Ապրիլի 16, 2024

Գարնանացանը՝ մարտահրավեր կամ երբ հարևանդ սադրիչ է

By Սրբուհի Վանյան Մարտի 06, 2023

Արցախում գարուն է, և գյուղատնտեսական-դաշտային աշխատանքների մեկնարկին զուգահեռ ադրբեջանական կողմն ակտիվացել է՝ հողագործների ու գյուղտեխնիկայի ուղղությամբ կրակ բացելով՝  խոչընդոտելով գարնանացանին։ Վերջին օրերին կրակահերթի տակ է հայտնվել Մյուրիշեն և Բերդաշեն համայնքների հողատարածքներում աշխատող գյուղատնտեսական տեխնիկան։ Գյուղացիները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքն ու դուրս գալ տարածքից։Ադրբեջանի նպատակները պարզ են՝ ասում է գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը․ փորձում են ահաբեկել արցախցուն՝ նաև հոգեբանական ճնշման միջոցով թույլ չտալով արարել սեփական հողում, խնդիրներ ստեղծելով բոլոր ոլորտներում։ Ինչպե՞ս են փորձում լուծել խնդիրը՝ Վիլեն Ավետիսյանը պարզաբանում է․

«Ոչ ոք երաշխավորված չէ․ այն տարածքներում, որտեղ ռիսկերը բարձր են, ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ ենք փորձում իրականացնել։ Մեր ժողովուրդն արարող, ստեղծող ժողովուրդ է և, չնայած սադրանքներին, աշխատում է։ Ներկայում հիմնականում իրականացվում են հողային նախապատրաստական աշխատանքեր, տեղ-տեղ՝ ցանքս»։

Չնայած սադրանքներին՝ գարնանացանն ընթանում է ըստ պլանավորածի․ հակառակ դեպքում կկանգնենք պարենային լուրջ ճգնաժամի առաջ՝ ասում է Վիլեն Ավետիսյանը։

«Խնդիրներ ունենք և՛ վառելիքի, և՛ սերմացուի հետ։ Նախարարությունը փորձում է հնարավորինս լուծում տալ դրանց, եղած պահուստներից կազմակերպվում է դրանց տրամադրումը՝ ըստ ներկայացված հայտերի։ Նաև աջակցում ենք որոշ ջերմոցային տնտեսությունների»։

Շրջափակման պատճառով գարնանացանի կազմակերպումն ուղեկցվում է բազմաթիվ խնդիրներով․ նախարարությունը փորձում է եղած ռեսուրսներով կազմակերպել այն՝ կատարելով նաև հողօգտագործողների առջև ունեցած պարտավորությունները։

«Այս տարվա ծրագիրը որոշակիորեն վերանայվել է, աջակցության չափերը տարբեր են, փոփոխություն է կատարվել նաև ցանքատարածության սահմանված չափերի մեջ։ Ստացվում է՝ ավելի փոքր ցանքատարածություն ունեցող հողօգտագործողները կարող են օգտվել աջակցությունից։ Փորձելու ենք հնարավորինս բարձրացնել մեր պարենային անվտանգության մակարդակը։

«Փոխնախարարն ասում է, որ շրջանառության մեջ դրված աջակցության ծրագրերը վերաբերում են ցանքաշրջանառությանը, ջերմոցային տնտեսություններին, այգեգործությանը և գյուղատնտեսական նշանակության տարածքներում ենթակառուցվածքների բարելավմանը։ Ցանքաշրջանառության խթանման ծրագիրը ենթադրում է գարնանացան սերմերի տրամադրում, հիմնականում՝ անհատույց։ Բացառություն է կազմում եգիպտացորենի ու հաճարի սերմացուի տրամադրումը։Նշված ծրագրով միջոցառումներ կան բանջարեղենի մշակությամբ զբաղվողների համար։Այս տարի գերատեսչությունը վերանայել է աջակցության ծրագրերը․ փոփոխությունները կատարվել են հօգուտ հողօգտագործողի, նպատակը՝ որ ավելի շատ մարդ կարողանա օգտվել ծրագրից, և Արցախում հնարավորինս շատ հող մշակվի։

«Հայտերի ընդունումը դեռ ընթացքում է, վերջնաժամկետն ապրիլի 1-ն է։ Դրանից հետո կարող ենք խոսել նաև մակերեսների մասին»։

Ավելացե՞լ է,  արդյոք, հողօգտագործողների թիվը, թե՞՝ ոչ՝ Վիլեն Ավետիսյանը դժվարացավ ասել․ հայտերի ընդունումը դեռ ավարտված չէ, բայց, այո, ճգնաժամը թողել է իր հետքը նաև մարդկանց հոգեբանության վրա։ Անցած ծանր ձմեռը ստիպել է վերանայել իրենց մոտեցումները հողագործության նկատմամբ նաև հասարակ մարդկանց, այս տարի հավանաբար շատերը կմշակեն իրենց տնամեձ հողամասերը՝ սեփական կարիքները բավարարելու համար։

«Ավելի շատ կարտոֆիլ են ուզում ցանել,  խոսքը  փոքր տնային տնտեսությունների մասին է, և նախարարություն դիմում են ավելի շատ կարտոֆիլի սերմացուի համար։ Վերջին տարիներին  տնամերձերը շատ չէին մշակվում, իսկ շրջափակումից եզրակացություններ արել են մեր հայրենակիցները»։

Փոքր տնտեսությունները, ստացվում է, դասեր քաղել են։ Իսկ պետությու՞նը։ Փոխնախարարի խոսքով՝ պետական մակարդակով էլ աշխատանքներ կատարվում են, որպեսզի նման մարտահրավերները, ինչպիսին այս շրջափակումն է, ավելի հեշտ դիմագրավենք։

«Պետական մակարդակով էլ աշխատանքներ տարվում են։ Նշել եմ, որ  նվազագույն շեմը բանջարեղենի մշակության համար իջեցվել է, դա նշանակում է, որ ավելի շատ պիտի մշակվեն։ Նաև առանձին աշխատանքներ են տարվում մեծածավալ մշակություն իրականացնող  հողօգտագործողների հետ։  Պարենը հնարավորինս պահուստավորվելու է»։

Ներկա պահին ռեսուրսները սահմանափակ են․ շրջափակման և ադրբեջանական սադրանքների պատճառով գարնանացան աշխատանքներ իրականացնելը վերածվել է մարտահրավերի, երբ ստիպված ենք լինում հաշվի նստել անվտանգային ու բազմաթիվ այլ ռիսկերի հետ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ