Դեկտեմբերի 09, 2022

ժողովրդագրության ցուցանիշները անցած 9 ամիսներին հուսադրող են

By Մարգարիտա Ղուշունց Նոյեմբերի 11, 2022

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի հանրապետությունում համախառն ներքին արդյունքը կազմել է 199.6 մլրդ դրամ` 2021թ. հունվար-սեպտեմբերի 162.8 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի իրական աճի  տեմպը կազմել է 118.2 տոկոս,  ինդեքս-դեֆլյատորը` 103.7 տոկոս (2021թ. համապատասխանաբար 73.6 տոկոսի և 102.5 տոկոսի փոխարեն): Այս տարի տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ է նկատվում ՝ ասում է ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը: 

«Ընդհանրապես ամբողջ աշխարհում   որպես կանոն համեմատությունները կատարվում են նախորդ տարվա համեմատ և մենք անցած տարվա բազային տարում, այսինքն՝ 2021 թվականին հունվար-սեպտեմբերին ունեցել ենք տնտեսական անկման բավականին բարձր ցուցանիշ՝ 26,4 տոկոս: 2020 թվականին էլ ենք ունեցել անկման ցուցանիշ 2019-ի համեմատ: Այս ֆոնին մենք դեռևս հեռու ենք նախապատերազմական շրջանի ցուցանիշների մակարդակից»:

Մանուշ Մինասյանը ներկայացնում  է տնտեսական աճի ցուցանիշի հիմնական շարժիչները՝  ըստ վիճակագրական տվյալների։ Այսպես՝ 18.2 տոկոս աճի շուրջ 10.4 տոկոսային կետը ապահովել է արդյունաբերությունը, ներառյալ էներգետիկան, 1.9 տոկոսային կետը՝ առևտուրը և ծառայությունները, 0.9 տոկոսային կետը՝ գյուղատնտեսությունը, 0.7 տոկոսային կետը՝ շինարարությանը, 2.7 տոկոսային կետը` արտադրանքի հարկերը: Թողարկվել է 78.3 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 72.1 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: Մանուշ Մինասյանի գնահատմամբ՝ արդյունաբերության ոլորտում հիմնական ցուցանիշները դրական են: 

«Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 146.4 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը՝ 196.2 տոկոս, մշակող արդյունաբերությունը՝ 86.2 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը՝ 116.7 տոկոս, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտը՝ 100.4 տոկոս: Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 59.4%, մշակող արդյունաբերություն` 20.3%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 19.7%, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում 0.6%»: 

Գրեթե նույն պատկերն է նաև գյուղատնտեսության ոլորտում, արտադրանքի իրական աճ է գրանցվել՝   ասում է Մանուշ Մինասյանը։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այսպիսի ցուցանիշներ չեն եղել: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, համադրելի գներով, աճել է 18.8 տոկոսով:  

«Ընդհանուր առմամբ նվազել է խոշոր, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը, աճ կա միայն խոզերի գլխաքանակի առումով: Նախորդ տարվա համեմատ աճել են պահածոների, շինանյութերի հիմնական տեսակների, արդյունահանված խտանյութի, որոշ խմիչքների, կաթնամթերքների որոշ տեսակների, բամբակյա գործվածքների, մսի արտադրության ծավալները»: 

Նախորդ տարվա համաեմատ բարձր անկում է գրանցել կապի ոլորտը՝ նվազելով 25.1 տոկոսով: Կապի ոլորտի հասույթի շուրջ 59.5 տոկոսը բաժին է ընկել բջջային կապին:   Հետպատերազմյան ժամանակաշրջանի  բոլոր ժամանակահատվածներում աճ է գրանցվել միայն շինարարության ոլորտում ՝  7.1տոկոս: Շինարարության կառուցվածքը ըստ ֆինանսավորման աղբյուրների  նույն է մնացել՝  ասում է Մանուշ Միանսյանը: 

«Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 51.3%-ը կատարվել է պետական բյուջեի, 24.4%-ը՝ մարդասիրական օգնության, 20.3%-ը՝ կազմակերպությունների միջոցներով»:

 Ըստ վիճակագրական տվյալների՝ հանրապետությունում նկատվել է նաև գնաճ:  Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.5տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը։  Բավականին լավ ցուցանիշներ կան արտաքին առևտրում։

«Արտաքին  առևտրաշրջանառության ծավալը  կազմել է 489,4 մլն դրամ, աճել է 2,1 անգամ։ Ընդ որում արտահանումը  ավելի շատ է աճել՝ 3 անգամ, իսկ ներմուծումը աճել է 72,1 տոկոսով»:  

Առևտրի շրջանառությունն աճել է 38.2 տոկոսով, ծառայությունների ընդհանուր ծավալը՝  8.2 տոկոսով: Մանուշ Մինասյանն  ադրադարձել է նաև տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձին, նշելով,որ այն աճել է 28.7 տոկոսով: Նկատվում է՝ ոչ պետական հատվածում աշխատավարձը շատ ավելի բարձր է,  քան  մասնավոր հատվածում: Տնտեսական ակտիվության մաս են կազմում նաև տնտեսվարող սուբյեկտների գրացումների աճը: Հուսադրող և լավ ցուցանիշներ կան ժողովրրդագրության բնագավառում՝  ասում է Մինասյանը: 

«Միայն բնական աճի ցուցանիշը այսինքն ծնվածների ու  մահացածների   տարբերությունը՝ 10 անգամ  աճել է: Մենք ունենք և ծնունդների թվաքանակի աճ, և մահերի քանակի նվազում:  Ծնված երեխաների անվանակոչման դիտարկումը հետևյալն է՝ աղջիկների շրջանում  տարածված է  Մանե, Մարիա, Եվա, տղաների շրջանում Դավիթ, Տիգրան, Մոնթե անունները: Նորածինների առավել հաճախ կրկնվող ազգանունների և աղջիկների, և տղաների ցուցակներում առաջին 2 հորիզոնականները զբաղեցնում են Գրիգորյան և Սարգսյան ազգանունները: Մահացածության պատճառական կառուցվածքի՝ ըստ հիվանդության դասերի դիտարկման արդյունքում բարձր տեսակարար կշիռներ ունեն արյան շրջանառության համակարգի հիվանդությունները` 51.7%: Ըստ տարիքային խմբերի մահացածների դիտարկմամբ ունենք հետևյալ պատկերը. մինչև 70 տարեկան մահացածները կազմել են ընդհանուրի 35.6%-ը, 70-ից բարձր տարեկանները` 64.4%-ը: Ամուսնացողների միջին տարիքը 2022թ. հունվար-սեպտեմբերին կանանց համար կազմել է 25.1 տարեկան, տղամարդկանց համար 28.8 տարեկան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխանաբար 24.7 տարեկան և 28.4 տարեկանի փոխարեն»:

 Առաջիկայում ազգային վիճակագրական ծառայությունը կազմակերպելու է շնորհանդես՝ կապված աշխատանքի շուկայի հետ։   Ինչպես նաև զեկույցներ աղքատության ցուցանիշների ու տարհանված ընտանիքների կենսապայմանների մասին։ 

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 12 Նոյեմբերի 2022 11:19
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ