Հոկտեմբերի 06, 2022

Սկսել սկզբից․ Մանե Թանդիլյանը նոր սկիզբը Արցախն է համարում

By Սրբուհի Վանյան Սեպտեմբերի 03, 2022

Մեր ազգային արժանապատվությունը վերականգնվել է Արցախով՝ վստահ է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: Օրերս նա սոցցանցերում գրառում է կատարել Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Արցախում ձևավորվող Համահայկական ճակատին աջակցելու, սկզբից սկսելու և այդ սկզբի հենման կետն Արցախը դիտարկելու մասին։ «Մեր անկախ պետականությունը կերտող լավագույն զավակները երազել են այդ հաղթանակի մասին, սերել են այդ պայքարից և այդ հաղթանակից»,-գրել է նա։ 

«Երբ որ ասում եմ, թե պետք է սկսել սկզբից, նկատի ունեմ, որ անկախությունից ի վեր բազում սխալներ ենք թույլ տվել։ Ձախողել ենք կառուցել այնպիսի պետություն, որը կկարողանար դիմակայել այն մարտահրավերներին, ինչի առջև կանգնեցին Հայաստանն ու Արցախը առաջին պատերազմից հետո։ Ցավոք, մեր հաղթանակը չկարողացանք կապիտալիզացնել, ամրապնդել և դարձնել վերջնական։ Մենք ինքներս մեզ երբեմն խաբեցինք, խորքային չպատկերացրեցինք, թե ինչ է մեզ սպասվում, և ինչպիսի պետությունը կարող է դիմակայել առկա մարտահրավերներին։»

 Չենք կարողացել ամրագրել հաղթանակի արդյունքներն ու կառուցել անկախ և ինքնիշխան անխախտ պետականություն։ Բազում ճակատագրական սխալներ ենք թույլ տվել ու շեղվել ճանապարհից՝ ասում է զրուցակիցս: Այս շեղումն, իհարկե, թանկ է նստել մեզ վրա, բայց պարտավոր ենք ուղղվել և ուղղել։ Վերադառնում ենք այն կետին, որտեղից սկսել ենք: Մանե Թանդիլյանն Արցախը հայի արժանապատվության աղբյուրն է համարում և հայոց պետականության արժանապատվությունը սնուցող հենքը, գտնում, որ հայ ազգի հարատևման բանաձևը հենց Արցախում է։ Նա համոզված է, որ Արցախում սկիզբ առնող Համահայկական ճակատը, Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, հնարավորություն կտա ուղղելու սխալները։ Ո՞րն է Համահայկական ճակատի առաքելությունն այս փուլում․ պարզաբանում է մեր զրուցակիցը։ 

«Սեպտեմբերի վերջին կհայտարարվի, թե Ճակատն ինչ ծրագրեր է անելու տարբեր ոլորտներում, առաջ ընկնելով ասեմ, որ այս փուլում առողջապահական, ենթակառուցվածքային, կրթական , այլ ոլորտներում ծրագրերը արցախցու կյանքն Արցախում դարձնելու են մի քանի անգամ ավելի լավ ու բարվոք։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Արցախում պիտի մնան, Արցախ վերադառնան, հայ մարդու ներուժը պիտի կապիտալիզացվի այստեղ։»

 Մանե Թանդիլյանը կոչ է անում միանալ նախաձեռնությանը, սեփական փորձն է բերում՝ որպես պատերազմից հետո Արցախում՝ Արցախի ժողովրդին ծառայելու պատիվ ունեցած մարդ: Նա վստահ է, որ Արցախի համար որևէ բան անել նշանակում է գալ Արցախ,ապրել Արցախում և լինե՛լ արցախցի: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ