Մարտի 28, 2024

ԱԺ-ը քննարկեց գազի սակագնի սուբսիդավորման հարցը

By Վիկտորյա Սարգսյան Նոյեմբերի 07, 2022

Գազի սուբսիդավորման հարցը բարձրացվել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստայնի կողմից սեպտեմբերի 29-ի ԱԺ հերթական նիստին՝ էլեկտրաէներգիայի սակագնի հարցի քննարկման ժամանակ։ Պատգամավորն առաջարկել է ձմեռային շրջանում սուբսիդավորել նաև գազի սակագինը։ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովը կազմակերպեց լսումներ՝ կառավարության համապատասխան ներկայացուցիչների և ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի մասնակցությամբ։Գազի սուբսիդավորման ծրագիրը կառավարությունն իրականացրել է հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ 2020-ի դեկտեմբերից մինչև 2021-ի մարտ։ Հայկ Խանումյանի խոսքով՝ ծրագիրն արժեցել է մոտ 3,5 մլրդ դրամ։

«Մոտավոր թիվը ամսական 300 մլն դրամ է։ Միջին սպառումն Արցախում, եթե գազով ջեռուցում են իրականացնում, 1200 կվտ/ժ է, եթե ոչ՝ 600 կվտ/ժ։ Ընդհանուր ունենք մոտ 22 հազար ակտիվ բաժանորդ»։

Հայկ Խանումյանը սուբսիդավորման ծրագիրը արդյունավետ չի համարում։ Սուբսիդավորմանը դեմ է եղել թե պատգամավորության տարիներին, թե հիմա։ Նրա կարծիքով՝ առաջնային հարցը ենթակառուցվածքների վերազինումն է։

«Ինչու՞ են նախարարները դեմ։ Մի պարզ պատճառով։ Երբ 2,5-3 մլրդ դրամ տալիս ենք սուբսիդավորման, ընթացքում էլ հավելյալ բարդություններ են լինում, խնդիրներ է առաջանում։ Միայն մարտ ամսին գազի անջատումների հետևանքները վերացնելու համար 650 մլն դրամ ենք ծախսել ու  փոխել Ստեփանակերտի էլեկտրական գծերը։ Մարտակերտի և Մարտունու գյուղերի բնակչության մեծ մասը 220 վոլտ էներգիա չի ստանում։ Համակարգը չի ներում։ Անընդհատ ուզում էինք գումարներն ուղղել այդ գյուղերի համակարգերի արդիականացմանը, բայց այս դեպքերի պատճառով ուղղեցինք Ստեփանակերտին։ Հիմա էլ սուբսիդիայի գումարներ ենք տալիս, իսկ խնդիրները  մնում են»։

Գազի սակագնի սուբսիդավորման առաջարկի հեղինակը՝ Դավիթ Գալստյանը, համաձայն չէ նախարարի հետ։ Պետք է ձմեռային ամիսներին աջակցել բնակչությանը։ Հարցը նաև քաղաքական կողմ ունի՝ պետք է ապահովել բոլոր պայմանները, որ բնակչությունը մնա Արցախում։

«Մեր խնդիրն է ամեն կերպ բարելավել մարդկանց կյանքը։ Գոնե այս հարցում որոշակի աջակցենք բնակչությանը։ Իսկ թե ինչ մեխանիզմներով և ինչ գումարներով, դա այլ հարց է։ Պետք է ընտրել մեխանիզմը և առաջ գնալ»։

Պատգամավորները հանդես են եկել հարցի լուծման իրենց առաջարկներով։ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանն առաջարկում է բնակչության կարիքների գնահատում իրականացնել և   սուբսիդավորել ըստ կարիքի։

«Այն ընտանիքները, որոնց բյուջեն հասնում է մոտ 300 հազարի, սուբսիդավորում ստանան։ Իսկ 300 հազարից ավել բյուջե ունեցող ընտանիքները պետք է վճարեն»։

Քննարկումները տևել են շուրջ մեկ ժամ։ Հնչեցին տարբեր առաջարկներ, բայց վերջնական որոշում այդպես էլ չընդունվեց։  Միակ որոշումն էր   հարցը  ներառել   նաև 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներում։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ