիքն ու հզորացման աղբյուրը։ Կրթության ուսերին են դրված երկրի ապագան ու ճակատագիրը։
 
Ուստի ամենքս պետք է բարեխղճորեն կատարենք մեր առջև դրված պարտականությունները, հասկանանք, որ յուրաքանչյուրիս ազնիվ աշխատանքով է ամրանում ու կայունանում երկրի հենքը։
 
Վստահ եմ, որ այս զրկանքներն ու դժվարությունները մեզ ավելի կկոփեն, և մենք կհաղթահարենք բոլոր փորձությունները՝ ստեղծելով ամուր և ճկուն կրթական համակարգ, որը կդառնա հայրենիքի ազատության ու անվտանգության պատասխանատուն։
 
Շնորհավորում եմ նաև վաղվա տոնի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, բոլորիս մաղթում նոր ուսումնական տարվա խաղաղ ընթացք ազատ ու անկախ Արցախում․․․», - ասված է ուղերձում:
Last modified on Հինգշաբթի, 01 Սեպտեմբերի 2022 12:16
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ