Ապրիլի 19, 2024

Շրջափակման տնտեսական հետևանքները․ առաջին հարվածը ՓՄՁ-ն է կրում

By Սրբուհի Վանյան Հունվարի 25, 2023

Ստեփանակերտի առևտրի սրահների  մեծ մասն արդեն փակ է․ շատ խանութներ, որոնք մթերային ապրանքերի վաճառքով են զբաղվում, փակվում են, երբ վերջանում է հացն ու քիչ քանակով մատակարարվող կաթնամթերքը։ Կեսօրին «Տորթօֆֆ» հրուշակեղենի խանութ-սրահը  բաց էր․ մեր հարցերին պատասխանող կինը, թվաց, սեփականատերն էր։ Ձայնագրվել չցանկացավ, ասաց միայն, որ լույսերի ձեռը կրակն են ընկել․ աշխատելն անհնար է, մինչդեռ հազար ու մի հարց ունեն լուծելու։ Նույն  վիճակը «Վանիլլա» հրուշակեղենի արտադրամասում էր․ չնայած դեռ օրվա առաջին կեսն էր, վաճառողուհին վերջին «ավանդական գաթան» էր փաթեթավորում, օրվա, թերևս վերջին հաճախորդի համար։ «Ոչ մեկը չի խոսելու, իզուր մի սպասեք, այսօր վերջին օրն է, փակում ենք»,- ասում է երիտասարդ կինը՝ առանց աչքը գործից կտրելու։ «Բոգինյա» գեղեցկության սրահում նույնպես մութ էր․ առօրյա եռուզեռը չկար․ հաճախորդները զգուշացվել են՝ լույսի անջատման ժամերն են։ Վարսահարդար Անահիտը պատմում է, թե ինչպես են հարմարվում նոր աշխատանքային գրաֆիկին․

«Հենց գրաֆիկը հայտնի է դառնում, մենք զանգահարում, տեղյակ ենք պահում հաճախորդներին, մենք էլ մեր գրաֆիկը կազմում»։

Աշխատանքային օրը կրճատվել է 4 ժամով, կրճատվել է նաև այդ չորս ժամվա արտադրանքը։ Բայց դա միայն ըստ գրաֆիկի․ էներգամատակարարման համակարգը լարվածությանը չի դիմանում, և հաճախ գրաֆիկին զուգահեռ, մատակարարումն անջատվում է՝ վթարները վերացնելու նպատակով։ Չնայած դժվարություններին, գեղեցկության սրահները Ստեփանակերտում աշխատում են․ բլոկադան՝ բլոկադա, իսկ գեղեցկանալ պետք է․ թեկուզ միայն տրամադրությունը տեղը պահելու և ընկճախտից խուսափելու համար։

«Դժվար է, բայց մենք կազմակերպվում ենք, որովհետև մեր կանայք ուզում են միշտ գեղեցիկ ու հարդարված լինեն»։

Իսկ դժվարությունները քիչ չեն․ էլեկտրաէներգիայի հովհարային գրաֆիկը դրա մի մասն է ընդամենը․ շրջափակման պատճառով մատակարարումները ևս նվազել են, անհրաժեշտ նյութեր ու պարագաներ ծայրահեղ դժվար է ձեռք բերել։

«Իհարկե միայն լույսի հետ չէ խնդիրը, մատակարարումներն էլ նվազել են, ուրախություններ չեն նշվում, ճոխ տոնախմբություններ չեն արվում, մարդիկ առանց գործի են մնացել, դա իհարկե անդրադառնում է մեր գործի վրա»։

Սրահի պատասխանատու Մարինեն ասում է, որ հաճախորդների քանակը նվազել է, աշխատողները մտահոգություններ ու բողոքներ էլ են ունենում․ հարցեր է առաջացնում հանգամանքը, թե ինչպես են վճարելու՝ որը վարձակալության, որը՝ հարկերի կամ տոկոսադրույքների համար։ Ասում է՝ փորձելու են միջամտել։

«Իրենց համար էլ է դժվար։ Հույս ունենք, որ այնպես կանեն, որ նրանց համար էլ հարմար լինի․ տնօրինությունն էլ կմիջամտի։ Բողոքներ լինում են  իհարկե, քանի որ աշխատանքը քչացել է, և աշխատողները մտահոգվում են, որ չեն կարողանալու վարձակալության վճարը տալ»։

Վալերին արագ սննդի կետ է շահագործում Ստեփանակերտի «Կոլցեվոյում»։ Ավելի ճիշտ՝ շահագործում էր։ Հիմա միայն ժենգյալով հաց են թխում, աշխատողների թիվը ստիպված էին  կրճատել․ մատակարարումներ գրեթե չկան, ապրանքը ձեռք են բերում թանկ գներով և ամբողջ ծավալով աշխատել, բնականաբար,  չի լինում։

«Աշխատում ենք օրական 4-6 ժամ, նայած լույսերի գրաֆիկին։ Նախկինում լայն տեսականի ունեինք, հիմա, բնականաբար, կրճատվել է․ Հիմա ժենգյալով հաց ենք թխում, այն էլ երբ մատարկարարում ու լույս լինում է»։

Տնտեսվարողներն էլ գործունեությունը շարունակելու համար  որոշ ապրանքների համար կտրոն ստանում են պետական աջակցությամբ։ Բայց պետական աջակցության այլ ծրագրեր նախատեսվում են։ Պետեկամուտների կոմիտեից «Արցախ» լրատվականին հայտնեցին, որ  ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ներկա պահին մշակում է այդ ծրագրերը։ Թե որքանով դրանք կնպաստեն մասնավոր հատվածի խնդիրների լուծմանը, դժվար է ասել․ փաստ է այն, որ շրջափակումը աղետալի հետևանքներ է թողել փոքր և միջին բիզնեսի վրա, ինչը հաճախ ընտանիքի միակ եկամուտի աղբյուրն է հանդիսանում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ