Ապրիլի 20, 2024

Ստեփանակերտի քաղաքապետարանը անվճար վառելափայտի դիմումներ է ընդունում

By Վիկտորյա Սարգսյան Հունվարի 24, 2023

«Առավոտ ժամը 7-ին արթնանում եմ, վառում վառարանը, որպեսզի երեխաները հենց արթնանան տունը տաք լինի»։ 

Ամեն օր վառարանը վառելիս, Կարինեն մտովի վերադառնում է մանկություն ու հիշում, թե ինչպես էր իր մայրիկը անում նույն գործը՝ օգտագործված տետրերով ու չոր ճյուղերով։ Հիմա, երբ երեկոյան հավաքվում են ճթճթացող վառարանի մոտ, մանկության այդ օրերի հուշերը նորովի են պատմվում։ 

«Կիրակի օրը առավոտ շուտ արթնացա, վառեցի վառարանը, ջուրը դրեցի եռալու, որ երեխաներիս լողացնեմ։ Ու մի պահ վերադարձա մանկություն՝ 90-ականներ։ Մենք 5 երեխա էինք։ Մայրս հերթով մեզ լողացնում էր, հետո մեր շորերը նույն ջրում լվանում էր։ Այդ ժամանակ ջուրը աղբյուրից էինք բերում։ Օրվա վերջում էլ մայրս մեր երկհարկանի տան հատակներն էր մաքրում։ Ու այսպես ամբողջ օրը մայրս չարչարվում էր։ Հիշեցի այդ օրերն ու երեխաներիս էլ պատմեցի»։ 

Կարինեի մեծ ընտանիքը Աջափնյակ թաղամասում է ապրում։ Պատերազմից հետո՝ էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներից և թշնամու կողմից գազամատակարարման խափանումներից հետո, որոշել են փայտի վառարան գնել։ Բայց   բավարար քանակով վառելափայտ չեն գնել, չեն պատկերացրել որ նման իրավիճակ կստեղծվի։ Հիմա ստիպված բավարարվում են եղած պաշարներով ու մերձակա տարածքի չոր փայտերով։ Կարինեի խոսքով՝ շրջափակման ստեղծած դժվարությունները թեթև տանելու իր բանաձևը ամեն ինչին մի փոքր հումորով վերաբերվելն է։ 

«Հաց սարքելու պահը մի փոքր կատակով կպատմեմ։ Ինձնից գոհ-գոհ բերեցի ու վառարանի վրա կոտլետներ տապակեցի։ Սարքեցի, կերանք ու դուրս եկանք տնից։ Մինչ այդ լողացել էինք ու դուրս գալուց հետո հասկացանք, որ բոլորիս հագուստներից այդ կոտլետների հոտն է գալիս»։

Գազամատակարարման խափանման ու հանրապետությունում հասունացող էներգետիկ ճգնաժամի պատճառով, բնակչության մեծ մասն այսօր նախընտրում է հենց փայտի վառարանները։ Բայց այստեղ էլ խնդիր կա։ Վառելափայտը քիչ է ու թանկ։ Այն ձեռքբերելն էլ՝ ոչ պակաս դժվար խնդիր։  Իսկ վարպետները, ովքեր մինչ շրջափակումը ձմռան սեզոնին մի քանի վառարան էին վաճառում, այսօր օրական տասնյակ պատվերներ են ստանում։ Համացանցում հանդիպող հայտարարությունների մեծ մասը վառելափայտին ու վառարաններին է վերաբերում։ Հենց այպիսի մի հայտարարությունում նշված հեռախոսահամարով զանգեցինք։ Խնձրիստանի բնակիչ Ալբերտ պապիկը պատախանեց։ Մի քանի պատրաստի վառարան ուներ, թոռները տեղադրեցին համացանցում ու իսկույն ամբողջը վաճառվեց։ 

«Մին 10 հատ սարքած ում իլալ, խոխան տիրալա ֆեյսբուքումը, տարածվալա, մհենգ օրը 50 զանգում ստանում։ Դե ես հինչ անիմ, օրեկան մին երկու հատ կսարքիմ։ Էն էլ հու զանգա տամ, կուճիր խուխեն անուննա տամ։ 10 հատ ծախալում՝ 7000 դրաման։ Դե դուզը,  ժեժտը էլ կավուչ։ Կրիշայում իլալ թխեյիս, ժեժտը տղատում պերալ։ Բայց էնում կամանց- կամանց սարքում՝ լհա գոնե էտ կուճիր խուխատարներին հետե»։

Ստեփանակերտի քաղաքապետարանը շարունակում է ընդունել վառելափայտի կարիք ունեցող բնակիչների դիմումները։ Եթե նախկինում վառելափայտը տրամադրում էին որոշ առաջնահերթություններով, գազամատակարարման խափանումից հետո դիմումներն ընդունվում են բոլորի կողմից անխտիր։ Ինչպես «Արցախ» լրատվականին հայտնեցին Ջրային կոմիտեից, դիմումների բավարարումից հետո կոմիտեն անվճար վառելափայտ կտրամադրի: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ