Ապրիլի 20, 2024

Կապ․ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը

By Սրբուհի Վանյան Հունվարի 31, 2023
Էլեկտրաէներգիայի մատակարարման հովհարային գրաֆիկի պայմաններում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը ևս ստիպված է լրացուցիչ ջանքեր գործադրել՝ անխափան կապն ապահովելու համար։ Ճիշտ է, այն օբյեկտիվ պատճառներով, միշտ չի հաջողվում։ Թե ինչ խնդիրներ են առաջանում,  և ինչպես են դրանք հաղթահարում, ընկերության բաժանորդների սպասարկման ենթաբաժնի ղեկավար Իրինա Սարգսյանն է ներկայացնում։
 
«Էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված մեծ խնդիրներ են առաջանում։ Նույնիսկ հոսանքի առկայությունը բավարար չի լինում մեր սարքավորումների գործարկման համար և մենք ստիպված ենք սնուցման այլընտրանքային սարքեր օգտագործել, ինչը լրացուցիչ ծախսեր և հավելյալ մարդկային ռեսուրսներ է պահանջում»։
 
Միայն Ստեփանակերտ քաղաքում օրական ծախսվում է 1000 լիտր դիզվառելիք։ Շրջաններում գործող շուրջ 50 կայանների գործարկումն էլ է դիզվառելիքով կատարվում։ Այս ամենն ազդում է մատուցվող ծառայությունների ինքնարժեքի վրա։ Սակայն, ասում է, ընկերությունը որոշում է կայացրել չփոխել սակագները։Իրինա Սարգսյանը համաձայնում է մեզ հետ, որ, այո, կան խնդիրներ։ Բաժանորդներն էլ գուցե միշտ չեն գոհ ընկերության մատուցած ծառայությունների որակից, բայց պետք է ըմբռնումով մոտենալ ու հասկանալ, որ կապի խափանումները օբյեկտիվ պատճառներով են հաճախ առաջանում։
 
«Մեր բաժանորդների մեծամասնությունը օգտվում է «Միքս» սակագնային պլանից, որն իր մեջ ներառում է րոպեների, հաղորդագրությունների և շարժական համացանցի ծավալ։ Մեկ տարուց ավել է, ինչ թշնամու կողմից խափանվում է բջջային կապը և հենց դա է պատճառը, որ մի քանի ամիս առաջ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փաթեթի մեջ ներառված ներցանցային րոպեները դարձնել անսահմանափակ։ Այսինքն՝ բոլոր մեր բաժանորդները, որոնք օգտվում են այդ սակագնային պլանից,  բջջային ցանցի ներսում խոսում են անսահմանափակ և անվճար»։
 
Շարժական համացանցի կայաններում նույնպես գերծանրաբեռնվածություն է առաջանում էլեկտրաէներգիայի հովհարային գրաֆիկի պատճառով, քանի որ անջատումների ժամանակ բաժանորդները օգտվում են միայն  շարժական ինտերնետ կապից։Այն, որ կան խնդիրներ, և դրանց պատճառներն օբյեկտիվ են, կարելի է հասկանալ: Բաժանորդների համար դժվարընկալելի է հանգամանքը, թե ինչու պիտի ոչ լիարժեք մատուցված ծառայությունների դիմաց վճարումները կատարվեն լրիվ չափով և նշված ժամկետներում ։
 
«Ֆիքսված համացանցի մասով՝ ընկերությունն իր բաժանորդներին տրամադրում է անսահմանափակ ֆիքսված համացանց։ Մենք գնում ենք համացանցը Հայաստանից։Գուցե գիտեք՝ ՀՀ-ում ֆիքսված համացանցի մինիմալ սակագինը  7500 դրամ է, մեզ մոտ՝ 5500։ Մեր բաժանորդների 60 տոկոսն օգտվում է 1ՄԳԲ /վ արագությունից, որի դիմաց վճարում են WI-FI-ի ու DSL-ի պարագայում 4000 դրամ, իսկ օպտիկամանրաթելային դեպքում՝ 2800 դրամ։ Մեր ընկերությունը չի վերանայում իր սակագները, քանի որ վերահաշվարկի դեպքում դրանք կաճեն և ոչ թե կնվազեն՝ իմ կողմից նշված հանգամանքներով պայմանավորված»։
 
Իրինա Սարգսյանն ասում է, որ վերջերս բաժանորդներից առաջարկներ են ստանում՝ փաստացի օգտագործած ծավալի դիմաց վճարելու վերաբերյալ։ Ընկերությունը պատրաստ է մշակել նման մեխանիզմ` ասում է զրուցակիցս, բայց նախկինում ունեցած փորձը չի արդարացրել իրեն, բողոքների տեղիք է տվել: Հենց այդ բողոքները հաշվի առնելով՝ «Ղարաբաղ Տելեկոմը» մշակել է անսահմանափակ համացանցի սակագներ։
 
«Ինչ վերաբերում է ֆիքսված համացանցի որակին, ապա մենք դրա հետ կապված խնդիրներ չենք արձանագրել։ Եթե ունեք բողոքներ և գանգատներ, խնդրում ենք տրամադրել մեզ՝ ուսումնասիրելու համար»։
 
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սպասարկման կենտրոնների աշխատանքային գրաֆիկը նույնն է մնացել՝ տեղեկացնում է Իրինա Սարգսյանը: Անկախ ամեն ինչից՝  աշխատակիցներն անում են իրենցից կախվածը՝ բաժանորդների սպասարկումն արդյունավետ կազմակերպելու համար։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ